08 Հոկտեմբեր 2013, 16:00
2668 |

Աշխատանքային վիճակներ

Մտքերն ու մուսաներն աշխարհից առանձնանալու կարիք ունեն: Յուրաքանչյուր ստեղծագործողի իղձն է ունենալ սեփական անկյուն-աշխատասենյակ, որտեղ սիրելի առարկաներով կշրջապատի իրեն, ու որտեղ կծնվեն մտքի անգնահատելի գոհարներ: Մենք որոշեցինք պարզել, թե որտեղ են ստեղծագործել հայ մեծերը: Երևանի տուն–թանգարաններում, աշխատասենյակների դռներից այն կողմ, մեզ էին սպասում բազում անակնկալներ:

 

Ավետիք Իսահակյան (1875 – 1957 թթ.)

Պլեխանով (այժմ Զարոբյան) փողոցի բնակարանում Ավետիք Իսահակյանը կյանքի վերջին տասնամյակ է անցկացրել: Վերջին ստեղծագործությունները գրվել են հենց այս աշխատասենյակում՝ «Ամեն ինչ ունայն, երազ անցավոր», «Ավիկին», «Շատ եմ տանջվել այս աշխարհում», ինչպես նաև տարբեր գրառումներ, հուշեր, նամակներ: Աշխատասենյակում գրեթե ոչինչ չի փոխվել. հիսունականների շունչն ամենուր է: Գրասեղանին, պահարանում արձանիկներ կան, Սևանա լճից բերված քարեր, փետուրներ, վարպետի աշխատանքային գրիչը, թազբեհը, ակնոցը, թռչնի կտուցի նման սարք, որն օգտագործվել է իբրև էջանշան:

Իսահակյանի անձնական գրադարանը հինգ պահարաններում է տեղավորել. թեմաների ու լեզուների պակաս չկա: Շատ հազվագյուտ գրքեր այսօր կարելի է գտնել միայն այս գրադարանում: Բանաստեղծը աշխատությունները նախընտրել է ընթերցել բնագրերով: Ավետիք Իսահակյանը սիրել է առանձնանալ աշխատասենյակում և աշխատել մինչև ուշ գիշեր: Գործից չկտրվելու և ննջասենյակ չհասնելու համար հատուկ նրա պատվերով պատրաստվել է սև, փափուկ բազմոցը:

 

Հովհաննես Թումանյան (1869 – 1923 թթ.)

Մոսկովյան փողոցում գտնվող թանգարանը Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանի կրկնօրինակն է, որտեղ Թումանյանն անցկացրել է կյանքի վերջին 14 տարիները: Տան ամենահագեցած սենյակը հենց աշխատասենյակն է, որը միաժամանակ և  հյուրասենյակ էր, և հանգստի սենյակ: Ամենուր արվեստի գործեր են, քանդակներ, նկարներ, կենդանիների արձանիկներ: Գրասեղանին Ամենայն Հայոց բանաստեղծի փղոսկրյա գրիչն է թանաքամանով, նոթատետրերը, խոշորացույցը, Պուշկինի և Շևչենկոյի հատորները: Գրասեղանի կողքին չինական բամբուկե պահարանն է, հետևում՝ թախտն ու սեղանը, արևելյան ձևով կահավորված: Այցելուներին Թումանյանն ընդունում էր հենց այս անկյունում:

Երկար աշխատելուց հետո էլ գիշերները թախտին էր լուսացնում: Իսկ ցուրտ օրերին սիրում էր նստել պատի վառարանի դիմաց: Հայտնի գրողը բացառիկ գրադարան ուներ: 13 գրապահարաններում պահում էր 10 000-ից ավելի գրքեր: Աշխատասենյակում ամենաուշագրավը պատի գրությունն է՝ «Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել»: Գրությունը գրքերը պահելու միակ տարբերակը չէր: Թումանյանը գրապահարանների ապակիները ծածկել էր թղթերով, քարտեզներով, որ ոչինչ չերևար ու ոչ ոք ոչինչ չխնդրեր: Թիֆլիսյան այս բնակարանի աշխատասենյակում են գրվել տարբեր բանաստեղծություններ, այդ թվում նաև՝ «Սիրիուսի հրաժետը»:

 

Դերենիկ Դեմիրճյան (1877 – 1956 թթ.)

Աբովյան փողոցի գողտրիկ բնակարանում Դերենիկ Դեմիրճյանն ապրել է 1929-ից մինչև կյանքի վերջին օրերը: Աշխատասենյակ-ննջասենյակում է անցել ժամանակի մեծ մասը: Սիրել է աշխատել կամ գրասեղանի մոտ, կամ էլ մահճակալին՝ բարձերին հենված: «Վարդանանք» պատմավեպը հենց այդպես էլ գրվել է: Մահճակալի կողքի փոքրիկ պահարանում պահում էր մոր անձնական իրերն ու սպասքը, իսկ պահարանի վրա մշտապես դրված էր շախմատը: Գրասեղանը կյանքի վերջին տարիներին է ձեռք բերել ու դասավորել է սիրելի առարկաներով: Այստեղ են արձանիկները, ծխախոտատուփը, ակնոցը, թանաքամանները, ծաղկամանը, կանաչ լուսամփոփը: Սեղանի անբաժան մասն է նաև գրողի հեռախոսը. Դեմիրճյանը եղել է քաղաքի վեցերորդ բաժանորդը: Նրա հետ կարելի էր զրուցել 36-00 հեռախոսահամարով:

Կյանքի վերջին տարիներին գրել է «Մեսրոպ Մաշտոց» պատմավեպը, այդ պատճառով էլ սեղանին են եղել Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն և 1912-ին Բաքվում լույս տեսած հայոց պատմության շատ խղճուկ ձեռնարկը: Ընկերներին Դեմիրճյանն իր սենյակում է հյուրընկալել: Ավետիք Իսահակյանն, օրինակ, սենյակում իր աթոռն է ունեցել՝ գրասեղանի կողքին: Եթե նույնիսկ այլ մարդ է նստած եղել, ապա Ավոյի հայտնվելուն պես Դեմիրճյանը պահանջել է աթոռը զիջել: Գրողի գրադարանը նույնպես շատ հարուստ է եղել. սիրել է կարդալ ամեն ինչի մասին: Աշխատելիս չի սիրել, որ իրեն խանգարեն: Հաճախ է սենյակի պատուհանից դուրս նայել՝ իր տնկած հացենիներին, որոնք, ի դեպ, մինչև հիմա կան: Ասում են՝ դռան հետևում էլ նրան միշտ սպասել է Շառլոտա կատուն:

 

Արամ Խաչատրյան (1903–1978թթ.)

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Պլեխանով (այժմ Զարոբյան) փողոցի վրա նմանեցված է կոմպոզիտորի մոսկովյան բնակարանին: 1947-ին կառավարությունից նվեր ստացած այս տանն ապրել են նրա մայրն ու եղբայրը: Տան պատերի ներսում ամեն ինչ համեստ է ու պարզ: Աշխատասենյակում ամենամեծ տեղը, իհարկե, զբաղեցնում է դաշնամուրը, որը Խաչատրյանն օգտագործել է մոտ հիսուն տարի: Դաշնամուրի վրա մոր դիմանակնարն է, դիմացի պատին՝ կնոջ: Խաչատրյանը դաշնամուրի մոտ նոր հնչյուններ էր ստանում, նոտաներն էլ գրի առնում գրասեղանին հենված: Պահպանվել է նոտատետրի վերջին էջը:

Գրասեղանի վրա են վարպետի գրիչները, մատիտները, ռետիները, թանաքամանն ու ծխախոտատուփը: Գրասեղանի ներքևի մասում էլ նոտաների ու դիրիժորական փայտիկների ճամպրուկն է: Պատի երկարությամբ մեծ գրապահարանում տարբեր լեզուներով գրքեր են, հուշանվերներ, նկարներ, ծաղրանկարներ, փոքրիկ տիկնիկներ: Հիմնականում գիշերներն աշխատող կոմպոզիտորը չի սիրել, երբ իրեն ընդհատել են: Դաշնամուրի վրա զանգ է պահել, որով անհրաժեշտության դեպքում կանչել է քարտուղարուհուն կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին:

 

Սիլվա Կապուտիկյան (1919 -2006 թթ.)

Մոտ 30 տարի Սիլվա Կապուտիկյանն ապրել է իր ընտրած և կառավարության նվիրած Բաղրամյան առաջին անցուղի (այժմ՝ Կապուտիկյան 1) հասցեի բնակարանում: Նրա աշխատասենյակը սկսվել է նախասենյակից: Բանաստեղծուհին այն օգտագործել է որպես գրապահոց և հուշանվերների անկյուն: Գրապահարանում մեծ մասամբ հայկական և ռուսական դասական գրականություն է: Սենյակի ու տան կահույքի մեծ մասը Կապուտիկյանը ձեռք է բերել 1952-ին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի գումարով: Ասում են՝ Մոսկվայում գնված կահույքը գերմանական ծագում ունի ու Մոսկվա է հասել որպես ռազմավար:

Գրասեղանին ամեն ինչ այնպես է, ինչպես բանաստեղծուհու վերջին օրերին: Կապուտիկյանը ֆրանսերեն չգիտեր, բայց գրասեղանին սրբությամբ պահում էր ֆրանսերեն բացատրական բառարան. հորից մնացած միակ հուշն էր: Ինչպես բոլոր բնակարաններում, այստեղ էլ Կապուտիկյանը առանձին ննջասենյակ չի ունեցել, ցանկացել է միշտ գրասեղանին մոտ լինել: Մահճակալի վերևի մասում էլ 25 տարբեր ազգերի տիկնիկների հավաքածուն է: Փոքր տարիքում զրկված լինելով տիկնիկներ ունենալու հնարավորությունից՝ Կապուտիկյանը 1962-ից սկսած յուրաքանչյուր երկրից իր հետ մի տիկնիկ է բերել: Ամենամտերիմ հյուրերին ընդունել է մահճակալի դիմացի՝ փոքրիկ սեղանի շուրջ: Սիրել է հյուրասիրել սուրճ, կոնյակ, շոկոլադ և միրգ:

Այս թեմայով