Նրանից հետո նուրի պատրաստողներ շատ հայտնվեցին, բավական է միայն շրջել վերնիսաժով ու կհամոզվեք ինքներդ, բայց մնացած նուրիների դիմագծերը ուզբեկական են ստացվում, միայն նա է գեղեցիկ հայ կին ստեղծում:
Վերնիսաժի կենտրոնական մասում կա մի սեղանիկ, որի բնակիչները ցանկություն իրականացող նուրի-տիկնիկներն են, իսկ տերն ու տիրակալը՝ Բարսելոնայում «առաջին դեմք», «ինտերնացիոնալ» համբավ ունեցող փառատոնի առաջին մրցանակակիր, բազում գեղեցիկ նուրիների հայր Ստեփան Սարգսյանը: Նուրիները շատ են վերնիսաժում, Ստեփան պապիկի նուրիները գտնելու համար ժամանակ էր պետք: Աշխատում էր, երբ մոտեցանք: Գլուխը բարձրացրեց թե չէ, հարցրեց՝ նուրիի պատմությունը գիտե՞ք, կարող եմ երգն էլ երգել:
Ավելի հետաքրքրված տեղացի կամ պարզապես արտասահմանցի լինելու դեպքում անպայման կլսեք մի երկար ու վառ պատմություն այն մասին, թե ինչպես տիկնիկագործ Ստեփան Սարգսյանը մի օր գնաց Բարսելոնա, մասնակցեց տիկնիկների միջազգային փառատոնին ու գրավեց առաջին տեղը: Տիկնիկների «հայրը» կտորների ու հին կարպետների արանքից կհանի արդեն քրքրված կատալոգը, որի առաջին էջում իր նկարն է, իհարկե՝ տիկնիկը ձեռքին: «Մեկ էլ իսպանացի մի սիրուն աղջիկ գոռաց՝ Արմենիա՜, նուրի-նուրի՜, Ստեփան Սարգսյա՜ն ու ես դուրս եկա: Ոչ ոք չգիտեր՝ Արմենիան ինչ ա, նուրին ինչ ա, հիմա բոլորը գիտեն Արմենիան էլ, նուրին էլ, ինձ էլ»,-հպարտությամբ նշում է Ստեփան պապին:
Ամեն ինչ սկսվեց, երբ մի օր ճապոնական տիկնիկ տեսավ: Ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Ստեփանը տարվեց տիկնիկներով, սկսեց ուսումնասիրել հայկական նուրիները: Կյանքը նրանց նվիրած վարպետը շոյելով տիկնիկներին՝ փոխանցում է կուտակած գիտելիքները. «Կորած էր նուրին, ոչ ոք չէր հետաքրքրվում նրա պատմությամբ, ես բացեցի գրքերը ու նորից շունչ տվեցի նրանց, ես իրանց գտա, իրանք՝ ինձ»:
Նուրիի պատրաստման տեխնիկային տիրապետելու համար Ստեփան պապիկից 20 տարի պահանջվեց: Այս աշխատանքի մեջ ամեն մանրուք կարևոր է: Նուրիների ուժն ու հմայքը կարպետների մեջ է, առանց կարպետի չի լինի նուրին: Պետք է կարպետը լցնել մաքուր բամբակով, վերջում էլ դիմահարդարել ու վարսահարդարել պատրաստի տիկնիկներին: Այս գործում հաճախ Ստեփան պապին օգնելու է գալիս թոռնուհիների երևակայությունը: Հեշտ աշխատանք է թվում, բայց մեկ տիկնիկ պատրաստելու համար հաճախ մեկ ամիս է պահանջվում: Միայն կարուձևը բավական չէ նուրիին իր առաքելությանը պատրաստ համարելու համար: Հեթանոսական ժամանակաշրջանում ծնված նուրին այսօր Ստեփան պապի ձեռքերում լիարժեք քրիստոնյա է դարձել: Մինչև գործը սկսելը Ստեփան պապը գնում է Ս. Զորավար եկեղեցի, օրհնում ասեղն ու թելը: Այսքանից հետո նա համոզված է՝ նուրին կօրհնի յուրաքանչյուրին, ում ձեռքերում կհայտնվի:
Նուրիի մասին լեգենդներ շատ կան. տիկնիկը մշտապես շրջապատված է եղել մարդկանց սիրով ու կատարել բոլորի ցանկությունները. շոգ եղանակին՝ անձրև, Ամանորին՝ գաթա, ընտանիքներին երջանկություն ու ներդաշնակություն: Նուրիի դրական հատկանիշների մեջ Ստեփան պապը համոզվել է անձամբ: Մի օր Բոստոնից մի զույգ է եկել տիկնիկագործի մոտ, տասը տարի երեխա չէին ունենում, մի աղջիկ-նուրի առան ու հեռացան: Մի քանի տարի անց վերնիսաժ վերադարձան իրենց դստեր հետ, պատմեցին, թե անգամ մտքներին եղել է անունը Նուրի դնել: Նման պատմություններ իր գնորդներից Ստեփան պապին շատ է լսում: Նուրի գնելու դեպքում կստանաք նաև կախարդական երգի բառերը: Տիկնիկը կախում եք ու երգում երգը, և ձեր ցանկությունը անպայման կատարվում է:
Հրաշքներն անպակաս են տիկնիկագործի կյանքից: Չէ՞ որ քաղաքի ամենաթեժ կետում է՝ վերնիսաժում, բայց զրույցները նրան միշտ Բարսելոնա են տանում: Աչքի պոչով էլ միշտ իսպանուհի է փնտրում: Թեև իսպանուհիների մասին Ստեփան պապը հալվելով է խոսում, սակայն նուրիներին ստեղծում է հայ կնոջ դիմագծերով: «Ինձնից հետո նուրի պատրաստողներ շատ հայտնվեցին, շրջեք ու կտեսնեք ինքներդ, բայց մնացած նուրիների դիմագծերը ուզբեկական են ստացվում, միայն ես եմ գեղեցիկ հայ կին ստեղծում» - հպարտանում է Ստեփան պապը:
Մեզ համար հատուկ զեղչ արեց պապիկը, երկու նուրիները ձեռքներիս հեռացանք վերնիսաժից: Նուրին իր կախարդական երգի հետ միասին արդեն իմ սենյակում է, բայց թե ինչ խնդրել նուրիից, դեռ չենք կողմնորոշվում: