Նինոն վրացական ամենատարածված անուններից է: Երևանում Նինոյի հանդիպելը վրացական նոստալգիա ապրելու լավ առիթ էր: Բայց հույսերս արդարացան կիսով չափ միայն. զտարյուն վրացուհին նաև 28 տարվա երևանցի ու շատերիցս ոչ պակաս հայ է:
Նինո Սպանդերաշվիլին ծագումով Վրաստանի Կախեթի շրջանից է: Ծննդավայր Սակոբո գյուղի միջնակարդ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պյատիգորսկում, որտեղ ուրվագծվել է նրա՝ Երևան գալու ուղին: Ուսանողական կյանքն ու կացարանը կիսում էր հայ աղջիկների հետ, որոնց միջոցով էլ ծանոթացավ ապագա ամուսնու՝ Արմենի հետ: Առաջին իսկ հանդիպումից հետո տղան ջանք ու եռանդ չխնայեց վրացուհու սիրտը գրավելու համար, անգամ նրա համար վրացերեն երգեց: Իսկ երբ սառույցն արդեն կոտրված էր, Նինոն էլ իր սերն արտահայտելու համար որոշեց հետ չմնալ. մի գիշերում սովորեց հայերեն բոլոր տառերը: Մի քանի ամսից տղան վերադարձավ Հայաստան, սկսվեց նամակագրության ու հեռախոսազրույցների փուլը: Հետո սիրո պատմությունը զարգացավ կովկասյան բոլոր չգրված օրենքների սահմաններում. փեսացուն Երևանից մեկնեց Պյատիգորսկ ու հարսնացուի ձեռքն անձամբ նրա եղբորից խնդրեց: Հաջորդիվ Արմենի ընտանիքն ուղևորվեց Վրաստան՝ հարսին նոր օջախ բերելու:
Երևանում Նինոյի համար բոլորովին օտար ու բարդ կյանք սկսվեց. ժամերով քայլում էր Երևանի փողոցներով ու երբեք որևէ ծանոթի չէր հանդիպում: Թերևս ամուսնու ծնողների ջերմ ընդունելությունն էր, որ վրացուհուն օգնեց հարմարվել նոր իրավիճակին: Շուտով ծնվեց առաջնեկը, ու Հայաստանը դարձավ հարազատ:
Այժմ նա վայելում է նաև տատիկ լինելու քաղցրությունը. երեք դուստր ու երեք թոռնիկ ունի: Արդեն լիիրավ երևանցու առօրյան հագեցած է. նրան կարելի է լսել Հանրային ռադիոյի եթերում՝ վրացերենով տեղական լուրեր մատուցելիս, հանդիպել Թարգմանչաց տանը՝ հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն նոտարական վավերացումներ անելիս, վրացական համայնքին կից գործող կիրակնօրյա դպրոցում՝ նրա անցկացրած վրացերեն լեզվի դասերին: Նինոն նաև համայնքի «Իվերիա» թերթի վրացական բաժնի խմբագիրն է:
Թեև հայերենը մայրենի չէ, բայց հայերի հետ հաղորդակցվելու խնդիրը մեկընդմիշտ լուծված է:
Նինոն խոստովանում է, որ Երևանում ապրած առաջին տարիներին շատ էր կարոտում Վրաստանը: Ժամանակի ընթացքում, հակառակ ամուսնու հույսերի, այդ կարոտն այդպես էլ չնվազեց, սակայն զուգահեռաբար ձևավորվեց մի նոր սեր՝ առ Հայաստան ու Երևան: