Հոկտեմբերի 4-ին Best Western Congress Hotel-ի բացօթյա լողավազանի տարածքում Austrian Arirlines-ն ու Congress հյուրանոցը մեկտեղել էին հայկական արտադրության գարեջրի բրենդերն ու հրավիրել գարեջրասերներին վայելելու խմիչքը:
Աշնանային սառը երեկոն իր պարգևած ջերմությամբ կոտրեց հայկական գարեջուրը՝ համեմված համեղ խորտիկներով՝ ի լրումն խմիչքի: Հայաստանում գարեջրի փառատոնն անց է կացվում արդեն երկրորդ անգամ: Ընդհանրապես, գարեջրի փառատոներն ամբողջ աշխարհում հայտնի ու բազմամարդ միջոցառումներ են: Ու զարմանալի էր, որ գարեջրի յուրահատուկ տեսակներով հայտնի Հայաստանը հեռու էր մնացել նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց: Ավստրիական Ավիաուղիները բավականին հաջող լրացրեցին այդ բացթողումը:
Այս տարի ներկայացված վեց հայկական գարեջրային բրենդերից յուրաքանչյուրը, նախորդ տարվա փորձից ելնելով, գիտեր՝ ինչպես իրենց սեղանին սևեռել գարեջրասեր հասարակության ուշադրությունը: Սակայն պետք չէ անտեսել այն փաստը, որ գարեջուրն առանց բարձր տրամադրության պարզապես հեղուկ է: Ու որպեսզի ոսկեգույն խմիչքը հեղուկ չդառնա, հրավիրել էին բարձրակարգ DJ-ի:
Ավստրիական Ավիաուղիների հայկական գրասենյակի տնօրեն Լուկաս Նեգեդլին նշեց՝ հայ գարեջրասերներին մեկ հարկի տակ մեկտեղելու գաղափարը գալիս է Մյունխենի October Fest-ից: Միևնույն հետաքրքրությունն ու սերը գարեջրի նկատմամբ ունեցող մարդիկ պետք է միմյանց լավ ճանաչեն: Պ-ն Նեգեդլին փաստեց. «Այս փառատոնը լավ հնարավորություն է, որպեսզի մարդիկ շփվեն, ճանաչեն միմյանց ու վայելեն հայկական գարեջուրը: Մեր կորպորատիվ գործընկերների համար էլ այն հրաշալի հարթակ է ավելի անկաշկանդ մթնոլորտում շփվելու ու նոր գործարար կապեր ձևավորելու համար»:
Ավստրիական Ավիաուղիներն ու Կոնգրես հյուրանոցն արդեն երրորդ տարին է՝ ինչ համագործակցում են: Ինպես նշեց Congress և Royal Tulip հյուրանոցների գլխավոր մենեջեր Կիարա Ֆիջինին՝ «Սոցիալական միջոցառումների գծով մեր նպատակները համընկնում են. մենք ցանկանում էինք կազմակերպել միջոցառումներ, որտեղ ներգրավված կլինեն տարբեր տարիքային , սոցիալական խմբեր՝ երիտասարդությունը, գործարար հատվածը և այլն: Այս փառատոնը մեր նպատակներն իրագործելու հրաշալի գաղափար է: Հայկական գարեջուրն ունիկալ է, այն սիրում են թե՛ խենթ երիտասարդները, և թե՛ զուսպ գործարարները»:
Հյուրերին սպասող 500 գավաթների շարքերը կամաց-կամաց սկսեցին նոսրանալ, ու դրան զուգահեռ փառատոնային տրամադրությունը սկսեց թեժանալ: Ավստրիական Ավիաուղիների ջանքերով արդեն երկրորդ անգամ կայացած Հայկական գարեջրի փառատոնը միանշանակ խոստումնալից ապագա ունի: