29 Հոկտեմբեր 2013, 11:35
744 |

Աստղային կինո

Շուտով մեր մայրաքաղաքում տեղի կունենա երկար սպասված մի իրադարձություն. «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում կբացվի «Սինեմա Սթար» կինոթատրոնը: Այն կդառնա համանուն ցանցի առաջին կինոթատրոնը Ռուսաստանի տարածքից դուրս. ներկայումս ցանցի 17 կինոթատրոններ գործում են ռուսական 13 քաղաքներում: Բացի այդ, «Սինեմա Սթարը» Ռուսաստանում կինովարձույթի ամենախոշոր օպերատորների տասնյակում է: Թե ինչու և ինչպես որոշվեց երևանցիների համար նոր կինոթատրոն և կինոդիտումների այլընտրանքային վայր ստեղծել, պատմում է երևանյան «Սինեմա Սթարի» տնօրեն Հրաչյա Արշակյանը:

Ինչո՞վ էր պայմանավորված Երևանում նոր կինոթատրոն բացելու որոշումը:

— Մեր բացած 17 կինոթատրոնների շնորհիվ ֆիլմերի ցուցադրության ոլորտում արդեն բավականին մեծ փորձ ենք կուտակել: Մեր կինոթատրոնների ցանցը շարունակում է ընդլայնվել, և նպատակ կա աշխարհագրական առումով դուրս գալ Ռուսաստանի սահմաններից: Մյուս կարևոր նախապայմանը Երևանում «Դալմա Գարդեն Մոլի» բացումն էր: Մեր բոլոր կինոթատրոնները գտնվում են առևտրի կենտրոններում, և այս մեկը նույնպես բացառություն չի լինելու:

Տարածված կարծիք կա, թե Երևանում մարդիկ այնքան էլ շատ չեն հաճախում կինոթատրոն, համենայնդեպս՝ վերջին 10 տարիներին քաղաքում նոր կինոթատրոն չէր բացվել...

— Այդպիսի կարծիք գուցե և կա, բայց այն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նախքան կինոթատրոն բացելու որոշում կայացնելը մեր մաս-նագետներն այստեղ լուրջ ուսումնասիրություններ են կատարել առաջարկի և պահանջարկի տեսակետից: Քանի որ բավականին մեծ ներդրումներ են նախատեսվում, դրա համար բարենպաստ պայմանները հետազոտելն ու ճիշտ հաշվարկներ կատարելը մեզ համար առաջնահերթ է: Եվ դա վերաբերում է ոչ միայն Երևանին. նման հետազոտությունները պարտադիր կերպով կատարվում են ցանկացած քաղաքում, որտեղ նախատեսում ենք կինոթատրոն բացել:
Իրականում Հայաստանում կինոցուցադրությունը բավականին մեծ ներուժ ունի, ինչի ապացույցը հատկապես վերջին տարիներին հայկական ֆիլմերի ցուցաբերած արդյունքներն են: Եթե խորհրդային տարիներին Երևանում 15 գործող կինոթատրոն է եղել, նշանակում է՝ մարդիկ գնում էին կինոթատրոն, նշանակում է՝ այդ մշակույթը կար: Եվ մենք համոզված ենք, որ այդ մշակույթը չի էլ կորել, պարզապես հիմա «քնած ռեժիմում» է, և այդ վիճակից դուրս բերելու համար որոշակի միջոցներ է պետք ձեռնարկել:

Ի՞նչ սկզբունքով է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցն ընտրում ցուցադրվելիք ֆիլմերը: Արդյոք Հայաստանում այդ քաղաքականությունը կկրի՞ որևէ փոփոխություն:

— Ռեպերտուարի հարցում դեռևս կան որոշ նրբերանգներ, որոնք քննարկվում են, բայց ընդհանուր առմամբ Երևանում ցուցադրվելիք ֆիլմերի ցուցակը քիչ է տարբերվելու ռուսաստանյանից՝ հիմնականում կոմերցիոն: Դե, իհարկե, Երևանում ավելի շատ ժամանակ կհատկացվի հայկական ֆիլմերի ցուցադրությանը, որոնք ռուսաստանյան վարձույթում մեծ թիվ չեն կազմում: Բացի այդ, մտադիր ենք նաև թարմ ֆիլմերը ցուցադրել և՛ ռուսերեն թարգմանությամբ, և՛ բնօրի-նակով. խոսքը հիմնականում անգլիալեզու և ֆրանսալեզու ֆիլմերի մասին է, թեև համաշխարհային պրեմիերա ունեցած այլ լեզվով ֆիլմերի ցուցադրությունը նույնպես չի բացառվում: Նախնական ֆիլմացանկը և այս կամ այն ժանրի չափաբաժինը ժամանակի ընթացքում կարող է փոխվել: Այսինքն, եթե նկատենք, որ սարսափ ֆիլմերի դիտումները շատ ավելի քիչ են, ուրեմն ավելի քիչ սարսափ ֆիլմեր կբերենք, իսկ եթե կատակերգությունների պահանջարկն ավելի շատ լինի, ավելի շատ կցուցադրենք և այլն: Մենք կարևորում ենք, որ մարդիկ ոչ թե ամիսը մեկ գնան կինոթատրոն, այլ շաբաթը մեկ, որ գնան ոչ միայն աղմուկ հանած կամ երկար սպասված ֆիլմերի ցուցադրությանը, այլև ցանկացած նոր ֆիլմ առաջին անգամ հենց մեծ էկրանով դիտելու: Այդ մշակույթն ենք ուզում ներմուծել Երևանում:

Իսկ ի՞նչ կասեք գնային քաղաքականության մասին:

— Առայժմ չենք ուզում տոմսի հստակ գներ նշել: Պարզապես կասեմ, որ գները սահմանվելու են դրա համար իրականացված հետևողական հաշվարկի արդյունքում: Նկատի ենք ունեցել նաև այն գնային առավելագույն և նվազագույն նիշը, որը այստեղ մարդիկ պատրաստ են և վճարում են գործող կինոթատրոններում ֆիլմ դիտելու համար, թեև դա մեր ցանցի ընդհանուր գնային քաղաքականության վրա մեծ ազդեցություն դժվար թե ունենա: Ամեն դեպքում, մեր նախագիծը երկարաժամկետ է, այնպես որ՝ մենք լինելու ենք հնարավորինս ճկուն և փորձելու ենք համապատասխանել մեր հաճախորդի հնարավորություններին:

Ի՞նչ է իրենից ներկայացնելու Երևանի նորաբաց կինոթատրոնը:

— Այն ունենալու է 6 դահլիճ՝ 3 մեծ, 2 միջին և 1 VIP սրահ: Ընդ որում՝ ամենամեծ դահլիճները մոտ 100 հոգու համար են նախատեսված լինելու: Ե՛վ մեր, և՛ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է ունենալ մի քանի փոքր չափի դահլիճներ, որոնցում տարբեր ֆիլմեր կցուցադրվեն, և մարդիկ կունենան ընտրության հնարավորություն՝ եթե ոչ նույն պահին, ապա 15 րոպե անց դիտելու այն ֆիլմը, որը ցանկանում են: Հակառակ դեպքում, ունենալով մեկ կամ երկու մեծ դահլիճ, որոնցում ցուցադրվող ֆիլմերը կարող են չգոհացնել, հաճախորդը երբեմն ստիպված է լինում հաջորդ ֆիլմի համար գալ 2 ժամ հետո կամ ավելի հաճախ՝ չգալ:

Բոլոր դահլիճները կահավորված են լինելու հարմարավետ նստարաններով, բարձրորակ էկրանով, պրոյեկտորով, ձայնային և տեսաէֆեկտները նորագույն սարքավորումներով են փոխանցվելու. ամեն ինչ համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Գրեթե բոլոր դահլիճներում ապահովելու ենք բարձր որակի 3D ցուցադրություններ: Բացի այդ, ինչպես մեր բոլոր մյուս կինոթատրոնները, այս մեկը ևս ունենալու է մանկական խաղահրապարակ և բոուլինգ՝ կինոյին հարակից զվարճանքներ:

Ձեր բոլոր կինոթատրոնները, ինչպես նշեցիք, գտնվում են առևտրի կենտրոններում: Դա նորույթ է Երևանի համար: Ինչո՞վ է տարբերվում առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոնը անկախ վայրում տեղակայված կինոթատրոնից:

— Կինոթատրոնի յուրաքանչյուր ձևաչափ ունի իր առավելություններն ու թերությունները: Մեր՝ մինչ օրս բացված բոլոր կինոթատրոնները առևտրի կենտրոններում են տեղակայված, և այդ ձևաչափը միանգամայն արդարացրել է իրեն: Կինոթատրոնի եկամտաբերությունը մեծապես կախված է իր տեղակայման վայրից: Եթե որպես առանձին հաստատություն՝ կինոթատրոնը բանուկ վայրում չի գտնվում, ապա չի կարող ապահովել նույնքան հանդիսատեսի հոսք, որքան բանուկ վայրում, մեր դեպքում՝ առևտրի կենտրոնում տեղակայված կինոթատրոնը: Բացի այդ, առանձին տեղակայված կինոթատրոն այցելությունը սովորաբար պլանավորված է լինում, մինչդեռ առևտրի կենտրոնի պարագայում մենք փորձելու ենք անել ամեն հնարավորը, որպեսզի հաճախորդը առավելագույնը քաղի' առևտրի և զվարճանքի կենտրոն այցելությունից. ոչ միայն լավ կինո դիտի, այլև կազմակերպի իր հանգիստը մեր ժամանցի գոտում:

Եթե այս «Սինեմա Սթարն» արդարացնի ձեր սպասելիքները, հնարավո՞ր եք համարում նոր կինոթատրոնների բացումը Երևանում կամ մարզերում:

— Սա կոմերցիոն նախագիծ է, և միայն ժամանակը ցույց կտա՝ հաջողություն կունենա՞ Հայաստանում, թե՞ ոչ: Եթե արդարացնի մեր սպասելիքները, եկամտաբեր լինի, բնականաբար հետաքրքրված կլինենք հայկական շուկայում մեր ցանցն ընդլայնելու հարցում, հատկապես, որ շուկան մեզ շատ հարազատ է:

Այս թեմայով