Աննա Ատուտա' նկարչուհի, ֆեյս արտիստ, 22 տ.
Սեմ Բադալյան' նկարիչ, տատու արտիստ, 22 տ.
Զույգի սիրած փոխադրամիջոցը հեծանիվն է: Նկարիչներին դժվար չէ բռնեցնել քաղաքի փողոցներով ճեպընթաց սլանալիս:
Առավոտյան սիրելի զբաղմունքը ձվածեղ պատրաստելն է: Այդ ծանր գործն իր ուսերին է վերցրել Աննան:
Աննան, ինչպես ցանկացած կին, սիրում է գեղեցիկ կոշիկներ: Նա անգիր գիտի կոշկակարի մոտ տանող ճանապարհը: Արդեն հարազատ դարձած կոշկակար Աշոտի կրպակի դռները նկարչուհու համար գիշեր-ցերեկ բաց են: Կոշիկների համար ռեանիմացիոն բաժին դարձած կրպակը նկարչուհու բակի ամենասիրելի վայրն է, իսկ վարպետ Աշոտը՝ նրա կյանքում անփոխարինելի մարդկանցից մեկը:
Զույգին բնորոշ յուրահատկությունների շարքում ամենավառը մեկ ուտեստը երկուսով վայելելն է: Մենք անմահացրեցինք չիպսի տարբերակը:
Սեմը հայավարի պատասխանեց մեր ամենաբկլիկ հարցին. իր ամենասիրած ուտելիքը հացն է, հատկապես` պուրին:
Ֆրիդա Կալոն և Դիեգո Րիվեռան իրենց մեքսիկական երեկոները անց էին կացնում մեկ շիշ տեկիլայի շուրջ, իսկ համարյա հայտնի մեր հերոսները նախընտրում են հայկական գարեջուրը:
Սեմի արվեստը լավագույնս ընկալելու ամենակարճ ուղին այն սեփական մաշկի վրա զգալն էր, ինչը և մենք արեցինք: Դաջվածք անելու ընթացքը, պարզվեց, արդյունքից պակաս հետաքրքիր չէր:
Զբոսնել սիրող սիրահարներն ունեն քաղաքի ամենասիրած շենքը: Այն գտնվում է Ֆուրմանով փողոցի վրա:
Աննան էլ է սիրում նկարել մարդկանց դեմքերին, բայց, ի տարբերություն Սեմի, նրա մեթոդները ավելի մարդասիրական են, ոչ ցավոտ:
Լինում են ակնթարթներ, երբ նրանք ուզում են փախչել հեռու-հեռու կամ էլ բարձր-բարձր: Նկարիչների «առանձնասենյակը» Ոսկու շուկայի հարևանությամբ է, մուտքը՝ միայն զույգերով: