Ուղիղ մեկ տարի անց աշխարհին ի լուր դռները կբացի Դիլիջանի միջազգային դպրոցը: Այն իր հարկի տակ հայկական հյուրընկալությամբ ու միջազգային չափանիշներին վայել կրթական մակարդակով կընդունի առաջին 90 աշակերտներին:
Սեպտեմբերի 5-ին Դիլիջանում D'Black Blues Orchestra խմբի համերգով սկիզբ դրվեց Դիլիջանի Միջազգային դպրոցի բացման մեկամյա հետհաշվարկին: Սիմվոլիկ կոճակը միաժամանակ սեղմեցին դպրոցի հիմնադիրները՝ Ռուբեն Վարդանյանը, Վերոնիկա Զոնաբենդը, Վլադիմիր Ավետիսյանը և Գագիկ Ադիբեկյանը: Դպրոցի՝ դեռևս կիսակառույց հարկի տակ հավաքվել էին երկրի գործարար, մշակութային, քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: Անավարտ շինության բետոնապատ սառնությունը կոտրվել էր տաք վառարաններով, բազմաթիվ՝ մոտ 500 կգ, կանաչ խնձորներով, ճերմակ ծաղիկներով: Հյուրերն այնքան էին ոգևորված նախագծով, որ նույնիսկ դիլիջանյան ցուրտ երեկոյի սառնությունը հետին պլան անցավ: Հատկապես, որ կրքերը թեժանում էին բեմահարթակում, որտեղ Cleptomania լուսահնչյունային շոուն էր: D'Black Blues Orchestra խմբի մենակատարն ու նախաձեռնողը դպրոցի հիմնադիրներից է՝ գործարար Վլադիմիր Ավետիսյանը: Խումբը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի ու Իսպանիայի տաղանդավոր երաժիշտների հաջող սիմբիոզի օրինակ է: Միջոցառումն առաջացրեց խանդավառ ընդունելություն դիլիջանցիների մոտ՝ վաղեմի կուրորտային այս քաղաքում նման վառ, գունագեղ լուսային շոուներ երբեք չեն եղել:
Դիլիջանի դպրոցի բացման հետհաշվարկին ներկա էր մեկ այլ կրթական ծրագրի՝ «Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Նա նշեց, որ նման կրթական ծրագերը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար: Տիկին Փափազյանը համոզմունք հայտնեց, որ շուտով Հայաստանը կդառնա կրթության ասպարեզում առաջատարներից մեկը տարածաշրջանում:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը կարծում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը Հայաստանը միջազգային կրթական շուկայում առաջատար դարձնելու առաքելություն ունի: «Հայաստանի շրջաններն առհասարակ նման գործունեության կարիք ունեն: Ու հուսանք, որ այս դպրոցը նախադեպ կդառնա, յուրօրինակ success story»: Դեսպանի ակնկալիքներն իրատեսական են: Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այն հրաշալի հարթակ կլինի աշակերտների համար: «Դպրոցը լավ հնարավորություն է ստանալու լուրջ ուսուցում, ինչը, անշուշտ երեխաների հաջողակ ապագայի երաշխիքը կդառնա: Արտասահմանցի երեխաները, կրթվելով այստեղ, կդառնան Հայաստանի ընկերը, կսիրեն մեր երկիրը, Դիլիջանն ու իրենց դպրոցը: Սա էլ միջազգային հարաբերությունների զարգացման ամենահարմար և արդյունավետ ճանապարհն է»:
«Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի ժ/պ Հայկ Ավագյանը նշեց. «Նման մասշտաբի ցանկացած նախաձեռնություն Հայաստան է բերում միջազգային հարաբերությունների նոր մշակույթ: Մենք հպարտ ենք ավանդական հայկական դպրոցով ու մշակույթով, բայց, իմ խորին համոզմամբ, նման միջազգային ծրագրերն ուղղակի անհրաժեշտ են: Դիլիջանը աննկարագրելի գեղեցիկ, բայց, միևնույն ժամանակ, «քնած» քաղաք է: Կարծում եմ, որ այս նախագիծը տարածաշրջանը տակնուվրա կանի: Այն քաղաքի համար նոր կյանք կդառնա: Ի դեպ, հուսամ, որ իմ երեխաներն էլ այս դպրոց կհաճախեն»:
«Ամերիա» խմբի իրավական տնօրեն Դավիթ Սարգսյանի կարծիքով Հայաստանի զարգացման կարևորագույն տարրերից մեկը հենց կրթությունն է: Եվ այս դպրոցը եթե ոչ հեղափոխական, ապա հաստատ էական նշանակություն ունեցող քայլ է Հայաստանի կրթական համակարգի արդիականացման համար: «Տարածաշրջանային առումով դպրոցի ունեցած սոցիալական նշանակությունն անգնահատելի է, բացի այդ՝ լոկալ խնդիրներ ևս կլուծվեն, օրինակ՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա բազմամշակութային կենտրոն, ինչը մոնոէթնիկ պետության համար շատ կարևոր է»:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այս դպրոցի ապագա աշակերտին տեսնում է որպես ՀՀ արժանի քաղաքացի. «Հուսով եմ, որ դիլիջանյան այս օջախում թե՛ հայաստանցին, թե՛ օտարերկրացին կստանա միջազգային, բայց հայաստանյան լավագույն կրթությունը: Ասենք «բարև» Դիլիջանի միջազգային դպրոցին», - հավելեց նա:
«Բարև» Դիլիջանի միջազգային դպրոցին ասվել է դեռևս 2012-ին, երբ դրվեց դպրոցի հիմքը: 13-19 տարեկան 650 երեխաների համար նախատեսված կրթօջախում ուսուցումը կլինի անգլերեն, երկու միջազգային կրթական ծրագրերով՝ ավագ դպրոցում կգործի միջազգային բակալավրիատի ծրագիրը, իսկ միջինում՝ IGCSE միջնակարգ կրթության միջազգային ծրագիրը: Այս տարի հոկտեմբերին սպասվում է դպրոցի անդամակցումը «Աշխարհի միավորված քոլեջներ ցանցին» (UWC), ինչի շնորհիվ 2014-ի սեպտեմբերին դպրոցն աշակերտներ կընդունի աշխարհի 100 երկրներից:
Հետհաշվարկը տրված է: Ուղիղ մեկ տարի անց իր դռները կբացի Դիլիջանի միջազգային դպրոցը՝ իր հարկի տակ հայկական հյուրընկալությամբ ու միջազգային չափանիշներով ընդունելով առաջին 90 աշակերտներին: