13 Նոյեմբեր 2013, 12:00
3742 |

Հայկական սինագոգը

Սերգեյ Դովլաթովը դարձավ դասական հենց որ Խորհրդային միությունում հրատարակվեց նրա առաջին գիրքը: Սկսվեց դովլաթամոլությունը: Նրա գրքերն ունեին այնպիսի մեծ տպաքանակ, ասես ոչ թե արձակ էին, այլ արագ հարստանալու ուղեցույց: Նույնիսկ գրականությունից ամենահեռու մարդիկ հասկացան, որ ի հայտ էր եկել Զոշչենկոյի ու Չեխովի մակարդակի վարպետ: Այդ ժամանակ Դովլաթովն արդեն մեկ տարի հանգչում էր Նյու Յորքի գերեզմանոցում:

Սերգեյ Դովլաթովն այդքան չի գրել, որքան գրել են իր մասին: Նրա ամբողջ արձակը տեղավորվում է երեք միջին չափի հատորում: Հիմնական գործերի ցանկն էլ հազիվ գրավում է երկու-երեք տող՝ «Ճամպրուկ», «Կոմպրոմիս», «Արհեստ», «Բերդ», «Մերոնք», «Օտարերկրուհին», «Մասնաճյուղ»:
Մեկ էլ քսանի չափ պատմվածք:

Նրան չի կարելի հավատալ
Նրա ընկեր, գործընկեր Ալեքսանդր Գենիսի «Դովլաթովն ու շրջակայքը» հուշերը, ըստ իս, նրա մասին գրված լավագույն գործն է: Նոր էր լույս տեսել Պետերբուրգի Հինգերորդ ալիքի հեռուստահաղորդումների հիմա վրա գրված Աննա Կովալովայի ու Լև Լուրյեի գիրքը, հրատարակվել են Դովլաթովի նամակները, հոդվածները, նույնիսկ ավտոպատասխանիչում թողած նրա ձայնագրությունները: Այսինքն՝ առաջացավ պաշտամունք, այն էլ ոչ թե մահից հարյուր տարի հետո, ինչպես հաճախ լինում է Ռուսաստանում, այլ հիմա, երբ կենդանի են Դովլաթովին ճանաչած շատ մարդիկ՝ գրողներ, լրագրողներ, բաժակակիցներ, նույնիսկ կերպարներ, քանի որ նրա գրքերը հիմնականում բնորդներ են ունեցել:

Հուշավիպագիրների սիրած զբաղմունքն իրերի իրական պատկերը վերականգնելն է: Փաստաբանության տեսանկյունից Դովլաթովին չի կարելի հավատալ: Օրինակ՝ կնոջ հետ ծանոթությունը պատմում է գրեթե յուրաքանչյուր գրքում ու ամեն անգամ այլ կերպ: Ելենա Դովլաթովան հավաստիացնում է, որ այդ տարբերակներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը:

Գրաքննադատներն իզուր չեն դովլաթովյան գրելաոճն անվանում «դիցաբանական ռեալիզմ»: Նա իր կյանքից ստեղծեց տասնյակ, միգուցե հազարավոր առասպելներ, ընդ որում՝ այնքան վառ, որ դրանց կողքին իրականությունը թվում է տաղտուկ ու անգույն:

Մեկ երրորդով՝ հայ
Ծնվել է Ուֆայում, կյանքի մեծ մասն ապրել Լենինգրադում, վերջին տասներկու տարին՝ Նյու Յորքում: Երբեք շատ ուշադրություն չէր դարձնում ազգային խնդիրներին, քանի որ կիսով չափ հայ էր, կիսով չափ՝ հրեա, ազգանունն էլ համապատասխան՝ Դովլաթով-Մեչիկ:

Էթնիկ հարցերը նրան հետաքրքրում էին զուտ գրական առումով: Հայ ազգականներին են նվիրված «Մերոնք» գրքի գրեթե կեսն ու «Էնտուզիաստների դեմարշ» շարքի մի քանի պատմվածք: Միջազգայնականության ու միաժամանակ անհեթեթության գագաթնակետը «հայկական սինագոգն» է, ուր պատրաստվում է գնալ նրա հերոսներից մեկը:

Դովլաթովը երբեք չի եղել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Իսրայելում: Մարդիկ՝ անմիտ ու զավեշտալի, բռնկուն ու վեհ, նրան շատ ավելի էին հետաքրքրում, քան Էթնիկ յուրահատկություններն ու ազգային մշակույթները, առավել ևս՝ զբոսաշրջային վայրերը: Դովլաթովի շուրջը կային շատ հայեր ու հրեաներ՝ Պյոտր Վայլ, Վահրիճ Բախչանյան, Նաում Սագալովսկի, Գրիգորի Պոլյակ, Հրանտ Մաթևոսյան… Սակայն դա արդեն Ամերիկայում էր, որտեղ նման բաները սովորաբար այդքան չեն կարևորում:

«Երբեք չեմ զգացել, որ պատկանում եմ ինչ-որ ազգի, - հարցազրույցում ասաց Դովլաթովը գրող Վիկտոր Երոֆևին: - Հայերեն չեմ խոսում: Միևնույն ժամանակ՝ երբայերեն էլ չգիտեմ, հրեական միջավայրն ինձ հարազատ չէ: Ու մինչև վերջին ժամանակները հայերի խնդիրներն ինձ համար նույնն էին, ինչպես հնդիկներինն ու չինացիներինը… Բայց վերջերս մի գրական խորհրդաժողովում ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ամենևին նման չէ ինձ. իսկական հայ է, խենթանում է հայրենիքում կատարվող ամեն ինչից: Այնքան ամաչկոտ է, անկեղծ, բարի, լրիվ ասես հրեշտակ լինի: Ընկերանալով՝ սկսեցի շատ բաների նայել նրա աչքերով… Նրա հանդեպ տածած սերն էր, որ իմ մեջ առաջացրեց որոշ հայկական զգացմունքներ»:

Ազգային խնդիրներին անտարբեր Դովլաթովն ամենուր սուր էր ընկալում մարդկանց՝ Ռուսաստանում, Էստոնիայում, Ամերիկայում՝ որտեղ էլ լիներ, բայց դժվարանում էր որոշել սեփական ազգությունը: Սրա համար հնարել էր շատ խորամանկ, բայց ճշգրիտ ձևակերպում՝ մասնագիտությամբ՝ ռուս: «Մասնագիտությունս ռուս հեղինակ լինելն է», - ասում էր նա: Արյան բաղադրությունը որոշում էր է՛լ ավելի ինքնատիպ կերպով: «Մեկ երրորդս հրեա է, մեկ երրորդս հայ, մեկ երրորդս ռուս…»

Հետաքրքիր է, որ Դովլաթովի ընկեր ու զինակից Իոսիֆ Բրոդսկին նույնն ասում էր իր մասին՝ ռուս բանաստեղծ, ամերիկացի էսսեիստ: Ազգության ու դավանանքի հարց չէր ծագում:

«Բերնին էլ կարար կպցներ»
«Կովկասը նրան առավել էր հուզում, քան Իսրայելը», - գրում է Ալեքսանդր Գենիսը: Սա հեշտ է բացատրվոմ: Դովլաթովն ամբողջ կյանքն ապրեց թիֆլիսահայ մոր՝ Նորա Սերգևնայի հետ. ծնողները բաժանվել էին, երբ դեռ երեխա էր:

Մայրը երիտասարդ տարիներին ուզում էր լինել դերասանուհի, բայց կարճ ժամանակ հետո թողեց թատրոնն ու ամբողջ կյանքն աշխատեց որպես սրբագրիչ: Հիշողություններից դատելով՝ Նորան տիրատենչ, խելացի մարդ էր ու հրաշալի զրուցակից: Այսքանին գումարվում էր նաև ռուսերենի հոյակապ իմացությունը. «уборная»-ի փոխարեն «туалет» ու «есть»-ի տեղը «кушать» ասողը դադարում էր գոյություն ունենալ նրա համար:

Նրան ճանաչողները վստահեցնում էին, որ Դովլաթովն իր պատմությունները վերցրել էր մորից: Նորա Դովլաթովայի հետ մեկ ժամ զրույցից հետո հանգիստ կարող էիր վեպ գրել: Այս պնդումը ճիշտ է առնվազն «Մերոնք» (ենթավերնագիրը՝ «Ընտանեկան ալբոմ») վեպի դեպքում: Մայրը միակ աղբյուրն էր, որտեղից Դովլաթովը կարող էր քաղել պատմություններ հայ ազգականների մասին:

Թեպետ այստեղ էլ Դովլաթովն առասպելացնում է փաստերն իրեն բնորոշ ձևով: Ստեփան պապը (հետաքրքիր է՝ ինչու Ստեփան ու ոչ Սերգեյ, եթե պապի անունը Սերգեյ էր) նրա գրչի ներքո վերածվում է Աստծո հետ մենամարտող տիտանի. հենց այդպես՝ ո՛չ ավելի, ո՛չ պակաս:

«Նրան նույնիսկ Կովկասում էին համարում բռնկուն: Կինն ու երեխաները սարսռում էին հայացքից: Եթե պապը չէր հավանում ինչ-որ բան, խոժոռվում էր ու ցածր ձայնով ասում՝ աբանամա՛տ»:

Կովկասցի պապի ռուսերեն հայհոյանքը հնչում էր հմայախոսության, մութ ուժերի կախարդանքի պես:

Աստծու հետ կապված պատմությունը հետևյալն էր. Թբիլիսիի երկրաշարժի ժամանակ պապը մնացել էր տանը: Պատերը քանդվել էին, բայց ողջ էր մնացել: «Աստծո հետ մենամարտը ոչ ոքի եղավ», - գրում է Դովլաթովը: Զարմանալի՛ կերպար: «Նրա հայացքից կանայք ձեռքերից գցում էին ամանեղենը… Երբեմն ուսերին նստում էին սերմնագռավներ…» Սա արդեն ոչ թե ընտանեկան այլբոմ, այլ Իլիական է, Մահաբհարաթա է, Հին կտակարան: Էպոս՝ ազգակիցների մասնակցությամբ…

Ի դեպ, Դովլաթովն ինքը նման էր դյուցազունի՝ բարձրահասակ, շագանակագույն մազերով, բեղ-մորուքով: Փողոցում նրա հետևից միշտ նայում էին: Այդպիսի արտաքինով ուզես էլ՝ չես թաքնվի: «Սև ու վախենալու, ծիրան ծախողի նման», - այսպես էր նկարագրում ինքն իրեն ծանոթներին:

Քաղաքում զբոսնելիս ոտքերի մոտ վազում էր փոքր ֆոքստերյեր Գլաշան, որին նույնպես նկարագրել է «Ընտանեկան ալբոմում»: Այս զույգին հեռվից ճանաչում էին պետերբուրգյան բոլոր գարեջրատներում: Այսօր էլ են հիշում: Մի անգամ Պետերբուրգում ծանոթացա Դովլաթովի բաժակակիցների հետ: Յուրօրինակ նկարագրեցին նրան, «Մռայլ, ինքնավստահ, կարող էր բերնին էլ կպցնել: Բայց աշխատում էին հետը գործ չունենալ: Իրա նման մեկի հետ կռվես, թե Թայսոնի՝ նույն բանն է»:

Գլխավոր բառն այստեղ «մռայլն» է: Դովլաթովի պատմությունները փայլում են հումորով, սակայն իրական կյանքում նա քիչ էր ծիծաղում, հաճախ ընկնում էր ընկճախտի մեջ: Այստեղ կա ինչ-որ տարօրինակ օրինաչափություն. լավագույն կատակասերները ինչ-ինչ պատճառներով խոժոռ մարդիկ են: Հայտնի է, որ մեծն Զոշչենկոն տխուր մարդ էր, տառապում էր մարդատյացության նոպաներից: Դովլաթովը հենց այս պարադոքսի հիմքն էր ուզում պարզել՝ պատմելով հայ պապի մասին: «Հաճախ ուզում եմ հասկանալ՝ ինչու էր պապս այդքան մռայլ: Միգուցե չէ՞ր ընդունում աշխարհի դրվածքը՝ ընդհանրապես կամ մասամբ: Օրինակ՝ տարվա եղանակների փոփոխությունը, մահվան ու կյանքի հաջորդականության անխախտելիությունը, երկրագնդի ձգողությունը, ծովի ու ցամաքի հակադրությունը: Չգիտեմ…»

Ոչ ոք չգիտի: Գլխավոր հարցերը չունեն պատասխան: Բայց մարդ հենց դրանց մասին էլ ուզում է խոսել:

Նույնիսկ ամերիկացին է հասկանում
Դովլաթովի կյանքը կառուցվեց անհեթեթության կանոններով: «Ես՝ հրեայի ու հայուհու որդիս, - գրում էր նա, - բախտի կամոք դրոշմվեցի էստոնական ազգայնականության կնիքով»: Էստոնիայի նկատմամբ տածում էր հատուկ սեր՝ թեպետ Տալլինում ապրեց միայն մի քանի տարի: Աշխատում էր «Խորհրդային Էստոնիա» թերթում, փորձում գիրք հրատարակել: Իհարկե, այս մտահղացումը չիրագործվեց: Հրատարակության վերջին փուլում շարվածքը ցրվեց: Հօդս ցնդեց որպես գրող հաստատվելու վերջին հույսը:

Նրա բախտն ընդհանրապես անընդհատ չէր բերում: Խմբագրություններից շարունակ ստանում էր մերժումներ՝ թեպետ իր գործերում չկար հակախորհրդային ոչինչ: Խնդիրն այն է, որ այնտեղ չկար նաև խորհրդային որևէ բան: Հակախորհրդայինն ու խորհրդայինը նրա համար հավասարապես հեռու էին նորմայից: Այս պատճառով նրան ո՛չ պաշտոնյաներն էին սիրում, ո՛չ էլ ռադիկալ դիսիդենտները, բայց երկրպագում էին կարդացողներն ու ընկերները:

Դովլաթովն անտեսում էր գաղափարախոսությունը որպես ժամանակավոր ու անէական երևույթ: Ըստ նրա հայեցակարգի՝ մարդիկ ցանկացած վարչակարգի ներքո մնում են մարդ: Միշտ էլ հնարավոր է ստորաքարշել ու սիրել, դավաճանել, սխրագործել, հարբել ու պատմել անեկդոտներ:

Նույնիսկ ծառայությունը ճամբարի հսկողությունում չհամոզեց Դովլաթովին, որ մարդկանց կարելի է բաժանել անմեղների ու մեղավորների, «մերոնքականների» ու «ուրիշների»: «Բերդի երկու կողմերում սփռված էր նույն անշունչ կյանքը», - գրում է նա «Զոնայում»: Նրա ընկալմամբ հսկիչները թե՛ խոսքով, թե՛ պահվածքով, թե՛ բարքերով քիչ են տարբերվում դատվածներից: Նրանցից ցանկացածը կարող էր փոխարինել փակի տակ ապրողներին:
Նույն կերպ էլ այլ հանգամանքներում յուրաքանչյուր դատված կարող էր լինել հսկիչ:

Դովլաթովի կյանքում նույնպես հանգամանքները դասավորվում էին բավական տարօրինակ կերպով: Հասցրեց ծառայել որպես հսկիչ, նույնիսկ որոշ ժամանակ նստեց բանտում Ամերիկա գնալուց առաջ: Հորաքույր Մառա Դովլաթովայի միջոցով ծանոթ էր իր ժամանակի լավագույն գրողների՝ Յուրի Գերմանի, Վերա Պանովայի, Դանիիլ Գրանինի հետ… Ընդ որում, երկար տարիներ չէր կարողանում տպել իր գործերը: Նույնիսկ գավառական խմբագիրներն էին մերժում նրա ձեռագրերը: Լինելով հոյակապ ոճաբան՝ ստիպված էր օրավարձով ապրուստ վաստակել բազմատիրաժ թերթերում:

Զավեշտային զուգադիպությամբ Ամերիկայում նրան ընդունեցին միանգամից: Դարձավ ԱՄՆ ամենահեղինակավոր գրական ամսագրի՝ «Նյու Յորքերի» մշտական հեղինակը: «Նյու Յորքերը» մինչ այդ տպում էր միայն մեկ ռուս արձակագրի՝ Վլադիմիր Նաբոկովի գործերը: Հանկարծ պարզվեց, որ ճամբարների ու կոմունալկաների, խորհրդային բիստրոների ու ընդհատակյա հանճարների մասին գրող Դովլաթովի պատմվածքները հարազատ են ամերիկացի ընթերցողներին: Սա մի անգամ էլ ապացուցեց Դովլաթովի խոսքերը. «Օվկիանոսի երկու կողմում էլ մարդիկ ունեն նույն ուրախություններն ու դառնությունները»:

Հավակնությունների բացակայությունը դարձնում էր գրավիչ: Ի տարբերություն դիսիդենտների մեծ մասի՝ Դովլաթովը ոչ մեկին ուղղություն չէր տալիս, չէր քարոզում գաղափարներ: Ուղղակի պատմում էր՝ ինչպես են ապրում մարդիկ. խմում են, դավաճանում կանանց, խոսում հիմարություններ, կռվում ղեկավարության հետ, վախենում մենակությունից ու գիշերն անքուն մնում վատ մտքերից: Այս ամենը հասկանում էր նույնիսկ ամերիկացին:

Դովլաթովի պարզ ու ժողովրդավար արձակն ունեցավ մեծագույն հաջողություն. շատ էին հրատարակում, թարգմանում եվրոպական լեզուներով: Սակայն այս ամենը նրան այդքան էլ չէր ուրախացնում. գիտեր, որ իր իսկական ընթերցողը Ռուսաստանում է, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ում: Այդ պատճառով շատ ավելի հետաքրքրված էր ռուսալեզու ընթերցողների հետ կապված բոլոր հարցերով: Ուներ հաղորդումների շարք «Ազատություն» ռադիոալիքում, խմբագրում էր գաղթականների «Նոր ամերիկացի» շաբաթական հանդեսը: Գաղթականների ինքնարար հրատարակչություններում չնչին տպաքանակով տպում էր իր գրքերը, Ամերիկայում անդադար ելույթ ունենում ստեղծագործական երեկոներում:

Նրան պաշտում էին Նյու Յորքի հայտնի ռուսական թաղամաս Բրայթոնում: Այստեղ ընթերցողներից բացի գտնում էր նաև կերպարներ: Թեպետ կերպարներ գտնում էր ամենուր՝ լենինգրադյան բոհեմում, Պուշկինի արգելոցում, խմբագրություններում ու խոհանոցներում: Գտավ նաև Բրայթոնում, երբ գրում էր «Օտարերկրուհի» վիպակը՝ ռուսական Ամերիկային նվիրված միակ գիրքը:

Շատերն էին Դովլաթովից նեղանում՝ մանավանդ, որ իր կերպարներին տալիս էր հաճախ իրական մարդկանց անուններ: Բայց այդպիսին էր նրա արձակի բնույթը՝ առասպելացնել իրական կյանքը. չէր կարող աշխատել առանց իրական, փաստացի հիմքի: Կերպարների նախատիպերը կարդում էին նրա գրքերն ու սկսում պիտակավորել՝ բանսարկությո՜ւն, սո՜ւտ, անհեթեթությո՜ւն… Շատ էին ուզում հավատալ, որ Դովլաթովը գրում էր բնորդներով, ուզում էին փնտրել վավերագրական նմանություն: Միգուցե, իրոք, գրում էր բնորդներով, բայց ստեղծում էր ոչ թե փաստաթղթեր, այլ գրականություն:

Մի ժամանակ ապրում էինք լեռներում…
Ամբողջ գաղթական կյանքը տեղավորվում էր մի անկյունում: Ռուսական «Մոնյա-Միշա» խանութի հաճախորդները այցելում էին Դովլաթովներին ու հետո բացելով նրա նոր գիրքը՝ ճանաչում իրենք իրենց: Իհարկե, կային բացառություններ: Դրանցից մեկը վերևում նշածս «Էնտուզիաստների դեմարշն» էր: Դովլաթովն այն գրել էր Նաում Սագալովսկիի ու Վահրիճ Բախչանյանի հետ միասին: Լույս տեսավ 1985-ին Փարիզի «Սինտաքսիս» հրատարակչությունում: «Դեմարշում» Դովլաթովի այսպես կոչված «էքսցենտրիկ» պատմվածքներն էին. զավեշտախաղ էր, ոճի ցուցադրում: Գեղասահորդների մրցույթներում կա ազատ ծրագիր՝ իմպրովիզի, վարպետության ցուցադրության պես: Նման մի բան էլ Դովլաթովի համար այս փոքր պատմվածքներն էին:

Դրանցից մեկի հերոսը «Մելբուրնի Օլիմպիական խաղերում «Ռուսական առյուծ» մականունը ստացած» Ժյուլվերն Խաչատուրյանն է, մյուսում՝ Հայաստանի խանդավառ ու հեգնական օրհներգը: «Մի ժամանակ ապրում էինք լեռներում», - գրում է Դովլաթովը, - հիմա խցկվում ենք կոոպերատիվներում… Մի ժամանակ ավելի սևացած էինք: Օրերով պառկում էինք Սևանի ափին: Սիրուն աղջիկ էինք տեսնում, փորի վրա տաշեղով գրում էինք սիրո խոսքեր:
Մի ժամանակ ձի էինք հեծում, իսկ հիմա լխճորվում ենք տրոլեյբուսներում ու քնում ոտքի վրա: Մի ժամանակ իջնում էինք մառան, հիմա վազում ենք մթերային: Լեռների փոխարեն նախընտրեցինք նորակառույցների դիքերը: Նեղացնում ենք մեր կանանց ու կրակ անում պարկետի վրա: Բայց մի ժամանակ ապրո՛ւմ էինք լեռներում»: Պարզ չէ՝ ինչն է այստեղ գերակաշռում՝ հեգնա՞նքը, հպարտությո՞ւնը, ափսոսա՞նքը կորուսյալ ռոմանտիկայի ու անցած ժամանակների մաքրության նկատմամբ …

Այս մասում պետք է կարճ անդրադառնալ Դովլաթովի համահեղինակներին: Նաում Սագալովսկին գրող-երգիծաբան էր, «Նոր ամերիկացի» թերթի աշխատակից: Դովլաթովը մեջբերում է իր գրքերում նրա տողերը: «Հրեական ժողովրդական հեքիաթներ» նախագծի (պատմվածքներից մեկը կոչվում է «Ռեբե հավիկը») և «Հրեական մորթով դյուցազուն» հավաքածուի հեղինակ:

Վահրիճ Բախչանյան… Հեշտ չէ սահմանել նրա գործունեությունը: Նկարի՞չ. այո՛, այն էլ բավական հաջող: Բախչանյանի ծաղրանկարները մի ժամանակ զարդարում էին «Գրական թերթի» վերջին էջը: Զավեշտագի՞ր՝ իհա՛րկե: «Ծնվել ենք, որ Կաֆկային դարձնենք իրական» աֆորիզմի հեղինակը նա է: Խորհրդային տարիներին այս խոսքն է՛լ ավելի արդիական էր:

Բախչանյանին անվանում էին վերջին ֆուտուրիստ: Հիրավի, նրա մտահղացումներից շատերն են էպատաժային: Բավական է նշել նրա «Սոլժենիցինի հարյուր ազգանվանակիցները» ալբոմը… Բախչանյանն էր, ով կեղծանուն հնարեց Էդուարդ Սավենկոյի համար: Մի ժամանակ, երբ երկուսն էլ ապրում էին Խարկովում, խորհուրդ տվեց ընկերոջը ստորագրելիս ներկայանալ «Լիմոնով» հնչուն ազգանվամբ: Այդպես էլ մնաց…

Պիեսներ, բանաստեղծություններ, անեկդոտներ… Բախչանյանը գրում էր բոլոր այս ձևաչափերով: Էքսցենտրիկ անձնավորություն, ով ամբողջովին համապատասխանոմ էր Դովլաթովի էքսցենտրիկ պատմվածքներին:

Դովլաթովն իրեն Սագալովսկիի ու Բախչանյանի տարօրինակ միջավայրում զգում էր ինչպես ձուկը՝ ջրում: Հրեա բանաստեղծ, հայ նկարիչ ու 90-ականների գլխավոր ռուս արձակագիր… 90-ականներ, որոնք նա, ցավոք, չտեսավ:

Սերգեյ Դովլաթովի «Նոթատետրերից»
Մեջբերումներում պահպանվել է հեղինակի կետադրությունը

Նկարիչ Կոպելյանին դատում էին ալիմենտներ չվճարելու համար: Տվեցին վերջին խոսքի իրավունք: Այսպես սկսեց.
- Քաղաքացի՛ դատավոր, պաշտպաններ… կիսապաշտպաննե՛ր ու հարձակվողնե՛ր…

Էդիկ Կոպելյանը երկարատև ու թունդ հարբեցողության մեջ էր: Սերյոժա Վոլֆը սկսեց նրան բուժել, տարավ քաղաքից դուրս:
Կոպելյանը անվստահ քայլերով դուրս եկավ էլեկտրական գնացքից: Տագնապահար նայեց շուրջբոլորն ու հանկարծ մատով ցույց տալով՝ խելակորույս գոռաց՝
- Նայի՜, նայի՜ , ծի՜տը…

Մեր հարևան Ալպերովիչն ասում էր.
- Ես ու կինս որոշեցինք օգնել հայերին. հավաքեցինք իրեր ու տարանք Հ ԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԱԳՈԳ:

Խաչատուրյանը եկել էր Կուբա: Հանդիպեց Հեմինգուեյին: Պիտի մի կերպ իրար հասկանային: Խաչատուրյանն ինչ-որ բաներ ասեց անգլերեն: Հեմինգուեյը հարցրեց.
- Անգլերեն խոսո՞ւմ եք:
Խաչատուրյանը պատասխանեց.
- Մի քիչ:
- Բոլորիս նման, - ասաց Հեմինգուեյը:
Որոշ ժամանակ հետո Հեմինգուեյի կինը հարցրեց.
- Ինչպե՞ս կարողացաք անգլերենն արտասանել:
Խաչատուրյանը պատասխանեց.
- Լսողությունս լավն է:

Գաղթականների միջավայրում սկսեցինք խոսել մեր երեխաների մասին: Մեկը թե.
- Մեր երեխաները դառնում են ամերիկացի. չեն կարդում ռուսերեն: Ահավո՛ր է: Դոստոևսկի չեն կարդում: Ո՞նց են կարողանալու ապրել առանց Դոստոևսկիի:
Ու բոլորը բացականչեցին.
- Ո՞նց են կարողանալու ապրել առանց Դոստոևսկիի:
Նկարիչ Բախչանյանը պատասխանեց.
- Պուշկինն ապրում էր ու ոչինչ՝ վատ չէր:

Մի անգամ ասեցի Բախչանյանին.
- «Կոմպրոմիս» անունով վիպակ ունեմ: Ուզում եմ գրել շարունակությունը, բայց դեռ չեմ մտածել անուն:
Բախչանյանը հուշեց.
- «Կոմպրոմիսիս»:

Բախչանյանը հուշեց թերթի երգիծական բաժնի անվանումը՝ «Արխիպելագ Գուդ Լաք»:

Լսելով, որ դիետա եմ պահում, Բախչանյանն ասաց.
- Դովլաթովը նիհարում է՝ անխղճորեն մաշելով փորը:

Բախչանյանն ասում էր ինձ.
- Դու հրեա ես հայի էությամբ:

Վլադիմիր Յակովլևը Մոսկվայի ամենատաղանդավոր նկարիչներից է, Բախչանյանի պնդմամբ՝ ամենատաղանդավորը: Ի դեպ, Բախչանյանը Յակովլևին երկար ժամանակ համարում էր լրիվ առողջ: Մի անգամ ասաց նրան.
- Եկե՛ք գրեմ Ձեր հեռախոսի համարը:
- Գրե՛ք՝ մեկ, երկու, երեք…
- Հետո՞:
- Չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը…
Յակովլևն այդպես հասավ հիսունին:
- Հերիք է, - ընդհատեց Բախչանյանը: - Կզանգենք իրար:

Մի անգամ հարցրեցի Բախչանյանին.
- Հայ ե՞ս:
- Հա՛յ եմ:
- Հարյուր տոկոսանո՞ց:
- Նույնիսկ հարյուր հիսուն:
- Էդ ո՞նց:
- Նույնիսկ մեր խորթ մայրն էր հայուհի:

«Ереван» ամսագիր, N6-7, 2009

Այս թեմայով