Տեղական տուրքը հանդիսանում է համայնքի, այսինքն՝ քաղաքապետարանի և ոչ թե մասնավորի սեփականությունը։ Իսկ հայտնի է, որ «Փարքինգ սիթի սերվիսը» հայտարարել է՝ կայանատեղիների շահագործման նոր կարգից ստացված եկամուտի 70 տոկոսն իրենն է։ Ի՞նչ է սա նշանակում՝ օրենքի խախտում՝ օրը ցերեկով։
Ավտոկայանատեղիների կարմիր գիծն իսկական պատուհաս է դարձել վարորդների գլխին։ Եթե մեկ ամիս առաջ գծանշանին հետաքրքրությամբ էին նայում՝ որպես առեղծվածային նորության, ապա հիմա նոր պարտավորությունների, տուգանք-տույժերի հոտ են առնում։ Օրենքը վճռաբար շրջանառվելու է, բայց հում ու չպարզաբանված կետեր կան։ Այդ բացթողումները տարաձայնությունների, իրավունքների խախտումների, պետություն-քաղաքացի կողմերի հակամարտության պատճառ են դառնալու։ Մեքենան մինչև 5 րոպե կայանելն անվճար է, սակայն ինչպե՞ս է վերահսկվելու՝ մինչև՞ 5 րոպե, թե՞ 5-ից ավելի է կայանել։ Ի վերջո, տեսախցիկներ ոչ բոլոր կայանատեղիներում են դրվելու։ Կամ՝ վարորդը վճարել է 1 ժամվա համար, բայց հանգամանքների բերումով 10 րոպեից հանում է մեքենան տվյալ կայանատեղիից ու այդ մեկ ժամվա ընթացքում կայանում մեկ այլ տեղ, նշանակում է՝ նորի՞ց է վճարում կատարելու։
Ճապոնիայում, օրինակ, համակարգը ներդրվել ու կիրառվում է կատարյալ ճշգրտությամբ։ Յուրաքանչյուր մեքենայի մեջ տեղադրված սարքեր կան, որոնք կայանելու և կայանումից հանելու առաջին իսկ վայրկյանն արձանագրում է, ու վարորդն ըստ չափված ժամանակի էլ կատարում է վճարումը։
Երևանում խնդիրները շատ են, օրինակ՝ չեն բացառվում թույլատրված հատվածներում զբաղվածության պատճառով կայանելու տեղ չգտնելու դեպքերը։ Մայրաքաղաքի տաքսի-ծառայությունների վարորդները սթրեսային վիճակում են, այնքան վրդովված, որ բոլորը մեկ մարդու պես որոշել են ուղղակի խուսափել կարմիր գծանշումներից և չկատարել վճարումները։ Ուղևոր ունենալու ակնկալիքով փողոցներում կանգնելու, ուղևորին սպասելու և կայանելու էլի շատ ու շատ առիթները տաքսիների վարորդներին մեծ մտահոգություն են պատճառել։ Խելամիտ տարբերակը, նրանց կարծիքով, տաքսիներին որոշ արտոնություններ տալը կլինի, օրինակ՝ ոչ թե 5, այլ 30 րոպե անվճար կայանել։ Սա ընդամենը ցանկություն է, վիճակը կարգավորելու ինքնաբուխ առաջարկ։
Ակնհայտորեն, ամեն ինչ արվում է, որպեսզի վարորդները վճարումների առաջարկվող տարբերակներից ընտրեն 12 000-ոցը՝ միանվագ վճար՝ ամբողջ տարվա համար։ Բայց դժվար չէ պատկերացնելը, թե սկսվող տարվա հենց հունվարի 1-ից վճարումներ կատարելու ինչ հոսք է սկսվելու։ Բնականաբար, ոչ ոք չի համաձայնի ավելի ուշ կատարել վճարումը, բայց հո ավտոմեքենան օդո՞ւմ չի կայանելու, մինչև տերը 12 000-ը մուծի։ Ուրեմն տերն այդ ընթացքում ստիպված է լինելու ժամավճարով, օրավճարով կամ ամսավճարով կայանել, ինչն ակնհայտորեն ավելի թանկ է։
Մինչև 2014-ը վարորդները ստիպված են վճարման վերջին երեք տարբերակներն ընտրել։ Ամենաէժանի՝ ամսավճարի տարբերակով ընթացիկ տարվա վերջին 4 ամսվա գումարը 2000-ական դրամ է, միասին՝ 8000, այսինքն՝ ընդամենը 4000-ով պակաս մեկ տարվա համար նախատեսված վճարից։ Պարզ հաշվարկով՝ մի քանի ամսում կստացվի համարյա այնքան շահույթ, որքան մեկ տարում։
Տեղական տուրքի մասին օրենքով՝ տեղական տուրքը հանդիսանում է համայնքի, այսինքն՝ քաղաքապետարանի և ոչ թե մասնավորի սեփականությունը։ Իսկ հայտնի է, որ «Փարքինգ սիթի սերվիսը» հայտարարել է՝ կայանատեղիների շահագործման նոր կարգից ստացված եկամուտի 70 տոկոսն իրենն է։ Ի՞նչ է սա նշանակում՝ օրենքի խախտում՝ օրը ցերեկով։ Հարցի մյուս կողմը'օրենքից դուրս. ով կատարում է ներդրումը, նա էլ տնօրինում է շահույթը։ Իսկ ներդրում կատարողը «Փարքինգ սիթի սերվիսն» է։