«Հետդարձի ճանապարհ երբեք չկա: Մուտք գործելով՝ հետ չես նայում». Միշա Բադասյանն ու Վարդան Հարությունյանը բացարձակ առաջընթացը փորձեցին ներկայացնել փերֆորմանսի, վիդեո և հնչյունային ինստալյացիաների միջոցով՝ «Մտի՛ր» ընդհանուր խորագրով:
Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված փերֆորմանսի ընթացքում արտիստները ներսուդուրս են անում դռան միջով, բացուխուփ անում այն՝ փորձելով վիզուալիզացնել հերթական քայլը կատարած և այլևս վերադառնալու անկարող մարդու հույզերը: Հետդարձի անհնարինությունը գաղափարական հիմք է ծառայում փերֆորմանսի կուլմինացիայի համար, երբ արտիստները վերջնականապես կոտրում են դուռը՝ այդպիսով փաստելով անցյալի ու ներկայի միջև պատնեշի բացակայությունը: «Դուռը կոտրելը կարևոր դրվագ է, որով փորձեցինք ցույց տալ, որ երբ շարժվում ենք առաջ, ստեղծում ենք նոր իրողություն, որը տարբերվում է նախորդից հենց թեկուզ նրանով, որ նախկինում այդ դուռը կար, իսկ հիմա այն կոտրված է, մյուս կողմից դուռը կոտրելու գործողությունն ընդամենը այն միջոցներից մեկն է, որով նոր ազատ տարածության հնարավորություն ենք ստեղծում»,- մեկնաբանում է Վարդան Հարությունյանը, որը նաև հնչյունային ինստալյացիայի հեղինակն է. «Ինստալյացիան սահմանային ձայնարձակումներից սինթեզված հնչյունային շարք է, որը պարբերաբար հզորանում և մարում է»:
Փերֆորմանսի համահեղինակ Միշա Բադասյանը ընդամենը մեկ ամիս է, ինչ Երևանում է: Նա ծնվել է Դոնի Ռոստովում, այժմ ապրում և սովորում է Բեռլինում՝ հանդիսանալով «Արտ կոմունա» արվեստագետների միջազգային կացարանի ընթացիկ արվեստագետներից: «Ինձ համար հայրենի երկիր գալը նույնպես մտնելու, քայլ առաջ կատարելու գործողություն էր»: Հայաստան գալուց մեկ շաբաթ հետո նա ծանոթացել էր Վարդանի հետ և հղացել համատեղ փերֆորմանս ներկայացնելու միտքը: Շուրջ երկու տարի փերֆորմանսներով հանդես եկող Միշան չի սիրում բացատրություններ տալ իր կատարած փերֆորմանսների վերաբերյալ. «Էմոցիոնալ հողի վրա, այդ պահին կամ այդ ժամանակահատվածում ապրումները արտահայտելու, մարդկանց ուղերձ հասցնելու համար փերֆորմանսի դիմելու միտքն ու ցանկությունն ինքնըստինքյան է առաջանում: Դա ինքնաարտահայտվելու ունիվերսալ միջոց է»:
«Մտի՛ր» նախագիծը մշակվել և իրագործվել էր «Արտ կոմունա» արվեստագետների միջազգային կացարանի շրջանակում, որի հիմնադիրը Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան է: