Կենդանաբանական այգու աշխատակից Գևորգը ստիպված մի քիչ անգլերեն է սովորել։ Փիղը միայն միջազգային լեզվով է շփվում մարդկանց հետ։ Անգլերեն չխոսես, չի ենթարկվի։
Գրանդ փիղն այսուհետև Կենդանաբանական այգու այցելուներին կներկայանա պատշաճ տեսքով' խնամված ոտքերով, մշակված, ճերմակ եղունգներով։ Սահմանափակ տարածքներում ապրող փղերը ժամանակի ընթացքում ոտնաթաթերի խնդիրներ են ունենում։ Քարեր, հող ու կեղտ է կուտակվում ոտքերի տակ, ինչն էլ դառնում է հիվանդությունների ու բորբոքումների պատճառ։ Բնության մեջ ապրող փղերն այդ խնդրից զերծ են։ Անընդհատ շարժման մեջ լինելով, ջրերի մեջ քայլելով' ոտնաթաթերի տակ կուտակված արհեստական ներբանները հետզհետե մաշվում-մաքրվում են։ Ի դեպ, ամեն ոտնաթաթից մեկ դույլ հող ու քար դուրս կգա։ Գրանդի ոտքերի հիգիենայով ու առողջությամբ մտահոգ'արտասահմանից մասնագետներ են հրավիրվել Երևան։ Թրեյնինգների շնորհիվ Գրանդն արդեն հլու-հնազանդ ենթարկվում է առջևի ոտքերը բարձրացնելու target ու lift հրահանգներին. երկու ոտքերը մաքրությունից արդեն պլպլում են։ Սեպտեմբերի սկզբին հրավիրված գերմանացի նոր մասնագետն էլ մեր փղին սովորեցրել է հետևի ոտքերը բարձրացնել։ Մեկ շաբաթ է տևել վարժեցման գործընթացը։ Փղերի պահպանության եվրոպական միության (EEG) առաջատար մասնագետ Թոբիաս Դորնբուշը մինչև հիմա աշխատել է 20 փղերի հետ։ Մեր Գրանդն ամենաընդունակներից է։ Տարածաշրջանի միակ փիղն է, որ հեշտությամբ յուրացրել է point հրահանգը։ Լազերային լույսի շարժումներին հետևելով' Գրանդը կնճիթն ուղղում է կարմիր լույսին։ Միաժամանակ լսելով lift հրահանգը'բարձրացնում է նաև հետևի ոտքերն ու թույլ տալիս դրանք մշակել, լվանալ ու խնամել։ Թոբիասը հիացած է Գրանդի ընդունակություններով. «Արու փղերին ոչ հատուկ հնազանդություն ու հանդուրժողականություն ունի։ Ինձ երբեք չէր տեսել, բայց առաջին իսկ պահից մտերմացանք»։ Հրահանգներին ենթարկվելու ընդունակության շնորհիվ Գրանդն այսուհետև բժշկական ստուգում կանցնի քաղաքակիրթ մեթոդներով։ Արյան անալիզ վերցնելու համար մինչև հիմա փղին արհեստականորեն քնեցրել են, հիմա արդեն սթափ վիճակում նրա ոտքից արյուն կվերցնեն ու կհետազոտեն։
Երբ գերմանացին գնա, նրա փոխարեն հրահանգները կտա Կենդանաբանական այգու աշխատակից Գևորգ Գրիգորյանը։ Հենց որ Գրանդը լիովին վարժվի հրահանգներին, Գևորգը կսկսի պատշաճ տեսքի բերել նաև փղի հետևի ոտքերը։ Գործը գլուխ բերելու համար ստիպված մի քիչ անգլերեն է սովորել։ Մեր Գրանդը միայն միջազգային լեզվով է շփվում մարդկանց հետ։ Անգլերեն չխոսես, չի ենթարկվի։