Փայտը Butcher Shop-ի ներքին հարդարման գլխավոր տարրերից է: Այս սրահում միանգամից աչքի են ընկնում հնաոճ դարակները, որոնց վրա շարված են աշխարհի տարբեր անկյուններից բերված գինիներ: Կան հայկական խառնուրդներ, գինիներ Իտալիայից, Արգենտինայից, Չիլիից, Ֆրանսիայից, Իսպանիայից: Դրանք անձամբ ընտրել է երևանյան ռեստորանային բիզնեսի վարպետ՝ Dolmama-ի և Butcher Shop-ի սեփականատեր Ժիրայր Ավանյանը: Գինու գները մինիմալ են, օրինակ, վարդագույն Armenia-ն՝ ընդամենը 1800 դրամ է: Ի դեպ, խմիչքը կարելի է պատվիրել նաև բաժակով, բայց այս դեպքում ընտրությունը զգալիորեն փոքրանում է: Ամեն շաբաթ այստեղ բաժակով գինու որևէ տեսակ են առաջարկում, օրինակ՝ նախորդ շաբաթ կար թեթև արգենտինական գինի: Գինու գավաթը մշտապես նույն գինն ունի՝ 1500 դրամ:
Ռեստորանի փոքր մենյուում կան նաև գինու հետ մատուցվող մի քանի ճա-շատեսակներ: Օրինակ՝ այստեղ կարելի է պատվիրել 3 ձվով, բաստուրմայով կամ սուջուխով ձվածեղ (4800դր.), նաև օրվա ապուր է լինում (1800դր.) և բազմատեսակ սենդվիչներ (բոլորը 2500 դր.): Սակայն ավելի լավ է պատվիրել պանրով կամ էլ մսով ափսե: Ե՛վ միսը, և՛ պանիրը կարող եք ինքներդ ընտրել վաճառասեղանից, այն ձեզ համար կկտրատեն և կմատուցեն փայտե ափսե-յով, որը բարակ շերտով կտրած ծառի բուն է հիշեցնում: Մսի տեսականուց արժե փորձել սուջուխը, որը նրանք ոչ թե գնում, այլ պատրաստում են հենց այստեղ: Butcher Shop-ի սուջուխը տարբերվում է մեզ ծանոթ սուջուխից՝ այն ավելի փափուկ է և ունի կոնֆետի ձև (այդպես էլ կոչվում է «սուջուխ-կոնֆետ»): Բաստուրմայով նման «կոնֆետները» արժեն 2500 դրամ:
Մսից և պանրից բացի այստեղ վաճառվում են տարբեր մուրաբաներ, կոմպոտներ, համեմունքներ, չրեր, ձավարեղեն, ինչպես նաև նոր թխված հաց: Ի դեպ, պատին ամրացված հեռուստացույցը, որքան էլ տարօրինակ թվա, սակայն Fashion TV ցույց չի տալիս (չնայած այդ ալիքը, չգիտես ինչու, շատ են սիրում քաղաքի բոլոր ռեստորաններում ու սրճարաններում): Փոխարենը միացված են Dolmama-ի հոլովակները, այնպես որ կարող եք հետևել հանրահայտ լորի մսով դոլմայի կամ սմբուկի ռոլլերի պատրաստմանը: Աստիճաններով իջնելիս կարելի է տեսնել առաջին հարկի հատակից մինչև երկրորդի առաստաղը ձգվող մի ցուցափեղկ-պատ, որը գինիներով լի պահարան է: Առաջին հարկում ռեստորանային մասն է. չկան վաճառասեղաններ, փոխարենը կան սեղաններ և աթոռներ: Մի քանի աթոռներ առանձնանում են ընդհանուր ինտերյերից՝ դրանք ճերմակ են, ծածկված կապույտ ծաղկավոր կտորով: Ժիրայր Ավանյանը դրանք պատահաբար է ձեռք բերել՝ մեկը պատրաստվում էր դեն նետել, նա էլ վերցրել է, տվել նորոգման ու դարձրել է Butcher Shop-ի ներքին հարդարման փոքրիկ առանձնահատկությունը:
Իհարկե, Butcher Shop-ը առաջին հերթին խանութ է, բայց այն նաև հրաշալի վայր է ժամանակ անցկացնելու համար. կա wi-fi, հանգիստ մթնոլորտ, լավ գինի՝ կատարյալ պայմաններ աշխատանքի համար: Միակ բանը, որ զարմացնում է՝ խանութից դուրս գալիս չի երևում Էյֆելյան աշտարակը:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013