Արագաշարժ, բարեհամբույր և ընդգծված համեստ. այսպիսին է մեկ տարի առաջ Սիրիայից հայրենիք վերադարձած 25-ամյա Մանո Բադիգյանը: Մանոն երաժիշտ-ոսկերիչ է, նա հաջողացրել է համատեղել իր մեջ արվեստն ու արհեստը: 15 տարեկանում` դպրոցին զուգահեռ, հաճախում էր ոսկերչական դասընթացների, որոնցից անմիջապես հետո նվագում էր երաժշտական հարվածային գործիքների վրա:
Որոշ ժամանակ անց Մանոն ընկերների հետ խումբ կազմեց, սկսեցին հենց Սիրիայում հանդես գալ ռեստորաններից մեկում: Տղաները գրպանի փող էին վաստակում հարսանեկան երգեր երգելով: Սակայն Մանոն այլ երազանքներ ուներ, որոնք անմիջականորեն կապված էին հայրենիքի հետ: «Միշտ ուզում էի Հայաստան գալ, բայց մայրս ասում էր`մի շտապիր, ամեն ինչ իր ժամանակին»:
Հայաստանի «ժամանակը» սարերի հետևում չէր, Սիրիայում թափ առավ նախապատերազմյան առաջին ալիքը, ու Մանոն հասկացավ, որ ճիշտ ժամանակն է վերադառնալ հայրենիք, կյանքը կառուցել նոր տողից՝ արդեն Հայաստանում:
«Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ, ընդամենը մեկ շաբաթում կարգավորեցի անձնագրիս հարցերը և մի քանի ժամ հետո ոտք դրեցի Հայաստան: Առաջինն, ինչ զարմացրեց ինձ, այսքան շատ հայախոսներ՝ մեկ վայրում տեսնելն էր: Անկարող էի զսպել հիացմունքս… », - Մանոյի առաջին տպավորությունները Հայաստանից:
«Չնայած անսահման ոգևորվածությանը՝ սկզբում կյանքը Հայաստանում դժվար էր, անհասկանալի, Մանոն ոչ մի ընկեր կամ բարեկամ չուներ, սակայն օգնության հասավ քրոջս համադասարանցին, որն առաջարկեց իր հետ բնակվել`կիսելով տան վարձը: Բնակարանի հարցը քիչ թե շատ լուծելով` Մանոն սկսեց փորփրել համացանցը` աշխատանք գտնելու նպատակով: Մի քանի տեղ դիմեց, ի վերջո, զանգեցին և հարցազրույցի հրավիրեցին: Առաջին աշխատատեղը հայրենիքում վաֆլիի արտադրամասն էր: «Waffle house-ում սկզբում վաֆլի էի թխում, հետո այնքան հմտացա, որ սկսեցի զբաղվել դրանց դիզայնով: Շատ էի աշխատում, առավոտյան 9.30-ից մինչև կեսգիշեր: Շատ փող չէի ստանում, բայց երջանիկ էի, որ արդեն ունեմ սեփական գործ»:
Աշխատանքին զուգահեռ Մանոն զբաղվում էր երաժշտությամբ, հաճախում դասընթացների: Նրա նպատակասլացությունն ու աշխատասիրությունը և ամենակարևորը` հաջողության հասնելու ձգտումը զարմացնում էին հատկապես ազգականներին, որոնք շարունակում էին ապրել Սիրիայում:
«Մերոնք զարմացել էին, որ ես կարողացա այդպես արագ հաստատվել Հայաստանում, ավելին` աշխատանք գտնել, սկզբում լուրջ չէին վերաբերում և մտածում էին, որ շուտով կվերադառնամ Սիրիա»,- պատմում է Մանոն:
Սակայն նա ոչ միայն չվերադարձավ, այլև աշխատանքին զուգահեռ սկսեց զբաղվել նաև երաժշտությամբ, հաճախում դասընթացների: Ու շուտով ճակատագիրը նրան ստիպեց կայացնել կարևոր որոշում. նա պետք է ընտրեր կամ աշխատանքը, կամ երաժշտությունը: Ընտրեց վերջինը: «Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, համոզված էի, որ պետք է ընտրել երաժշտությունը: Եվ չսխալվեցի»,-ասում է Մանոն:
Մանոյի ընկերներից մեկը նրան խորհուրդ տվեց գնալ «Մալխաս» ջազ ակումբ և ծանոթանալ հենց Լևոն Մալխասյանի հետ: Մանոն հիշում է, որ երկար ժամանակ պտտվում էր Պուշկին փողոցով` չհամարձակվելով ներս մտնել:
«Այնուամենայնիվ մտա, հարցրի մաեստրոյին: Ասացին, որ սրահում է: Մոտեցա, ներկայացա ու ասացի, որ հարվածայինների վրա եմ նվագում, առաջարկեցի լսել ինձ»:
Վարպետը հավանեց Մանոյին, ու շատ չանցած նա սկսեց նվագել «Մալխաս» ջազ ակումբում: «Ինձ ուղղված առաջին ծափահարությունները լսել եմ հենց այդ ակումբում, աննկարագրելի զգացողություն էր», - ասում է Մանոն:
«Մալխաս» ակումբը նախադուռ էր, շուտով մեկը մյուսի հետևից Մանոն ստացավ տարբեր խմբերում հանդես գալու հրավերներ: «Ընկերներիցս մեկի առաջարկով միացա նորակազմ Jazz trio խմբին: Նվագում էինք տարբեր փաբերում, ես գոհ էի ու երջանիկ, զբաղվում էի իմ սիրած գործով»,- պատմում է Մանոն: Jazz trio-ից հետո Մանոն միացավ Ska Jipsy band-ին, իսկ հիմա նրա երաժշտությունը կարելի է լսել ChiGapo & The Untouchables խմբի ելույթների ընթացքում:
«Հայաստանյան երիտասարդները միանգամից ուզում են միլիոններ աշխատել, բայց դա հնարավոր չէ: Պետք է սկսել քչից, կատարած աշխատանքը երբեք ոչ մի տեղ չի անհետանում, այն անպայման կգնահատվի, ես հավատում եմ դրան, իմ հետ հենց այդպես եղավ», - հայրենադարձ Մանոն լի է լավատեսությամբ:
Ի դեպ, նրա ընտանիքը ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան: Սակայն ընտանյոք հայրենադարձության որոշում դեռ վարանում են կայացնել: Նրանք դեռևս չեն հարմարվել այդ գաղափարի հետ` ի տարբերություն Մանոյի, ով իր ապագան արդեն տեսնում է միմիայն Հայաստանում: