«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակից է ընտրվել 14-ամյա Մոնիկա Ավանեսյանը Երևանից` «Շոկո ֆաբրիկա» երգով: Հայաստանյան մրցույթին ներկայացել էին 12 մասնակիցներ:
Ամենաավագ մասնակից 15 տարեկան Միքայել Սիմոնյանը, համաձայն իր երգի, ուզում էր լինել օտար մի վայրում, բայց եթե նա նկատի ուներ Կիևում երգի մրցույթին մասնակցելը, ապա դա նրան չհաջողվեց: 13-ամյա Միլենա Ղազարյանն իր խենթ օրերի թեթև ձեռքով շնչակտուր գնում էր անծանոթ մի աշխարհ, իսկ թիթիզ Մերի Վարդանյանն իր երգով հանդիսատեսին տարավ արևի, անձրևի ու ձյան միջով՝ ըստ երևույթին ծանոթացնելով իր հայրենի Վարդենիս գյուղի բնակլիմայական պայմաններին: 13 տարեկան Ռոզա Կոստանդյանը Վանաձորից բերած իր երգով խոստովանեց, որ գիտի՝ եթե լավ սովորի, կհասնի իր երազանքին, եթե ազնիվ լինի, կունենա շատ լավ ընկերներ: 12 տարեկան Կարեն Ուղուրյանը, ինչպես պարզվեց, ամենաընկերասերն էր. մի ամբողջ երգ էր նվիրել իր ընկերներին:
Դավիթ Վարդանյանի ու Էռնա Միրզոյանի Երևան-Ստեփանակերտ տանդեմը գրավեց հանդիսատեսի համակրանքը բոլոր հայերին տուն բերելու ու հային ամեն տեղ ճանաչելի դարձնելու մասին «լուսավորչական» երգով: 12-ամյա Կարեն Օհանյանի «Share and Like» ֆեյսբուքյան թեմայով երգը լի էր լատինամերիկյան ելևէջներով, իսկ 13-ամյա Գայանե Ղազարյանն իր անգլալեզու փանք-ռոք երգը նվիրեց բոլոր երիտասարդներին: Happy Day խմբի փոքրիկ կատարող Միքայելը, որն անցյալ տարի տարիքի պատճառով չմասնակցեց «Մանկական եվրատեսիլ- 2012»-ին Compass band-ի կազմում, համանուն երգը տարեդարձի մասին ու ուրախ պարը նվիրեց բոլոր նրանց, ովքեր ծնվել էին այդ օրը: Մինչ էջմիածնեցի Պետրոս Ղազարյանն իրենից հեռացած աղջկա համար էր դարդ անում, մյուս էջմիածնեցի Կարապետ Կարապետյանը փորձում էր հավատալ հրաշքներին, իսկ 14-ամյա Մոնիկա Ավանեսյանը երգեց շոկոլադի գործարանի մասին և անգամ հասցրեց ջութակ նվագել, ինչով էլ, հավանաբար, քաղցրացրեց հանդիսատեսի սիրտն ու գրավեց ժյուրիի համակրանքը:
Հաղթողն ընտրվեց հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ: Նա կներկայացնի Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2013»-ում: Բայց այս տարի սահմանվել էին նաև 2-րդ և 3-րդ խրախուսիչ մրցանակներ: 2-րդ խրախուսիչ մրցանակին արժանացան Դավիթն ու Էռնան, որոնք կմեկնեն Կիև և այնտեղից կհայտարարեն Հայաստանի բաշխած միավորները, իսկ 3-րդ մրցանակին՝ նկարահանումներին նոր մանկական սերիալում, արժանացավ Happy Day-ը:
«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Այս պահի դրությամբ իրենց մասնակցությունը մրցույթին հաստատել են 9 երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Շվեդիան և Ուկրաինան: