02 Հոկտեմբեր 2013, 00:20
2783 |

Քաղցր կյանք

Ծերերի միջազգային օրը Նորքի տուն-ինտերնատում կրկնակի տոն էր. օրվա բոլոր հերոսներն այսօր նաև հարսանիքի էին հրավիրված: Զուգված-զարդարված շտապում էին ներս մտնել տոնախմբության սրահ՝ իրենց ընկերների պսակադրությանը ներկա գտնվելու:

Սեր՝ առաջին վեճից

70-ամյա Կառլենի ու 67-ամյա Էմմայի սիրո պատմությունը հայտնի է տուն-ինտերնատի յուրաքանչյուր բնակչի: Առաջին անգամ հանդիպեցին յոթ ամիս առաջ: Ծխախոտը ձեռքին մոտեցող անծանոթ կնոջը Կառլենը թույլ չտվեց իր կողքին տեղավորվել. «Ծխում ես, հա՞»: «Հա, ծխում եմ»,- նետեց Էմման ու ավելացրեց. «Ես պատահական մարդ չեմ»: Խիղճը սկսեց տանջել ծերունուն, ինքն իրեն հանդիմանեց. «Ա՛յ մարդ, էս ի՜նչ սխալ բան արեցի»: Հաջորդ օրը մոտեցավ Էմմային ու առանց երկմտելու ամուսնության առաջարկ արեց: «Սպասի՛ր»,- խոսեց կնոջ ինքնասիրությունը: Ու առաջին հայացքից սիրահարված տղամարդը սկսեց սպասել:

Երկար չսպասեց

Առաջին համբույրը Կառլենը շատ լավ է հիշում: Այդ օրը որոշել էր ռիսկի դիմել. «Թույլ կտա՞ս մի հատ պաչեմ»: «Չէ՛»,- հնչեց կոշտ պատասխանը: Լենինականցու կոպտությամբ բռնեց ու համբուրեց: Հենց այդ օրից սկսվեց սերը: Ինչպես ջահելներն են ասում՝ սկսեցին ընկերություն անել: Շուտով հասկացան, որ այլևս ոչ մի վայրկյան չեն ուզում իրարից հեռու լինել: Ու արդեն մեկ ամսից ավելի է, ինչ միասին են:

Հարսանիք է լինելու

Երկու շաբաթ շարունակ պատրաստվում էին մեծ արարողությանը:  Տուն-ինտերնատի տնօրինությունը որոշել էր հարսանիքը տեղը տեղին նշել. ընտրեցին հարսի շորը, կապեցին սկուտեղները, նշանակեցին քավորին, քահանա հրավիրեցին, հարսանեկան տորթ, ամուսնական մատանիներ, շամպայնով լի բաժակներ, ուսերին փռված լավաշ, մի գդալ քաղցր մեղր ու մի աշխարհ երջանկություն՝ սրտերում բուն դրած:  

Մեկ դար ապրած քավորի մաղթանքը

Տուն ինտերնատի ամենատարեց բնակչին՝ 99-ամյա Անուշավան պապին հասավ քավորի պաշտոնը: Կյանքում առաջին անգամ է քավորություն անում ու ամենայն պատասխանատվությամբ էլ վերաբերվեց պաշտոնին: Դե, էլ ինչ քավոր, առանց մաղթանքի: Առողջություն, երջանկություն ու բախտավորություն է ցանկանում նորապսակներին. «Գոնե գան, հասնեն իմ տարիքին: Կյանքը շա՜տ քաղցր բան ա»:

Քաղցր կինը

Նորապսակները միմյանց քաղցր խոսքեր շռայլելու հարցում համեստություն չեն անում: Ասում են՝ ջան ասեմ, ջան լսեմ: Ազնիվ ու հոգատար են մեկը մյուսի նկատմամբ: «Գիշերվա որ ժամին էլ քնից հանեմ ու մի կտոր հաց ուզեմ՝ կտա»,- անկեղծանում է Կառլենն ու ավելացնում. «Կինս մեղր ա, մեղրից էլ քաղցր ա»:

Այս թեմայով