Միօրինակությունից ձանձրանալով՝ քայլերն ուղղում է վայրեր, որտեղից ավանդույթի հոտ է առնում ՝ վերնիսաժ, ավտոշուկա, Բանգլադեշի, Ֆիրդուսիի և Երևանի մյուս շուկաները:
Թեհրանում ծնված, Երևանում բնակվող Այդին Դավուդին հպարտությամբ է խոսում իր արիական արմատների մասին. հայրական կողմից՝ պարթևական, մայրական կողմից՝ կովկասյան արյուն է ժառանգել: Եվ քանի որ մոր ընտանիքի տոհմածառն ամբողջությամբ բացահայտված չէ, Այդինը չի բացառում, որ իր երակներում հոսող արյան մեջ կարող են նաև որոշ հայկական հետքեր լինել:
Փոքրուց Այդինը հաճախել է երաժշտական կրթօջախներ. կոմպոզիցիայի հիմունքներին ծանոթացել է դեռևս մանկապարտեզում, իսկ դպրոցն ավարտելուց հետո կրթաթոշակ ստացավ՝ ուսումը շարունակելու Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: Սակայն հոր հորդորով մեկնեց Հայաստան՝ ընդունվելու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
Հայրական տանը մշտապես հնչել է չորս ոճի երաժշտություն՝ պարսկական ժողովրդական, հայկական ժողովրդական, դասական և ռոք: Այդինի երաժշտական ճաշակը ձևավորվել է այդ միջավայրում: Հայերենի հետ առաջին ծանոթությունն էլ մանկության տարիներին էր՝ հայկական երգերի ու ֆիլմերի, հետո նաև իրանահայ ընկերների շնորհիվ: Այդուհանդերձ, մինչ Հայաստան գալը հայերենով կարող էր արտաբերել ընդամենը երեք արտահայտություն' «բարև, այստեղ կանգնեք, գարեջուր»: Երևանում հայերեն յուրացնելը դարձավ առաջնային խնդիր, որը հաղթահարելու համար պահանջվեց ընդամենը երեք ամիս:
Հայաստանը երիտասարդ երաժշտին ոտքից գլուխ ստեղծագործական կյանքում թաթախվելու հնարավորություն ընձեռեց. այստեղ ապրած իննը տարիների ընթացքում գրել է մի քանի ֆիլմի երաժշտություն, եղել է «Նաիրի» ռոք խմբի երգիչը: Այսօր ունի իր խումբը՝ «Այդին Դավուդի ԱրտԱ»-ն, որտեղ ստեղծագործում է հարազատ ընկերների միջավայրում: Այդինի համար Հայաստանը մի կողմից տարիների ընթացքում ձեռք բերած ընկերներն են, մյուս կողմից՝ երկրի հողը, ջուրն ու աուրան: Առհասարակ, Այդինը Հայաստանում իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում:
Նրա կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սթիվը՝ լայկա ցեղատեսակի շունը: Մոտ երկուսուկես տարի առաջ իրագործեց սպիտակ գայլ ունենալու վաղեմի երազանքը: Փոքրիկ գայլուկին կնքեց Սթիվ Ջոբսի անունով, հուսալով, որ կժառանգի ոչ միայն անունը:
Երաժշտական գործիքներն Այդինի տարերքն են: Տասը տարեկանից սկսել է նվագել ձեռքի տակ ընկած ցանկացած գործիք՝ հարվածային, փողային, լարային, ու զգացել է, որ ամենից շատ իրեն դուր են գալիս էթնիկ երաժշտական գործիքները: Այդինի հավաքածուում դրանց թիվն այսօր քսանից անցնում է:
Երևանն Այդինի ականջին հնչում է Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի երաժշտության ելևէջներով: Ու հենց այդ մեղեդիներն են նրան առաջնորդում թափառելու քաղաքի սիրելի վայրերում: Իսկ երբ ձանձրանում է միօրինակությունից, քայլերն ուղղում է վայրեր, որտեղից նա ավանդույթի հոտ է առնում ՝ վերնիսաժ, ավտոշուկա, Բանգլադեշի, Ֆիրդուսիի և Երևանի մյուս շուկաները: Առհասարակ, երբեք նախապես չես իմանա, թե Այդինի մտքին ինչ կա. կարող է գործն ավարտելուց հետո նստի մեքենան, ու տունդարձի փոխարեն ճամփան նրան տանի-հասցնի Սևանա կամ Պարզ լիճ: Եղանակային պայմանները ոչ մի դեպքում խանգարող հանգամանք չեն. վրանը, վերմակն ու քաղաքից դուրս գնալու բոլոր պարագաները կազմ-պատրաստ, մի քիչ էլ անհամբեր սպասում են Այդինի հերթական ճամփորդությանը:
Փորձում է Հայաստանից քիչ բացակայել. կարոտում է: Այստեղ մնալ-չմնալու պլանների մասին նախընտրում է լռել. հավատում և վստահում է ճակատագրին. այն իրեն միշտ առաջնորդում է այնտեղ, ուր պետք է: