Կար ժամանակ, երբ մայրաքաղաքի տների դռները փայտից էին, ու դրանց վրա յոթ պորտով թվային կողպեքները բացակայում էին: Հետո փայտը փոխարինվեց մետաղով, թվային կողպեքն էլ վրան՝ որպես բոնուս: Երևի դրա անհրաժեշտությունն իրոք կար: Դռների մի մասը մինչև այսօր կրնկի վրա բաց է, մի մասն էլ՝ «չըխկըլը փակ»: Բայց, միևնույն է, ամեն դռնից մի առանձին պատմություն է բուրում, բայց ոչ թե մետաղյա սառնությամբ, այլ փայտին հատուկ ջերմությամբ:
Արամի 13
Տիկին Կլարան 1935թ. նորածին էր, երբ իր առաջ բացեցին նախկին Սպանդարյան, ներկայիս Արամի 13 հասցեում գտնվող այս դուռը: Ավելի վաղ դռան տեղում եղել է Ամո Խառատյանի ավտոտնակի դուռը կամ, ինչպես ժամանակակիցներն էին ասում, «Ամոյի գառաժը»: Ամոն թատերական գործիչ է եղել և 2 մեքենա է ունեցել, որոնք ծառայել են իր թատերախմբին: Ավելի ուշ «Ամոյի գառաժի» դուռը դարձել է տիկին Կլարայի պապիկի ձիանոցի դուռ:
Պուշկինի 38
Առաքել աղա Աֆրիկյանին պատկանող շենքի դռան մասին միակ փաստացի տեղեկությունը պահպանվում է բռնակի վրա՝ «1813թ. գերմանական արտադրություն»: 1920-ականներին, ամեն շաբաթ-կիրակի Երևանի աղքատները հավաքվում էին հենց այս դռան մոտ Առաքել աղա Աֆրիկյանից յուղ, ջուր և բրինձ ստանալու: Դռան ներսում գործել է «Գավառական կոմիտեն» (ԳավառԿոմ) և «Երևանի Ցուցադրական դպրոցը», որտեղ առաջադիմությամբ փայլել են Սիլվա Կապուտիկյանն ու Սերգեյ Մերգելյանը: 1918-20 թթ. այն որպես բնակարանի դուռ է ծառայել Սարդարապատի ճակատամարտի հերոս Մովսես Սիլիկյանին: Դուռն անցել է նաև «Սովետական մանկավարժ», «Օլիմպիական ռեզերվ» ընկերությունների ձեռքի տակով:
Աբովյան 8
Դռան փայտյա վաղեմության միակ վկան ցուցանակն էր՝ «Այս տանն ապրել է Աղասի Խանջյանը 1930-1936 թթ.» գրությամբ:
Փավստոս Բուզանդի 41
Տիկին Կարինեն 1977թ. հարսի քողով հենց այս դռնից է ներս մտել: Այսօր արդեն դռան հետ «շփվում է» տանտիկնոջ իրավունքով՝ առանց ճերմակ քողի: Ավելի վաղ՝ 1950-ականներին, «Հայկոոպ միավորման» աշխատակիցներն են դուռը շահագործել: Տիկին Կարինեի սկեսրայրը՝ Միրաքյան Միրաքը, հրավեր է ստանում «Հայկոոպից»՝ որպես սննդի տեխնոլոգ աշխատելու համար: Այդ օրվանից դուռը դարձել է Միրաքյանների գերդաստանի պատմության փայտ վկան:
Դեմիրճյան 23
1950-ականներից քիչ ավելի վաղ նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի ընտանիքն է ապրել դռնից ներս, հետո՝ լեզվաբան Ղափանցյանը՝ իր ընտանիքով: Այսօր լեզվաբանի գերդաստանի թոռները՝ Անիտան, Արմանը, Արեգը և էլի ուրիշներն են շարունակում դռան հետ բարիդրացիական հարաբերությունները:
Աբովյան 3/1
105 տարվա դուռ է: Նախկինում դռան տերը եղել է հարուստ վաճառական Խանազադովը:
Դեմիրճյան 25
1956թ. սկսած՝ դռնից երաժշտության ձայն է լսվել: Դռան հետևում ապրել և ստեղծագործել են երաժշտության հետ «արյունակցական կապ» ունեցող անուններ՝ Էդուարդ Միրզոյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Արմեն Տիգրանյան (Ա. Տիգրանյանի թոռը), Էդուարդ Բաղդասարյան, Վաղարշակ Կոտոյան, Գրիգոր Եղիազարյան: Դուռը բացել է նաև Արամ Խաչատրյանը: Էդուարդ Միրզոյանի սանը՝ կոմպոզիտոր, պրոֆեսոր Յուրի Գևորգյանն ու նրա տիկինը՝ դաշնակահարուհի Ջուլիետա Սվասյանը այսօր այս երաժշտական դռան փառավոր անցյալի վկաներն են:
Արամի 54
Սսում են՝ ցարի ժամանակ՝ 30-ականներին, սա բանկի դուռ է եղել, hետո դարձել է թիվ 2-րդ հիվանդանոցի դուռ:
Աբովյան 28
46 տարի է՝ Աբովյան 28-ի դուռը թիֆլիսի բարբառով է «խոսում»: Թամարա Նադիվայդզեն՝ նույն ինքը Թամար բաբոն, ամուսնու՝ Ավագյան Սաշայի հետ գրեթե կես դար ներսուդուրս են անում այս դռնից: Դռան ներսում լավ ու վատ օրեր շատ են եղել, բայց ափսոս, տարիքն իրենն ասում է, դրանք հիշելու համար: «Էն վախտ էս դռան առաջին ֆրուկտովի բաղի, փայտոնի, ձի կար, համա հիմա, դրանից ավելի սիրուն տեսարան ա դռանս առաջին», - թիֆլիսահայ բարբառով ծոր է տալիս Թամար բաբոն:
Սարյան 11
Սարյան 11-ի դռնից ներս 83 տարին է բոլորել ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանը: Թամանյանի նախագծի համաձայն՝ քաղաքի այս մասում միայն նկարիչներ ու ճարտարապետներ պետք է ապրեին: Հասարակ գյուղացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ, մինիստրներ, նախագահներ, արվեստագետներ, ո՜վ ասես՝ չի մտել Սարյան 11-ի դռնից ներս՝ Անդրեյ Միրոնով, Լարիսա Գոլուբկինա, Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Ռաֆայել Իսրայելյան: Հենց Սարյան 11-ի դռան հետևում է, որ մի օր Անդրեյ Միրոնովը հերթական կերուխումի ժամանակ, երբ համտեսել է Սլավիկ Պարոնյանի տիկնոջ՝ բալետի պարուհի տիկին Անժելա Կապրիելովա Պարոնյանի պատրաստած թխեմալին ու բացականչել՝ Вы знаете что есть у меня? У меня есть друг Славик и тхемали...
Եզնիկ Կողբացու 50ա
1920-30-ականներին այս դռնից ներսուդուրս է արել «Հայհամերգը», իսկ 2-րդ համաշխարհայինի տարիներին եղել է զինվորական հոսպիտալի, ավելի ուշ՝ դպրոցի, հետո՝ ծննդատան դուռ: 1991-ից դուռը ծառայում է «ՍԻՄ» կուսակցությանն ու «Իրավունք» թերթին:
Մհեր Մկրտչյան 6
Նախկին Ալավերդյան, Հանրապետության, հիմա արդեն Մ. Մկրտչյան 6-ի դռնից են ներս մտել ու կոմսոմոլ կամ կոմերիտական դարձած դուրս եկել խորհրդային Երևանի քաղաքացիները: 1950-ականներից դռան ներսում Չիթչյանների ընտանիքն է կյանք սկսել: Տանտիկնոջ ջանքերով դռան փայտյա կոպտությունը միայն ամռան սեզոնին է հնարավոր քողարկել փարթամ կանաչի տակ:
Մոսկովյան 24
1930-ականներին քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ Բադալ Մուրադյանը շատերից մեկն է եղել, ով բացել է այս դուռը: Նախկինում դուռը միայն բնակիչների, այսօր նաև գրասենյակի տերերի առաջ է բացվում: 30-ականներից մինչև հիմա դուռը մազաչափ փոփոխություն չի կրել:
Սարյան 13
Դռան՝ «Ճարտարապետ Վարազդատ Հարությունյան» ցուցանակը վկայում է Թամանյանի նախագծի հաջողման մասին: Այսինքն՝ Սարյան 11-ն ու Սարյան 13-ը բախտակից դռներ են և՛ տանտերերի մասնագիտությամբ, և՛ ընդունած հյուրերի թանկ անուններով:
Պուշկինի 10
Ցավոք, Պուշկինի 10-ի դուռը շա՜տ ամուր էր փակված որևէ տեղեկություն հավաքելու համար: Չնայած ասում են, որ դռան ներսում ապրողներ կան:
Սասունցի Դավթի 50
«1930-ականներին մեր դուռը Մայակովսկի 50-նն էր, վերջերս դարձավ Ս. Դավթի 50: Բայց բոլորը որպես Բութանիա գիտեն: Ես 73 տարեկան եմ ու ինչքա՜ն հիշում եմ՝ էս դուռը կա», - պատմում է Մարիամ տատը, Ñ «Սա մշեցու դուռ ա, սա շեն, բայց ոչ հարուստ տան դուռ ա եղել միշտ: Դրա գաղտնիքն էն ա, որ էս դուռը երբեք փակ չի եղել ո՛չ ներսից, ո՛չ էլ դրսից: Դռնից ներս հի՜ն թթի ծառ կա. ես եմ տնկել, երբ 5 տարեկան էի: Դռնից ներս ուրախ ու տխուր առիթներ շատ են եղել: 3 տղա եմ ունեցել: 3 հարս ու 6 թոռ եմ էս դռնից ներս բերել: Նամակների տեղը տեսա՞ք դռան վրա: Փոստատարը թաղի բոլոր նամակներն էն ժամանակ մեր դռնից էր ներս գցում, որովհետև մեր դռան ներսում միշտ մարդ կար: Մեր դռան ներսում ամուսնուս շնորհիվ, միշտ աղավնիներ են ճախրել: Էս դռան աղավնիներին ո՜ւր ասես, ո՜վ ասես՝ չի եկել-տարել նկարահանումների»:
Պուշկինի 4
Այսօր տիկին Էմման է բացում այս «սպիտակ տան» պատմության դուռը: 1898թ. մինչև հիմա դուռը ծառայել ու ծառայում է տարբեր տերերի: 1920-30 թթ. դռան հետ «դրացիություն է արել» ներկայիս բնակչուհի տիկին Էմմայի սկեսրայրը, նրանից առաջ՝ Բունիաթյանը և դերասանուհի Անիկ Մկրտչյանը: 1937-38 թթ. Բունիաթյանին հենց այս դռնից են աքսորել:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2012