Կյանքի հայտնի պարադոքսներից է. երեխաներն ուզում են շուտ մեծանալ, իսկ ծերերը երանի են տալիս ջահել օրերին: Որոշեցինք միջամտել կյանքի պարադոքսին: Գոնե մեկ ժամով իրենց մեծ զգալու հնարավորություն տվեցինք Կոնդի փոքրիկներին. ինքներս զինաթափ եղանք ու նրանց հանձնեցինք մեր զենքերը: Իսկական, թանկարժեք, «մեծի» ֆոտոխցիկ նրանց ձեռքում առաջին անգամ էր հայտնվում:
Մարի Հայրապետյան
6 տարեկան
Նա սիրում է կյանքի բոլոր վառ գույները: Լարում է երևակայությունն ու անշունչ թղթերին կենդանություն տալիս: Արդյունքում նրա հավաքածուն համալրվում է կարմիր արևով, կապույտ տնակով ու տարբեր գույների դաշտային ծաղիկներով: Լուսանկարներում էլ փորձում էր ֆիքսել իրենց բակի ամենագունեղ պատկերները: Մի ժամանակ ուզում էր բժշկուհի դառնալ, հետո՝ երգչուհի, հիմա՝ վարսավիր, որպեսզի գեղեցիկ կարճ կտրվածքներ անի: Թեև իր երկար մազերը վարսավիրի գործիքին երբեք չի հանձնի:
Մհեր Սուքիասյան
3 տարեկան
Զտարյուն կոնդեցի է. հայրն էլ, մայրն էլ այս թաղերից են: Երազում է մեծանալ ու Ձմեռ պապ դառնալ: Իսկ մինչև այդ ինքն էլ է ակնկալում օգտվել հրաշագործ պապի նվերներից: Այս տարի Մհերն ուզում է դանակ նվեր ստանալ, որ պլաստիլինը կտրատի, բանջարեղենից համեղ աղցան պատրաստի: Չի բացառում, որ կհամատեղի երկու սիրած մասնագիտությունները ու արդյունքում «պովըռ Ձմեռ պապիկ» կդառնա: Ֆոտոխցիկը գործածում էր նույն սառնասրտությամբ, ինչ խոհարարը՝ իր սուր զենքը:
Փիրուզա Սահակյան
4 տարեկան
Նա «մոստ», «շպագատ» ու «ժիմ» անել գիտի: «Թեթելածիկակայով», ասել է թե՝ թեթև աթլետիկայով զբաղվող Փիրուզան բակի ամենաաշխույժ դեմքերից է: Կոնդում նրան բոլորը գիտեն, իսկ նա գիտի բոլորին: Համոզված է, որ ինքը բոլորից լավ է լուսանկարում, տեսնում է բոլոր անտեսանելի կադրերը: Մեր ականջին էլ մեծավարի փսփսում է, թե բակի երեխաներից ում կհաջողվի շատ թե քիչ ճիշտ բռնել ֆոտոխցիկը: Փոքրիկի մեծ երազանքը բժշկուհի դառնալն է: Որոշել է իր ջերմաչափով բուժել աշխարհի բոլոր հիվանդ մարդկանց: Նկատել է, որ մի քանի օր է, ինչ եղբայրը հազում է: Արդեն գործի է անցել:
Ռոբերտ Պետրոսյան
7 տարեկան
Ուզում է շուտ մեծանա, որ բանակում ծառայի ու հայրենիքը պաշտպանի: Իսկ սիրելի մարդկանց պաշտպանելու համար որոշել է բռնցքամարտիկ դառնալ: Ասում է, որ երբ իր աչքի առաջ որևէ մեկը նեղացնում է աղջկան, հաստատ անպատիժ չի մնում: Ոչինչ, որ կռիվ սարքելու մասին լուրը տնեցիների ականջին է հասնում՝ անխուսափելի հետևանքներով: Միևնույն է, գնահատում և ընդունում է հոր խրատները: Իսկ «հայր և որդի» զրույցները սովորաբար ավարտվում են շախմատի տախտակի շուրջ. ուժերը չափում են նաև ֆիգուրների միջոցով: Իր թաղամասը շատ սիրող տղան լուսանկարների միջոցով որոշեց ցույց տալ իր բակի ամենահետաքրքիր դռները, պատերն ու ծառերը:
Սուրեն Սարգսյան
9 տարեկան
Երրորդ դասարանում սովորող տղան ազատ ժամանակ քիչ է ունենում. դպրոցում դասերը երկրորդ հերթով են սկսվում, ու տուն հասնելու հետ օրն էլ ճաշ է դառնում: Բայց օրվա ցանկացած ժամին ֆուտբոլ խաղալու հնարավորությունը ձեռքից բաց չի թողնում: Մեծ ֆուտբոլի մեծ երկրպագու է: Դժվար է պատկերացնել, բայց տղան հավասարապես երկրպագում է և՛ «Բարսելոնային», և՛ Մադրիդի «Ռեալին»: Ապագա ֆուտբոլիստը հիմիկվանից ամբողջությամբ նվիրվել է սիրած գործին. բակի տղաների հետ «գնդակ են գլորում» այնքան ժամանակ, մինչև տուն կանչեն: Իսկ լավ լուսանկարներ ստանալը Սուրենի համար գնդակը ցանցում տեսնելուն հավասար նպատակ էր:
Վիկտորյա Հակոբյան
8 տարեկան
Վարդագույն հագուստ, ոսկեգույն մազեր ու կախարդական փայտիկ. Վիկտորյան երազում է գոնե մեկ օրով բարի փերի դառնալ: Եթե հրաշքը տեղի ունենա, փայտիկի առաջին հարվածով երկրի երեսին խաղաղություն կհաստատի, երկրորդով՝ բոլոր մարդկանց առողջություն կպարգևի, իսկ երրորդ հարվածի իրավունքը կշնորհի իր փոքրիկ եղբորը: Գույները երազկոտ աղջկա կյանքում ուրիշ աշխարհ են: Վերցնում է մատիտներն ու խառնում գույները, որ նոր ու բոլորին անծանոթ գույներ հայտնաբերի: Լուսանկարելիս էլ ուշադրություն էր դարձրել, որ ամենագեղեցիկը մայր մտնող արևի լուսավորությունն էր՝ դեղինի ու կարմիրի խառներանգով: