Խոհարար Ջորջ Օդոյին առաջին անգամ հանդիպեցինք Ախթալայում՝ Խորովածի միջազգային փառատոնի ժամանակ: Հայկական խորոված պատրաստող նիգերիացին ուշադրության կենտրոնում էր, հատկապես փառատոնի գլխավոր մրցանակը շահելուց հետո: Որոշ ժամանակ անց կրկին հանդիպեցինք նրան. այս անգամ խորոված էր պատրաստում հաջորդ առավոտվա համար հարիսայի ախորժակ պահող, բայց արդեն սոված մուսալեռցիների համար: Բայց այս անգամ էլ առիթը բաց թողեցինք ու չկարողացանք մանրակրկիտ հարցախույզ անել: Հանդիպման երրորդ առիթն արդեն մեր նախաձեռնությամբ էր, նիգերացի խոհարարը հաճույքով պատմեց իր հայաստանյան կյանքի մասին:
Ինչպե՞ս ստացվեց, որ եկաք Հայաստան:
- 1998-ի օգոստոսին՝ ընկերոջս հրավերով սկզբում Ստամբուլ մեկնեցի, հետո եկա Երևան, հյուրանոցային մենեջմենթով ու մարքեթինգով էի զբաղվում: Խոհանոցը հյուրանոցային մենեջմենթի կարևոր մասն էր կազմում, և ժամանակի ընթացքում հետաքրքրությունս խոհարարության հանդեպ այնքան աճեց, որ որոշեցի զբաղվել դրանով: 2001-ից սկսած խոհարար եմ: Այսօր «Սարդարապատ» հուշահամալիրի «Հազարաշեն» ռեստորանի գլխավոր խոհարարն եմ:
Հենց սկզբից էլ փորձե՞լ եք հայկական ուտեստներ պատրաստել:
- Այո: Հենց սկզբից սկսեցի աշխատել հայ խոհարարների հետ և յուրացնել հայկական ճաշատեսակների բաղադրատոմսերը: Հայկական խոհանոցն այնքան էլ բարդ չէ, փոխարենը շատ համեղ ու կշտացնող է: Ես սիրում եմ փոխել հայկական ճաշատեսակների բաղադրատոմսերը, հավելել տարբեր սոուսներ ու համեմունքներ, որոնք հայկական խոհանոցում չկան: Այդպես խորովածի պատրաստման ժամանակ օգտագործում եմ ոչ միայն հայկական համեմունքներ՝ ցիտրոն, ռեհան, նաև սոխ, որը հատուկ է հայկական խորովածին, այլև սպիտակ սոյայի սոուս, բրնձի քացախ, ձկան յուղ, հանքային ջուր և այլն: Այդպես եմ աշխուժացնում խորովածի համը ու, ինչու չէ, տեսքն էլ:
Հայկական ո՞ր ուտեստն եք սիրում:
- Հայկական յուրաքանչյուր ճաշատեսակ յուրօրինակ է, պատրաստելուց մեծ հաճույք եմ ստանում: Օրինակ՝ խաշլաման, որը ունիվերսալ ճաշատեսակ է. Մոնղոլները դրան շատ համեմունք են ավելացնում, հնդիկները նույնպես համեմունքների սիրահար են: Իսկ հայկական ամառային խաշլաման ես շատ եմ սիրում հենց այն պատճառով, որ դրանում համեմունքները քիչ են, ինչի արդյունքում զգում ես մսի իսկական համը: Ձուկ պատրաստելիս շատ եմ սիրում թարխուն օգտագործել, թարխունը շատ յուրահատուկ համ և հոտ ունի, այն հրաշալի է համադրվում ձկան մսի հետ:
Ունե՞ք Ձեր հնարած ճաշատեսակը:
- Բոլորովին նոր ճաշատեսակ չեմ հնարել, բայց ցանկացած ուտեստ պատրաստելիս սիրում եմ փոփոխել բաղադրատոմսը, մեկ-երկու բան ավելացնել, թարմացնել համը:
Ի՞նչ կասեք աղանդերի մասին:
- Աղանդերի պատրաստման մեջ շատ չեմ խորացել, սիրում եմ զբաղվել հիմնական, տաք ուտեստների, ինչպես նաև միրգ ու բանջարեղենից աղցանների պատրաստմամբ: Առողջ ասելով՝ նկատի ունեմ տվյալ ժամանակահատվածում աճող և հասունացող միրգ ու բանջարեղենը, ոչ թե ջերմոցներում արհեստական աճեցրած, որը երբեք նույն համը չունի, ինչ բնականը:
Ի՞նչ եք պատրաստում Ձեր ընտանիքի անդամների համար:
- Ընտանիքս յուրահատուկ սեր ունի գազարով ապուրի հանդեպ, հատկապես՝ փոքր տղաս: Ինչ էլ պատրաստեմ, եփեմ-թափեմ, եթե գազարով ապուր չլինի, չի ուտում:
Հայկականից բացի էլ ո՞ր ազգային խոհանոցը կառանձնացնեիք:
- Յուրաքանչյուր ազգային խոհանոցում անհնար է, որ գոնե հինգ-վեց ճաշատեսակ չգտնվի, որոնք կհավանես: Միևնույն ժամանակ ամեն ինչ չէ, որ կմարսենք: Բայց մի քանի ճաշատեսակ վստահաբար կարող են նաև մեր առօրյա ճաշացանկում հայտնվել, այնպես որ բոլոր ազգային խոհանոցներից էլ կարող եմ ուտեստներ առանձնացնել, որոնք հավանում եմ: Հայը չի սիրում, երբ տաք ուտեստը քաղցրահամ է լինում, իսկ, օրինակ, չինացիները, թայլանդացիները հիմնական քաղցր ուտեստներ շատ ունեն, սիրում են հավի, խոզի միսը կիսաքաղցր ու քաղցր սուոսների հետ համադրել: Փոխարենը Հայաստանում սիրում են, երբ տաք ուտեստը մի քիչ կծու կամ թթու է, այդ իսկ պատճառով ես համարձակորեն հավի մսի պատրաստման ժամանակ հնդկական քարի եմ օգտագործում, որը հաճելի կծվություն է հաղորդում. հաճախորդներից դեռ ոչ ոք չի դժգոհել:
Մեր լեզուն հասկանումը ե՞ք:
- Հայերենը շատ դժվար լեզու է: Այսքան տարի սովորում եմ ու դեռ չեմ սովորել:
Որոշել եք Հայաստանո՞ւմ մնալ:
- Արդեն շուրջ 15 տարի Հայաստանում եմ ապրում, ժամանակ առ ժամանակ հրավիրում են արտասահմանում աշխատելու, բայց մեկնելուց մի քանի ամիս անց նորից ուզում եմ վերադառնալ: Չգիտեմ, զգում եմ, որ կարոտում եմ: Գուցե ես այլ երկրներում իմ աշխատանքով ավելի շատ գումար կարող եմ վաստակել, բայց այն, ինչ զգում եմ Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ չեմ զգում: Հայերի հյուրասիրությունն ու ջիգյարն ուրիշ ոչ ոք չունի: Ես ինձ օտար չեմ զգում այստեղ, շատ ընկերներ ունեմ, անգամ ավելի շատ, քան Նիգերիայում: Ամեն անգամ, երբ նորից մեկնում եմ արտասահման, հայ ընկերներիս խոստանում եմ, որ չեմ դավաճանի հայրենիքս: Այդպես էլ լինում է. միշտ վերադառնում եմ: