14 Օգոստոս 2013, 13:58
480 |

Ավելի բրենդային Երևան

Maeutica բրենդինգային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը պատմում է բրենդի շուրջ տարվող աշխատանքների ներկա փուլի, բրենդ ունեցող քաղաքի առավելությունների և երևանցու նույնականացման մասին:

Ո՞ր փուլում են աշխատանքները: 
- Ամենաթեժ փուլում ենք, գաղափարախոսության, արժեհամակարգի մշակումն ավարտվել է, աշխատում ենք վիզուալ հատվածի շուրջ: Ակտիվորեն ներգրավված են և՛ աշխատանքային, և արտ-խմբերը:  Կոնկրետ խնդիրների շուրջ են աշխատում՝ խորհրդանիշ, գրաֆիկ և կոնցեպտուալ լուծումներ, գույն և այլն: Մասնավորապես՝ լուրջ քննարկումներ են ընթանում շրիֆտային լուծումների վերաբերյալ՝ տառատեսակ, չափս, գույն, շրիֆտի կիրառությունը տարբեր ձևաչափերում: Երևանի համար հատուկ տառատեսակների ընտանիքի ստեղծման աշխատանքներին միացել է հայկական «Մարիամ» և «Գրապալատ» տառատեսակների հեղինակ դիզայներ Էդիկ Գաբուզյանը: Երևանի ֆիրմային, բրենդային տառատեսակը պատրաստ լինելուց հետո բաց կլինի օգտագործման համար: Վիզուալիզացիայի շուրջ աշխատանքները ծրագրում ենք ավարտել օգոստոսի վերջին, իսկ մինչև սեպտեմբերի վերջ աշխատել դրա գործնական կիրառման չափանիշների և մեխանիզմների վրա:

Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում վիզուալ խնդիրների լուծման համար: 
- Դրանք պետք է առավելագույնս ֆունկցիոնալ լինեն, պատասխանեն գաղափարախոսության հիմնական հարցերին և ընդգծեն դրանք: Միջազգային հարթակում ցանկացած բրենդի մշակումը ենթադրում է, որ վիզուալ լուծումները պետք է գաղափարախոսական սկզբունքների ընկալում տեսողական մակարդակում ավելի մատչելի դարձնեն:

Ի՞նչ ճակատագիր ունեցան գարնանը հայտարարված մրցույթում ներկայացված լոգոները: Ինչ-որ կերպ կիրառվելո՞ւ են Երևանի բրենդի վիզուալ լուծումներում: 
-
 Քաղաքապետարանի հայտարարած «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթն» հայ դիզայներներին, ստեղծագործ մարդկանց Երևանի շուրջ իրենց պատկերացումները վիզուալիզացնելու և ներկայացնելու հնարավորություն ընձեռեց: Առավելագույն ձայներ հավաքած տարբերանշանները որևէ կերպ չեն կիրառվելու Երևանի բրենդի վիզուալ լուծումների մեջ, բայց դրանց ստեղծողներն այժմ ակտիվորեն ներգրավված են արտ-խմբի աշխատանքների մեջ:

Ի՞նչ եք ներկայացնելու Էրեբունի-Երևան տոնակատարումների օրը: 
- Երևանի օրվա կապակցությամբ նախատեսվում է ներկայացնել Երևանի բրենդի կոնցեպտը, այս ընթացքում մշակվող վիզուալ լուծումները, առաջին հերթին՝ տառատեսակների ընտանիքը: Եթե մյուս վիզուալ լուծումները ևս այդ ժամանակ պատրաստ լինեն, կներկայացվեն նաև դրանք: Ամբողջ հարցը նրանում է, որ մարդիկ կարծում են, թե դա անպայման պետք է ինչ-որ պատկեր լինի, լոգո, բայց բրենդի վիզուալ լուծումը կարող լինել որոշակի գրաֆիկական, գունային հորինվածք, այլ ոչ թե հստակ պատկեր: Այնպես որ հնարավորության դեպքում կներկայացնենք վիզուալ լուծումների ամբողջ փաթեթը:

Ի՞նչ ներգրավվածություն ունեն երևանցիները բրենդի մշակման ներկա փուլում: 
- Ակտիվ էին, երբ ուսումնասիրում էինք միջավայրը համատեքստը հասկանալու և վերլուծելու համար: Այս պահին նրանց ներգրավվածության կարիքը չկա, բայց կլինի սեպտեմբերին, երբ սկսեն մշակվել սոցիալական գովազդների հայեցակարգերը, բրենդի քարոզարշավի իրականացման տարբերակները: Դարձյալ կանցկացվեն հարցումներ և ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե ինչ է պատկերացնում յուրաքանչյուր երևանցի իր քաղաքի մասին մտածելիս:

Ի՞նչ կասեք Երևանի բրենդի հովանավորների, դրա մշակման և առաջխաղացման մեջ նրանց ներգրավվածության մասին:
- Երևանի բրենդի շուրջ աշխատում են Maeutica և INSTID UK ընկերությունները՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Աշխատանքների սկզբից ի վեր ձեռք ենք բերել բազմաթիվ ինֆորմացիոն հովանավորներ, ինչպես նաև ընկերություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու ֆինանսական աջակցություն: Բրենդի մշակումից և շնորհանդեսից հետո, երբ մեկնարկեն բրենդի ինտեգրման, ինստալացիայի աշխատանքները, այդ հովանավորների կարիքն իսկապես կզգացվի: Աշխատանքների մի մասը հենց նրանց ֆինանսավորմամբ է իրականացվելու, մասնավորապես, վիզուալ լուծումները, ցուցապաստառների, գովազդային վահանակների, կոնցեպտային քանդակների տեղադրումը մեծ գումարներ են պահանջում: Երևանի բրենդի ինստալյացիան նաև մեծ հնարավորություններ է ընձեռելու գործարարներին: Վիզուալ լուծումները կարող են ծառայել դրանց հիման վրա տարբեր ապրանքների հատուկ արտադրության համար՝ խթանելով մի կողմից բրենդի տարածումը, մյուս կողմից՝ բիզնեսի զարգացումը:

Որքանո՞վ է Երևանի բրենդը ամբողջացնելու մայրաքաղաքի պատկերը:  
- Մենք նպատակ չունենք բրենդի միջոցով ներկայացնել նոր Երևան, ինչ-որ նոր նյութ մատուցել, որը դեռ պետք է մարսել և ընկալել: Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի բրենդն իր մեջ ամփոփի և՛ այն Երևանը, որը հիշում են՝ 60-ականների, 80-ականների, և՛ այն մյուսը, որը ձևավորվում է այսօր, որովհետև առանց դրա քաղաքն այլևս դժվար է պատկերացնել: Նախկինում մարդիկ հստակ պատկերացում ունեին երևանյան հանգստի մասին՝ երեկոները, ժամանցը, սրճարանը, առհասարակ՝ երևանյան մշակույթը: Այսօր այդ պատկերացումները ոչ միանշանակ են, մենք փորձելու ենք բրենդի միջոցով օգնել հստակեցնելու դրանք: Մենք բրենդի գաղափարախոսությունը չենք հնարում, մենք այն կառուցում և հավաքում ենք քաղաքի մասին եղած պատկերացումներից, հիշողություններից ու ապագայի սպասելիքներից: Բրենդը նաև վաղվա Երևանինն է լինելու:

Իսկ ինչպե՞ս է Երևանն ընկալում զբոսաշրջիկը և ինչպիսի՞ն կլինի նրա ընկալումը բրենդի ներդրումից հետո:  
- Զբոսաշրջիկի տպավորությունները Երևանից միանշանակ չեն, դժվար է տարանջատել՝ իրենք Հայաստան են եկել, թե հենց Երևան: Արտասահմանից եկող մարդիկ մեր մայրաքաղաքի նույնականացման խնդիր ունեն: Բացի այդ, մեծ կապ ունի, թե արդյոք նրանք գալիս են հենց զբոսաշրջության նպատակով, թե գալիս են հրավերով կամ հեռավոր ընկերոջը տեսնելու համար: Տարբեր պարագաներում նրանց տարբեր կերպ է մատուցվում Երևանը, և բրենդի ներդրումը նպատակ ունի նաև ամբողջացնելու, ամփոփ պատկեր մատուցելու օտարի աչքին, օգնելու նրան նույնականացնել Երևանը, ճանաչել ու հիշել այն: Մենք պետք է կարողանանք նաև չկողմնորոշված օտարերկրացուն բացատրել և հիմնավորել, թե ինչու Երևան և ոչ թե, օրինակ, Մոսկվա կամ Հռոմ:

Արդյո՞ք Երևանի բրենդը նպաստելու է նաև երևանցու նույնականացմանը:
- Միանշանակ: Մի կողմից ամբողջացվելու է Երևանի վերաբերյալ պատկերացումը, մյուս կողմից երևանցին ինքն է իրեն ավելի հստակ սահմանազատելու և նույնականացնելու: Խոսքը հատկապես երիտասարդների մասին է, նրանք քաղաքն ամենից ակտիվ քարոզողներն են: Ինչպես Երևանն է բրենդ, այնպես էլ երևանցին յուրօրինակ սուբբրենդ է, որը նույնպես հստակեցման կարիք ունի: Բրենդի տրամադրած մեխանիզմներն ու գործիքները նրանք հեշտությամբ կարողանալու են կիրառել իրենց նախաձեռնություններում: Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, ապա Երևանի բրենդի ներդրումից հետո ցանկացած ձևաչափի միջոցառման կազմակերպման ժամանակ հստակ պատկերացում կտրվի՝ ինչ անել, ինչու և ինչպես մատուցել: Մի խոսքով՝ Երևանի բրենդը շատ մեծ ու կարևոր դեր կունենա քաղաքի զարգացման մարտավարության մեջ, ճիշտ կուղղորդի այն՝ նոր հորիզոններ բացելով գրեթե բոլոր ոլորտների գործունեության համար:

Այս թեմայով