Ինչպիսի՞ն կլինի Կոնդը ապագայում: Այս հարցը առաջին տասնամյակը չէ, որ կանգնած է քաղաքային իշխանությունների առջև: Դեռ 1980-ականներին անցկանցվել էր մրցույթ՝ թաղամասի վերակառուցման լավագույն նախագծի համար: Հաղթող էր ճանաչվել Արշավիր Աղեկյանի տարբերակը: Իսկ արդեն 2011-ից իրենց ծրագիրն են մշակում Սևադա Պետրոսյանն ու Սարհատ Պետրոսյանը:
Արշավիր Աղեկյան
Քաղաքի սկզբնական գլխավոր հատակագծերից սկսած Կոնդի վերակառուցման հարց ընդհանրապես չի դրվել: Երևանի գլխավոր հատակագծերում թաղամասի կառուցապատումը կոմպլեքսային լուծում չստանալով' դարձել է քաղաքի պրոբլեմատիկ հանգույցներից մեկը:
1985 թվականին ես մասնակցեցի Կոնդի վերակառուցման մրցույթին: Իմ նախագիծը հաղթող ճանաչվեց: 1986-87 թվականներին կատարվեց թաղամասի վերակառուցման մանրամասն հատակագծման նախագիծը: Ըստ դրա, Սարյան, Լեո, Պարոնյան փողոցների երկայնքով նախատեսվում է բնակելի զոնա: Այն իրենից ներկայացնում է տերասաձև ներքին բակերի համակարգ, որի շուրջ համախմբված են տները' օգտագործվող կանաչապատ կտուրներով: Այդ բակ-կտուրներն իրականացված են ազատ հատակագծման սկզբունքով' ռելիեֆին ներդաշնակ:
Կոնդի բարձունքի միջնամասում' մոտ 5 հեկտար տարածքում, նախատեսվում էր հասարակական կենտրոն հիմնել: Մեր նպատակն էր Երևանի'արդեն քանդված ժողովրդական ճարտարապետության օրինակներով վերստեղծել հին Երևանի հավաքական կերպարը' վերակառուցելով գոյություն ունեցող արժեքավոր տները և լրացնելով փողոցները: Վերակառուցվող բակերի շուրջը համախմբված տները նախատեսվում էր օգտագործել որպես արվեստանոցներ, ժողովրդական վարպետների արհեստանոցներ, խեցեգործական, մետաղի դրվագման, փայտամշակման, ոսկյա և արծաթյա իրերի պատրաստման, ցուցադրման և վաճառքի սրահներ: Նախատեսվում էր նաև բիզնես կենտրոնների ստեղծումը' սրճարաններ, ռեստորաններ, բարեր և այլն: «Դվին» հյուրանոցի հյուսիսային հատվածի վերակառուցվող տներում տուրիստական կենտրոն էր լինելու' բակերի շուրջը համախմբված ծավալներով: Այն զբաղեցնելու էր մոտ 3 հեկտար տարածք:
Կարծում եմ, արևելյան շուկա հիշեցնող աշխույժ միջավայրը կդառնար զբոսաշրջիկների ցանկալի վայր, ինչպես Մոն-Մարտրը Փարիզում կամ Բարսելոնի «Մեր Քաղաքը»' կառուցված 1929 թվականին՝ ցուցահանդեսի շրջանակներում: Չնայած Բարսելոնի պահպանված հարուստ պատմական ժառանգությանը, կա-տալոնացիները ավելորդ չհամարեցին 3 հեկտար տարածքում' բարձունքի վրա հավաքել տարբեր շրջանների կառույցների կրկնօրինակները և վերստեղծել քաղաք, որն արդեն 80 տարի է հիացնում է այցելուներին:
Հին թաղամասերի վերակառուցումը ամենուրեք նպատակ է հետապնդում պահպանել և սերունդներին փոխանցել անցյալի ոչ միայն եզակի կառույցներն, այլև ժողովրդական ճարտարապետության օրինակները' բնակելի թաղամասեր և նույնիսկ քաղաքն ամբողջությամբ վերցրած: Այսպիսով' Կոնդի վերակառուցումը, կարծում եմ, յուրաքանչյուրիս բարոյական ու քաղաքացիական պարտավորությունն է:
Երևանում շատ թե քիչ պահպանված թաղամասերից Կոնդն է, որն իր վրա կարող է վերցնել պատմամշակութային ֆունկցիա: Մեզ հասած այդ թաղամասն ունի ուշ միջնադարյան կառուցապատման հենք: Հենվելով Կոնդի տարերային կառուցապատման, մասշտաբի և տարածության կազմակերպման միջնադարյան ոգու վրա, նախագիծը նպատակ էր հետապնդում ստեղծել ժողովրդական ճարտարապետության հավաքական կերպար: Այդպիսով, Կոնդը բերդաքաղաքի կվերածվեր: Պատմական հարուստ անցյալ ունեցող, բայց իրական ապացույցներից զուրկ քաղաքամայր Երևանում այս խնդիրն առավել հրատապ է: Ժամանակի ընթացքում ոչնչացնելով պատմական-գեղարվեստական արժեքները' մենք մեզ զրկում ենք բնականոն զարգացումից:
Սևադա Պետրոսյան
2004 թվականին գործընկերոջս' Սարհատ Պետրոսյանի հետ սկսեցինք հետաքրքրվել Կոնդով, քանի որ, մեր կարծիքով, այս տարածքը Երևանում պահպանված ինքնաբուխ քաղաքաշինական միավորի լավագույն օրինակն է: Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն հիմնեցինք, մեր ընկերներն էլ միացան մեզ: Փորձեցինք սևեռել մարդկանց ուշադրությունը ոչ միայն Կոնդի բնակիչների վատ կենցաղային պայմանների, այլ նաև այս տարածքի ճարատարապետական կարևորության վրա:
2011 թվականի վերջին, երբ վերակազմավորվեց «ՈւրբանԼաբ Երևանը», մենք կրկին անդրադարձանք Կոնդի խնդրին: Որոշեցինք հետազոտություն անցկացնել, որովհետև այդ տարածքի վերաբերյալ նյութերը սահմանափակ են: Մեզ միացան կամավորներ, տեղում միասին ուսումնասիրություններ կատարեցինք:
Մենք Կոնդի վերականգնման նախագիծը երկու փուլով ենք իրականացնում: Առաջինը' հետազոտական փուլ, որի ընթացքում բացահայտում ենք Կոնդի յուրահատկություններն ու արդյունքում պատասխան ենք տալիս հետևյալ հարցին' ինչո՞ւ է արժեքավոր և ինչո՞ւ է պետք պահպանել Կոնդը: Նախագծի երկրորդ մասը կոչվում է Կոնդի պահպանման և վերակենդանացմանն ուղղված առաջարկների փաթեթ: Բնակիչները պետք է անմիջականորեն մասնակցեն այդ գործընթացին, նախ' ստանալով թույլտվություն սեփական գույքը տնօրինելու և բնակարանները վերանորոգելու վերաբերյալ: Սակայն պարտադիր են ուղղորդիչ սահմանափակումները, որպեսզի չվնասվեն պատմական շերտերը:
Ուսումնասիրությունների ընթացքում մոտավոր գնահատել ենք տարածքի վիճակը, օգտագործված շինանյութերը, տեսողական և որակական արժեքները: Սակայն դա բավականին բարդ գործընթաց է, որովհետև տարածքի քաղաքաշինական հյուսվածքը և շինությունները մաշված են, իսկ բնակիչները, չնայած որ այստեղ ապրող չորրորդ սերնդի ներկայացուցիչներն են, համարյա անտեղյակ են տարածքից: Դժվարություններից մեկն էլ այն է, որ նախագիծը պատվիրված չէ. ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով ուսումնասիրությունների փուլը ժամանակավոր դադարեցվեց:
Չենք ուզում պաշտոնապես ներկայացնել ու շատ խոսել մեր նախագծերից, քանի դեռ կոնկրետ որոշումներ չկան: Յոթ տասնամյակից ավելի է, ինչ Կոնդի բնակիչները սպասում են, որ իրենց շուտով «կփրկեն»: Ուսումնասիրությունները ավարտելուց հետո կներկայացնենք նախագիծը հանրությանը, Կոնդի բնակիչներին, իշխանություններին և շահագրգիռ բիզնես ոլորտի ներկայացուցիչներին: Նախևառաջ, մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե ինչպես կնայվեին Կոնդի տները, եթե բնակիչները հնարավորություն ունենային խնամել դրանք, եթե թաղամասում սրճարաններ, խանութներ գոյություն ունենային: Պատրաստել ենք արդեն մի քանի էսքիզային տարբերակներ, ներկայացնելով նաև համեմատական, օրինակ' Վենետիկի նեղ փողոցներում գտնվող տների հետ: Տարբերությունը միայն այն է, որ Վենետիկում գտնվող տները խնամված են: Այս ամենը մեծ ներդրումներ չի պահանջում' միայն օրենսդրական թույլտվություններ:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2013