Այսուհետ սիրահարների այգու այցելուները կարող են իրենց ցանկությունները, երազանքներն ու իղձերը ամուր կողպել «կապելածառին», իսկ բանալին նետել հարևան լճակը:
Աշնանային արևի թույլ լույսով ողողված կանաչ սիզամարգերի վրա փայլող երեկոյան ցողիկները, կչկչացող առվակի վրա իր նավարկությունը դեպի «բաց ծով» սկսող դեղին տերևը թերևս լավագույն թերապիան է քաղաքի քաոսում ապրող գործարար մարդու համար: Դեռևս 5 տարի առաջ նման թերապևտիկ բուժման համար քաղաքը լքելու անհրաժեշտություն կար:
Հենց այդ ժամանակ մայրաքաղաքի հենց սրտում իր կանաչ առողջարանի դռները բացեց հոգու ու սրտի բուժարանը՝ «Պողոսյան Պարտեզները» կամ «Սիրահարների Այգին»:
Դեռևս քաղաքային գենպլանի մշակման ժամանակ Ալեքսանդր Թամանյանի առաջնային նպատակն էր գոտևորել մայրաքաղաքը կանաչով, որը, ըստ էության, պիտի դառնար քաղաքի «թոքերը»: Հայտնի հանգամանքների բերումով քաղաքի շնչառական ուղիները գնալով պակասեցին: Ասթմատիկ Երևանի շնչառական համակարգին նոր բաժին թթվածին էր պետք:
2006-ից լանդշաֆտային ճարտարապետության մասնագետ Պիեր Ռամբախի մասնակցությամբ ու բարերար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ սկսվեց «Սիրահարների Այգու» «վերականգնողական վիրահատությունը»:
Այդ օրից անցել է ուղիղ 5 տարի: Երևանի սիրահարներին ու Երևանին սիրահարվածներին անվճար «թթվածին» բաժանող այգին էկոլոգիական նշանակությունից զատ իր գեղագիտական կողմն էլ ունի: Լանդշաֆտային դիզայնի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան առաջին նախաձեռնությունը երևանյան չոր կլիման մեղմելու առաքելություն ունի՝ ճիշտ համադրված մարգագետիններ, արհեստական ջրվեժներ ու առվակներ, հատընտիր ծառատեսակներ և այլն:
«Պողոսյան Պարտեզներն» առաջինն էին, ով այցելուների առաջ դրեց իր «օրենսգիրքը»: Պարտեզի պահպանությանը միտված կանոնները մինչև օրս էլ գործում են անխախտ ու անխափան. մարգագետինները չեն տրորվում, իսկ աղբն էլ միշտ հայտնվում է աղբամանում:
5-ամյա պարտեզը հոկտեմբերի 18-ին առավել քան պճնվել էր: Ամենօրյա հյուրերին սովոր այգին այդ օրն իր այցելուներին քաղցր տորթ հյուրասիրեց, աշնանային անձրևներից խուսափելու համար իր հավատարիմ սիրահարներին 50-ից ավելի անձրևանոցներ նվիրեց:
Սակայն ամենահիշարժան նվերը, որն Այգին մատուցեց երևանցիներին, «կապելածառն» էր: «Պողոսյան Պարտեզների» տարբերանշանը կրկնօրինակող երկաթե կոնստրուկցիան երևանցիների համար նոր ու գեղեցիկ ավանդույթի սկիզբ դրեց: Այսուհետ սիրահարների այգու այցելուները կարող են իրենց ցանկությունները, երազանքներն ու իղձերը ամուր կողպել «կապելածառին», իսկ բանալին նետել հարևան լճակը: Այգում հավատում են, որ այդտեղ կողպված իղձերն անպայման կիրականանան:
Պարտեզի հավատարիմ հարևանները՝ Բրիտանական Դեսպանատունը, 5-ամյա այգուն նվիրեց ձնծաղիկների 101 սոխուկ, որոնք գարնանը, առաջին իսկ ձնհալից հետո, կծաղկեն «թագուհու մարգագետնում»: