Հայաստանում շատ ծառատեսակներ վերացման եզրին են. իրավիճակը շտկելու համար Երևանի բուսաբանական այգու տնօրինությունը Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ ծրագրել է տնկարան ստեղծել, որն էլ մի քանի տարի հետո տնկիներով կապահովի անտառներին։
Աշունը սերմեր հավաքելու իսկական ժամանակն է։ Հոկտեմբերին Բուսաբանական այգու մասնագետները կուղևորվեն Նոյեմբերյանի անտառներ ու հացենու, թխկենու, բոխու, կաղնու և այլ ծառատեսակների սերմեր կհավաքեն։ Հետո դրանք տնկարանում կաճեցնեն ու կխնամեն։ 13 000 քմ է տնկարանի տարածքը, որտեղ նախատեսվում է աճեցնել մինչև 150 000 տնկի։ Բուսաբանական այգին աշնանն ու ձմռանը չի ոռոգվում. ջրամատակարարման սեզոնը փակվում է։ Բայց քանի որ տնկիներ աճեցնելու նպատակը հաստատ է, ուստի այգին որոշել է իր գլխի ճարը տեսնել։ Միակ հույսն այգու խորքային ջրհորն է, որը 10 տարուց ավելի չի շահագործվում. պոմպն է փչացել։ Սարքելու համար 6.500 դոլար է պետք։ Եթե պոմպն աշխատի, հնարավոր կլինի տնկանյութն աճեցնելու գործընթացն սկսել։
Այստեղ էլ օգնության հասան, Բուսաբանական այգին ու «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթը որոշեցին ուժերը մեկտեղել։ Թերթը բնապահպանական ուղղվածությամբ ծրագրեր է իրականացնում, և Բուսաբանական այգու տնկարանի ճակատագրով հետաքրքրված՝ բարեգործական ծրագիր է նախաձեռնել։ Շահագրգիռ երկու կողմերին միացել են նաև տասնյակ նկարիչներ։ Հեղինակավոր ու նորաթուխ ստեղծագործողները 150 նկար են տրամադրել, որպեսզի Բուսաբանական այգում իրականացվի դրանց ցուցահանդես-վաճառքը։ Ամենաէժան գործը 100 000 արժե, ամենաթանկը՝ 600 000։ Գրաֆիկա, նատյուրմորտ, բնանկար, աբստրակցիա. ցուցահանդես-վաճառքի համար չկա ժանրային սահմանափակում։ Նկարիչները նվազագույն գներով են վաճառում իրենց աշխատանքները, որպեսզի աջակցեն Բուսաբանական այգու նախաձեռնությանը։
Բարեգործական բացօթյա վաճառքը սկսվել է սեպտեմբերի 27-ին, կշարունակվի մինչև 28-ի ուշ երեկո։ Այնուհետև աշխատանքները կամփոփվեն մեկ ընդհանուր կատալոգում ու կցուցադրվեն «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի կայքում։ Վաճառքը կշարունակվի օն-լայն։ Այնքան ժամանակ, մինչև կհավաքվի պահանջվող գումարը. 2 մլն 850 000 դրամ՝ տնկանյութերին ջուր հասցնելու և, հետևաբար, 1-3 տարի հետո Հայաստանի հյուսիսային լերկ շրջաններին մատղաշ տնկիներ հասցնելու համար։