Հոկտեմբերի 30-ին Yans համերգասրահում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական հեղինակային համերգն էր, որին նախորդեց մի կարևոր արարողություն. հենց համերգասրահի առջև բացվեց Կոնստատնտին Օրբելյանի աստղը։ Հանդիսությունն անցավ ոչ մարդաշատ, միայն մտերիմների մասնակցությամբ, բոլոր հայացքները նրան էին ուղղված: Ի վերջո, մեր կողքին լեգենդար մի արտիստ է ապրում, որն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի, Հենրի Մանչինիի ժամանակակիցն է, իր կոմպոզիտորական ու դիրիժորական գործունեությամբ Հայաստանը ճանաչելի է դարձրել աշխարհին։ «Ես միշտ զգացել եմ իմ ընկերների ներկայությունն իմ կողքին, փաստորեն, հիմա էլ նրանց հետ եմ։ Իմ աստղն Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Արտեմի Այվազյանի աստղերի հարևանությամբ է։ Չգիտեմ՝ ինչ կլիներ ինձ հետ, եթե 1943-ին Արտեմի Այվազյանն ինձ Բաքվից չբերեր Երևան։ 14 տարեկան պատանի էի, կյանքս լրիվ փոխվեց։ Երախտապարտ եմ մաեստրոյին իմ անցած ճանապարհի ու հենց այս պահի համար»,- երիտասարդական ավյունով լցված՝ ասաց մաեստրոն։
Շնորհավորանքներ, մաղթանքներ, ծափեր. Կոնստանտին Օրբելյանը դրանք ամեն օր է ստանում աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներից։ «Սակայն ինձ համար այս միջավայրը, այս մտերմիկ մթնոլորտն ամենաթանկն է, հավատացեք։ Ես ամեն տարի հենց այս պահերին սպասելով եմ Միացյալ Նահանգներից ուղևորվում Երևան։ Աստղ էլ ունեցա իմ սիրելի քաղաքում»,- ուրախությունը չզսպեց մաեստրոն։
«Ամերիկան ջազի հայրն է, բայց Հայաստանում այդ հոր տաղանդավոր զավակներն են ապրում»,- դեռ 1970-ականներին ամերիկյան համերգներից մեկի ժամանակ Սան-Ֆրանցիսկոյի քաղաքապետ Ջորջ Քրիստոֆերին պատասխանել է Կոնստանտին Օրբելյանը։ Այդ ժամանակ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը շլացուցիչ համերգով զարմացրել է ամերիկյան հանդիսատեսին, քաղաքապետն էլ չի թաքցրել հիացմունքը։ Օրբելյանական բարի ավանդույթներն այսօր էլ շարունակվում են Հայաստանի պետական ջազ-նվագախմբում, որի ամեն քայլին մաեստորն շարունակում է հետևել, ինչպես իր զավակին։