15 Նոյեմբեր 2013, 09:29
2465 |

Երևանյան աղբի երգը

Երևանի սիրուն տղա, քեզ եմ ես կանչում, արի բահով, աղբատարով, զուր ես ամաչում: Տար հասցրու ինձ աղբանոց, կոպիտ ասած' զիբիլանոց, մայթ ու բակից հավաքիր, փողոցներից դատարկիր: Դե շուտ հասի, այ տնաշեն, Նուբարաշեն, Սովետաշեն ինձ տար թափի' փտում եմ, մի ճար արա' հոտում եմ: Քաղքի աղբ եմ ես շարքային, տնական, կենցաղային, կուտակվել եմ յաբախտի, արժանացել չար բախտի, ով ինչ ասես, որտեղ ասես օգտագործել'շպրտել է, ճմռթել' նետել, վիժել' տրորել, կծել'գցել, ծծել'թքել, գոյացրել իր բաժին կես կիլո աղբը հանապազօրյա ու թողել թափված՝ ի նշան խոզության մարդկային, զի բիլ է երկինքը, և զիբիլ երկրիս երեսին ամենայն հայոց, ամեն:

Վույ, աման-ամեն, մաման՝ աղբաման, էն աղբահան սիրուն տղի ջանին մեռնեմ, կանչս լսեց, առավոտ շուտ' զանգը հնչեց: Ծը՛լնգ-ծլը՛նգ, զանգ ու զրընգ, մաշինեն եկավ կամաց-կամաց, կանգնեց ամեն դռան դիմաց: Հե՜յ, ժողովուրդ, քնից ելեք, զիբիլն եկավ, բերեք թափեք, ձերբազատվեք, պրծեք ինձնից, ես էլ' ձեզնից, էրթամ հասնեմ մըր աղբանոց: Հանեք տներից հոտած ուտելիք ու մնացորդներ' կրծած խնձոր, բանանի կլեպ, ձվի կճեպ, ձկան գլուխ, սատկած առնետ, անպետքական կահ-կարասի, մաշված գորգեր, կոտրված սպասք, անպոչ գդալ ու անատամ պատառաքաղ, հին տեխնիկա' խփած, անսարք ու տրաքած, ճղած շոր-շիրթ, քուրջու-փալաս, քրքրված կոշիկ, ծակ ոտնաման, թե ձեր տանը ճստլո կա' լիքը պամպերս, թե կա ծխող' լիքը քնթուկ, իսկ թե խմող' դատարկ շշեր (չէ, մի րոպե, շիշը փող է' չգցեք, տարեք հանձնեք, օղի առեք), էլ որն ասեմ, էլ որը' խոտան, թերմացք, նստվածք, խաշամ, քուր ջան, ախպե՜ր, արագացրեք, բերեք թափեք, մաշնեն գնաց կամաց-կամաց, զիբիլը մնաց ձեր դռան դիմաց:

Վույ, աման-աման, իսկականից' դլե յամա՜ն, հայ աղբի բախտի տերը ես հողեմ, իմ գրկում անտակ անեմ սևատակ: Մեծ աշխարhքի չորս ծակերում իմ նմաններին տեսակ-տեսակ բաժնեցին, թուղթ ու շուշեն ջոկ արին, մետաղ ու լոմ մեկ արին, հատ-հատ տարան մշակեցին, ինձանից օգուտ արեցին, մի տեղ որդին կերցրին' հումուս արին, հողին տվին, երկրին պարարտ նյութ հասցրին, մի տեղ ընենց վառեցին, տաքություն արին, ջեռուցում տվին, ըսկի օդն էլ չաղտոտեցին: Աղբահորս արևը վկա, հայ աղբի նման անբախտը չկա, բայց թե էսօր եթե սկսեմ հայոց աղբի ողբը կապել, կեղտաջրերս կհոսեն մինչև էգուց:

Ջհանդամ թե ինձ տեղը տեղին մշակող չկա, փոխարենը' լիքը քրքրող, մեջս քչփորող, եղած-չեղածս տակնուվրա տվողներ կան. էս մի հարցում մենք աշխարhքից հետ չենք մնում: Չինաստանում աղբամանի մեկ երրորդը մյաո ազգության «կողոպտիչների» բաժին է դառնում, որոնք շրջում են նաև դռնեդուռ' մեջքներին հսկա ծղոտե զամբյուղ: «Բուի-դոի», ասել է թե' շնչավոր փոշի. էդպես են ասում հեռու Վիետնամի թափառական ճիժ ու պիժին, որ ապրում են աղբի հաշվին, շրջում խմբերով, տնետուն անցնում, մեկումեջ էլ մարտի բռնվում իրենց նման թայֆեքի դեմ: Թունիս ու Լիմա, Դելի ու էլի մի շարք տեղերում զիբիլի գործին ազգուտակով են կպնում, շատերն ապրում են հենց աղբանոցում' ընտանյոք հանդերձ, իրենցից բացի' հավ ու խոզ պահում: Մեխիկոյում մի չքավոր, աղբ քչփորող «պեպենադորես» («քչփորել» իսպաներեն բառից)' Ռաֆայել Մորենոն իր փեշակով միլիոն դիզեց, դարձավ թափոնի իսկական արքա, աղբանոցների տիրակալ, զիբիլի վաճառական, կեղտի զորավար, որ իր փառքի գագաթնակետին 20 հազարանոց «պեպենադորեսների» բանակ ուներ, իսկ նրա վարձկան «կաբոսները» (վերակացուներ) իր սեփական աղբանոցներում բանակային կարգ ու կանոն էին հաստատել, բայց մնացորդի այս թագավորին անցած դարի 87 թվին մի օր սպանեցին: Ի՞նչ երկարացնեմ, ո՞վ չգիտի' քանի մարդու տուն եմ պահում, որ մեջս քուջուջ են անում, օրվա ապրուստն ինձանից հանում. նրանք շատ են բյուր-բյուրավոր, ասում են, թե ողջ մարդկության մի տոկոսը կամ անգամ' երկու:

Իմ աղբահան սիրուն տղա, որոշ տեղեր մարդ արարածն առանց քեզ էլ հնար ունի յոլա գնալ. արհեստական քամին փչում, իր տան եղած ողջ զիբիլը խողովակով աղբահորին է հասցնում: Էս տեսակ աղբուղի դեռ սրանից կես դար առաջ շվեդները փորձարկեցին: Բարսելոնի թաղերում կան, Կոպենհագենի կենտրոնում, Նյու Յորքի մեջ ու հատկապես շատ են Ստոկհոլմում, ուր 85 օդամղիչ սպասարկում է հարյուր հազար շենք-շինություն: Դու հանգիստ կաց, քշի գնանք, շուտով հասնենք Նուբարաշեն, քո գործը կա ու կլինի, քանի մարդիկ երևում են Երևանում հնամենի:

Հա՜յ սիրուն տղա, քո աղբահան ջանին մեռնեմ, զուր ես ամաչում, էն քո սիրուն սև աչերը իզուր ես կախում: Կեղտոտ գործդ շատ օգտակար ու մաքուր է, պատվավոր ու կարևոր է: Հիմա արդեն աղբամաններն անվավոր են, կափարիչով, գլորվում են, տեղադրվում աղբատարիդ հետնամասի հատուկ կռունկին ու ինքուրույն բարձրանում են, շուռ են գալիս, թափքը լցվում ու ճզմվում: Բան չեմ ասում, էլի ծանր է, կեղտահոտը՝ միշտ քթիդ մեջ, ծուռ հայացքները' թիկունքիդ: Ամեն աղբաման մի քիչ վտանգ ունի իր մեջ' էլ ասեղ ու սուր-կտրող մետաղ կամ ջարդած շուշա, թունավոր լուծույթ ու անդուր գազեր:

Ամերիկացիք հաշիվ են արել, որ գործդ շատ էլ վտանգավոր է. 100 հազար աղբահանից 46-ը գործի բերումով նաղդ մահացող է, ուրեմն' երեք անգամ ավելի, ուշադի՜ր կարդա, քան ոստիկանինն ու հրշեջինը: Ապրես, բերեցիր, տեղ հասցրեցիր, դեթափիր գնամ, ես իմ ճամփով, դու' քո արևն ածելու: Արա՛, վա՛յ, վա՛յ, ա՛յ տնաշեն Սովետաշեն, Նուբարաշեն, լցվել են' հետ են տալիս, բռնվեք' հետ եմ գալիս ձեր տները, ձեր բակերն ու փողոցները: Թափոնի սարեր, ձեր դոշին մեռնեմ, ապրելը ձև չի, հետ գնացեք, թե չէ, որ հասա, ձեզնով ի վեր կտարածվեմ ու կարկատան դրոշ դարձած՝ հենց գագաթին կծածանվեմ որպես աղբի հաղթանակի վկայություն: Թե կան սարեր կան և ձորեր, հայոց ձորեր ձեզնով ի վար ես կսահեմ ու կլցնեմ իմ պլաստիկե ողջ գոյությամբ լեռնաշխարհը էս հինավուրց: Կընկնեմ քամու բերանն իբրև սև կամ կապույտ ցելոֆաններ կամ որպես պլաստմաս, գուցե ալյումին, կգրավեմ դաշտ ու անտառ:

Արտադրական թափոնի հետ կիջնեմ ջրի հատակը, էլ չի անցնի վտանգը: Մեթան գազի հետ երկինք կհառնեմ, թե կարիք լինի՝ հենց Երևանի գլխին օզոնի շերտը կծակեմ ու կդառնամ առաջին հայ տիեզերագնացը, հերն էլ անիծած, որ էս երգի վերջին տողը հեչ հանգավոր չի, բայց հարկավոր է կրկներգին հասնել ու վերջին անգամ բարձրաձայն ասել' արա՛, վա՛յ, վա՛յ, իսկականից' վա՛յ:

Հ.Գ. Երևանի սիրուն ընթերցող, իմ հին ու նոր էջերին գուցե մի նոր, ավելի ուրախ երգ գրվի, եթե աղբարկղի փոխարեն ինձ ուղարկես մակուլատուրա' վերամշակման, միայն էդպես կարող ենք խուսափել երբևիցե աղբանոցում միմյանց հանդիպելու հեռանկարից:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2013

 

Այս թեմայով