Կասկադը զարմանալի վայր է, այստեղ կողք-կողքի ապրում են երկու բացառիկ թանգարաններ՝ երկու հայտնի հայերի անձնական հավաքածուների հիման վրա ստեղծված: Մեկը գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուն ներկայացնող 2009-ից գործող Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է, մյուսը` ավելի պակաս հայտնի, սակայն ավելի վաղ պատմություն ունեցող Ռուսական արվեստի թանգարանը: Այն բացվել է 1984-ի նոյեմբերի 19-ին` Խորհրդային Միությունում և արտասահմանում մեծ համբավ վայելած բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածուի հիման վրա:
Կրեմլի արվեստասեր բժիշկը
Արամ Աբրահամյանը ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում հայտնի բժիշկ-գիտնական էր: Մեծ է նրա վաստակը հատկապես բժշկագիտության ասպարեզում՝ մոտ 150 գիտական աշխատություն: Սակայն պաշտոնները, կոչումները և բժշկի պրակտիկ աշխատանքը Արամ Աբրահամյանի հասարակական, տեսանելի կյանքն էին, որին զուգահեռ բժիշկն ապրում էր միայն մտերիմներին հայտնի երկրորդ կյանքով: Հանրահայտ բժիշկը կերպարվեստի մեծ սիրահար և նուրբ գիտակ էր, ինչի շնորհիվ էլ ստեղծվեց այս ինքնատիպ հավաքածուն: Ժամանակակիցները պատմում են, որ Աբրահամյանների բնակարանը արվեստի աշխարհ էր հիշեցնում: Ասում են՝ բարձրարժեք կտավները զավթել էին բնակարանի պատերը:
Դժվար չի կռահել, որ նման բնակարանում պիտի հյուրընկալվեր նաև արվեստասեր էլիտան: Այդ բնակարանի հյուրերն էին Ավ. Իսահակյանը, Եղ. Չարենցը, Մ. Սարյանը: Հենց վերջինն էլ նրան «հայ Տրետյակով» անունով կնքեց: Հատկանշական է, որ այցելուներին հիացնում էին ոչ այնքան սքանչելի կտավները, այլ դրանց տերը՝ Արամը, որը հափշտակված ներկայացնում էր դրանցից յուրաքանչյուրը: Ժամերով, առանց հոգնության: Հենց այդ կտավներն էին տիրոջ երկրորդ կյանքի իմաստը: Այն շարունակվեց Երևանում' Իսահակյան 38 հասցեում գտնվող Ռուսական արվեստի թանգարանում:
Մինի Տրետյակովկա Երևանում
Խորհրդային Միության տարիներին արվեստում ռեալիզմը հասել էր պարզեցրած նմանակման և կույր պատճենման: Իրական արվեստի մեծ սիրահար պրոֆեսոր Արամ Աբրահամյանը գեղեցիկի իր պատկերացումներին համապատասխան արվեստի գործեր սկսեց փնտրել ռուսական արվեստի արծաթե դարի' 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական կերպարվեստում: Իրականում այդ ժամանակ ոչ ոք լրջորեն չէր հետաքրքրվում այդ գործերով, և Արամը փորձեց փրկել դրանք այնպես, ինչպես մարդկանց էր փրկում իր առաջին կյանքում՝ բժշկության մեջ: Նա փնտրում էր, ընտրում կտավները, մանրակրկիտ ստուգում, ցույց տալիս արվեստաբաններին ու նկարիչներին, հաճախ էլ՝ ուղարկում վերականգնման:
Մասնավորից՝ ընդհանուր
Տարիների հետ Աբրահամյանը դարձավ ռուսական և խորհրդային գեղանկարչության գիտակ ոչ թե սիրողական, այլ փորձագետի մակարդակով: Ստեղծեց այդ շրջանի ռուսական գեղարվեստի հայտնի ռուս գեղանկարիչներ Ալ. Բենուայի, Ն. Ռերիխի, Կ. Կորովինի, Մ. Վրուբելի, Բ. Կուստոդիևի, Ս. Սուդեյկինի, Ն. Սապունովի, Վ. Սերովի, Մ. Նեստերովի, Պ. Կուզնեցովի, Ե. Լանսերեի, Պ. Կոնչալովսկու և այլ ականավոր վարպետների գլուխգործոցները մեկտեղող հավաքածու: Այն իր բարձր արժեքի շնորհիվ ավելին էր, քան պարզապես մասնավոր ձեռքբերումը: Ստանալով հանրային ավելի լայն ճանաչում ունենալու իրավունք՝ Աբրահամյանը 1984-ին Երևանին նվիրեց իր սիրելի հավաքածուն: 350-ից ավելի գեղարվեստական նմուշներից, իհարկե, հեշտ չէր բաժանվել: Տարիների ընթացքում կուտակած հարստության մասին հարցազրույցներից մեկում («Սովետական Հայաստան» 15.05.1984) պրոֆեսորն ասել է. «Մեր ժողովուրդը սիրում է արվեստը, իսկ ես ցանկանում եմ, որ նոր սերունդն ավելի սերտ շփվի նոր դարաշրջանի գաղափարներն արտահայտող ռուսական արվեստի հետ, որն օգնում է մարդուն ավելի բարի ու մարդկային լինել»:
Ռուսական արվեստի թանգարան այցելությունը առիթ է ոչ միայն գեղեցիկի հետ շփվելու, այլև բացահայտելու մեծ հայրենասերի բացառիկ կերպարը: