ՈւրբանԼաբ Երևանը վերջերս պատրաստել էր վերլուծություն մայրաքաղաքի քաղաքաշինական կառուցվածքի, Հյուսիսային պողոտայի անհրաժեշտության ու հնարավոր այլ պողոտա ունենալու մասին: Այս պողոտան քաղաքաշինական խոշոր նախագծերի իրականացման համար դեռ երկար կմնա որպես թե՛ վատ և թե՛ լավ օրինակ: Այդուհանդերձ, իրականություն դարձած այս գաղափարը մասնագիտական առումով չի քննվել, չնայած կարիքն արդեն վաղուց հասունացել է։ ՈւրբանԼաբի այս վերլուծությունը փորձ է պատկերային և տեքստային վերլուծության ենթարկել Հյուսիսային պողոտա գաղափարն ու առաջադրել օրինակելի այլընտրանքային լուծում։
Երևանյան մամուլում ու սոցիալական ցանցերում այսօր ավելի քան երբևէ խոսվում է քաղաքաշինության ու ճարտարապետության մասին։ Ինչն անշուշտ վկայում է, որ այս կերպ հասարակությունն ու մասնագետները փորձում են արտահայտել ոլորտին վերաբերող իրենց կարծիքներն ու մտահոգությունները: Այս քննարկումներում շատ հաճախ օրինակ է բերվում վերջին քսան տարիների ընթացքում Երևանում իրականացված ամենախոշոր քաղաքաշինական նախագծերից մեկը՝ Հյուսիսային պողոտան։ Դրա թե՛ ծրագրավորման, թե՛ կառուցման, թե՛ շահագործման վերաբերյալ բազմաթիվ անձինք ներկայացրել են իրենց դիրքորոշումները։
Այսօր Հյուսիսային պողոտան իրականություն է, ու չնայած արդեն մոտ հինգ տարի է, ինչ այն պաշտոնապես բացվել է, պողոտայի տարածքը դեռևս ամբողջովին իրացված չէ։ Հաշվի առնելով իր գործառական նշանակությունը՝ այն մարդաշատ է, բայց թե՛ բնակելի բարձր հարկերում, թե՛ առաջին հարկերում գտնվող հասարակական նշանակության տարածքները մասամբ են շահագործվում։ Ու չնայած Հյուսիսային պողոտայի մասին գրում են, որ այն չի համապատասխանում Երևանի մշակութային քաղաք լինելուն, որ հակաէկոլոգիական է, անմարդկային, բայցևայնպես, սա ամբողջովին նոր հանրային տարածք է, ինչպիսիք այսօր հազվադեպ են հանդիպում, ու մարդիկ աստիճանաբար սովորում են դրան, ժամադրվում այնտեղ:
Հաշվի առնելով այս ամենը, ՈւրբանԼաբը որոշեց իրականացնել տեսական փորձ՝ ևս մեկ անգամ քննելու 1999 թվականին մեկնարկած այս խոշոր քաղաքաշինական նախագծի իրականացման տարբերակները և բացահայտել այն ընդունելի լուծումը, որի իրականացման դեպքում հնարավոր կլիներ խուսափել քաղաքի պատմականորեն ձևավորված կառուցվածքի, դրա պատմության և մշակույթի մասը դարձած հուշարձանների և այլ արժեքավոր շինությունների քանդումից:
Իհարկե, սրան զուգահեռ պողոտան կպահպաներ երկու հանրային կենտրոնները միմյանց կապող իր գործառական ու կենցաղային նշանակությունը։ Վերլուծությունը կատարելիս կարևորվել են նաև առկա սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մակերեսները, որոնց զգալի մասը կարող էր վերածվել հանրային օգտագործման (ընդհանուր օգտագործման) տարածքների։
Կատարված ուսումնասիրությունում հաշվի են առնվել 1999 թվականին տարածքում առկա հուշարձանները, առկա կառուցապատումն ու տարածքում համաքաղաքային նշանակության հանրային ժամանցային միջավայր ստեղծելու գաղափարները, որոնք լայնորեն իրականացվել են մի շարք քաղաքների կենտրոնների վերակառուցման և վերակենդանացման ծրագրերում:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013