«Խաղեր» փոշու հետ» ֆիլմը պարզ պատկերացում է տալիս մեր օրենսդրական բացթողումների, բնության ու նրա բնակիչների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին։
Զեյթունի, Նորք-Մարաշի ու Նոր Նորքի բնակիչներ, մխիթարվեք, ձեր շնչած օդում կապարը, մոլիբդենն ու սնդիկը համեմատաբար քիչ են։ Երևանը վերջին 40 տարում երկրաքիմիական հետազոտություն է անցնում։ Ուսումնասիրությունը հետևողականորեն իրականացնում է Գիտությունների ակադեմիան։
Արդյունքը չի մխիթարում։ Պարզվել է' Երևանը ոչ միայն պարուրված է փոշու մառախուղով, այլև մոլիբդենով, փոշին էլ հասարակ չէ, այլ սնդիկ ու կապար է պարունակում։ Մայրաքաղաքում 80-ից ավելի հանքավայրեր կան, որոնք արտանետում են փոշի ու կեղտ։ Օրենքն արգելում է բաց շինարարությունը, բայց ամեն քայլափոխի հանդիպում ենք բացօթյա շինհրապարակների։ Գումարած ավտոմեքենաների CO գազն ու այլ արտանետումները, որ հետևանքն են անորակ բենզինի։
Վերջերս բարձրաձայնվում է շրջակա միջավայրը խնայելու էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի' հեծանիվի մասին ։ Բայց առայժմ մեր համաքաղաքացիների ջիփատենչ նկրտումները շրջանցում են երկանիվ ու համեստ փոխադրամիջոցը։
Օդի աղտոտվածության խնդրով մտահոգ' Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, «Մեդիա կենտրոնը» և Կենդանաբանական այգին բացօթյա քննարկում էին հրավիրել։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետազոտությունների արդյունքում մեր մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմաններում է։ Գիտությունների ակադեմիայի մասնագետը քաղաքապետարանի վարչության գլխավոր մասնագետին ասաց. «Երանի ապրեի Ձեր ներկայացրած Երևանում»։ Քաղաքամայրը հատկապես վերջին տարիներին հեծեծում է փոշու և թունավոր արտանետումների ամպերի տակ։ Բայց ցեմենտի գործարանների ու քարհանքերի շրջակայքում բնակվող մարդկանց համեմատ մենք դրախտում ենք։ Ի՞նչ ասեն Արարարտի բնակիչները, որոնց անձրևաբեր ամպերը ցողում են մոխրագույն ջրով, իսկ նրանց այգիներում հողի վերին շերտերը բետոնից են։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ցեմենտային աղետի մասին ֆիլմ է պատրաստել, որը նկարահանել են «Արևորդի» էկոակումբի սաները։ Արարատի բնակիչների փռած սպիտակեղենը սև է, սև շորերը միանգամից սպիտակում են։ Տնկած ծառը չի կպչում, որովհետև բետոնի մեջ, որպես կանոն, ծառ չի աճում։ Իսկ երբ քամի է բարձրանում, ցեմենտի ամպեր են կուտակվում։ Ցեմենտի գործարանը պարտավոր է զտիչ սարքեր ունենալ, բայց չունի. արդյունքում արտանետված փոշին շերտ-շերտ նստում է Արարատի ու արարատցիների թոքերում։
«Խաղեր» փոշու հետ» ֆիլմը պարզ պատկերացում է տալիս մեր օրենսդրական բացթողումների, բնության ու նրա բնակիչների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին։