Նոր համակարգի կիրառումը, բացի քաղաքացիական անհանդուրժողականություն ու բողոքներ հարուցելուց, մի շարք հարցականների տեղիք է տալիս։
Մայրաքաղաքի փողոցներում կարմիր գույնով գծանշված օրինական կայանատեղիի հավակնություն ունեցող հատվածներում մեքենան կայանելու համար որոշ քաղաքացիներ արդեն վճարել են 2000 դրամ տուրքը։ Զգուշացումը եղել էր. չվճարելու դեպքում օգոստոսի 1-ից 5000 դրամ տուգանք էին մուծելու։ Պարզվեց՝ օրինական կեցվածք ունենալու ջանքերն իզուր են։ Մեքենան կարելի էր կայանել կարմիրով գծանշված տարածքներում ու ոչ մի դրամ ոչ մեկին չվճարել։ Տուգանքի ժամկետը, պարզվեց, հետաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը։ Իսկ ո՞վ է վերադարձնելու 2000-ական դրամները, որոնք բազում քաղաքացիներ վճարել են մեկ ամսվա համար։ Փաստորեն, վճարող-չվճարող՝ ոչ ոք չի տուգանվելու մինչև սեպտեմբերի 1-ը։
Նրանք, ովքեր, կվճարեն ոչ թե ժամավճար (մեկ ժամի համար 100 դրամ), կամ օրավաճար (մեկ օրվա համար՝ 500 դրամ), այլ մեկ տարվա համար՝ 12 000 դրամ, փաստորեն, վճարելու են ընդամենը մի քանի ամսվա և ոչ թե մեկ կլոր տարվա համար, որովհետև տարին արդեն ավարտվում է, և 2014-ի հունվարի 1-ից նոր տարվա համար պետք է կատարվեն նոր վճարումներ։ Հավանաբար գումարի չափը նույնը կմնա, ինչպես նշում է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը։ Ընկերությունը պարտավորվել է 10 միլիոն դոլարի ներդրում կատարել մայրաքաղաքի փողոցները կայանման նոր համակարգին հարմարեցնելու, կահավորելու, տեսախցիկներ տեղադրելու համար։ Նույն տեսախցիկը կարձանագրի, ասենք, Աստված մի արասցե, եթե կայանատեղիում որևէ ավտոմեքենա անզգուշաբար հարվածի մյուսին։ Նշանակում է՝ լիովին վերանում են մինչ այժմ մեր որդեգրած ստայանշիկների ինստիտուտն ու մշակույթը։ Հարյուրավոր անապահով մարդիկ զրկվում են օրվա հացից։ Վազգեն Հարությունյանն անկեղծ զարմացավ. «Իսկ մի՞թե վատ է, որ այլևս չենք տեսնելու անհրապույր արտաքինով, վարորդներից ապօրինաբար փող կորզող այդ ստայանշիկներին»։
Խեղճուկրակ ստայանշիկների գործունեությունն էլ նոր-նոր պարզվեց, որ անօրինական է՝ միայն 2013-ից, երբ որոշվեց կիրառել ավտոկայանատեղիների նոր համակարգը։ Իսկ մինչ այդ վարորդներից շորթված գումարները ո՞վ է վերադարձնելու, և ո՞վ է պատասխանատվություն կրելու տարիներ շարունակ անօրինական գործունեություն ծավալելու համար, ո՞ւմ գրպանն են մտել 100-200 դրամների բլուրները, հաստատ ոչ ստայանշիկների։ Նոր ավտոկայանատեղիների շահագործումից ստացված եկամուտի 70 տոկոսը «Փարքինգ սիթի սերվիս» ՍՊԸ-ին է լինելու, որից ԱԱՀ-ն կազմելու է համարյա 17 տոկոս։
Նոր համակարգի կիրառումը, բացի քաղաքացիական անհանդուրժողականություն ու բողոքներ հարուցելուց, մի շարք հարցականների տեղիք է տալիս։ Ո՞վ է հսկելու և ուղղորդելու ավտոմեքենան կայանող վարորդի գործունեությունը։ Ի՞նչ երաշխիք, որ բոլոր վարորդները բարեղիղճ են, մեքենան կայանում են՝ հաշվի առնելով նաև մյուսների շահերը։ Իսկ եթե վարորդը վճարել է 12 000 դրամը, բայց իր ուզած հատվածում չի կարող կայանել, որովհետև բոլոր տեղերը զբաղեցրա՞ծ են։ Իսկ եթե մի պապիկ ուզում է մեքենան կայանել ու վճարել 1 ժամվա համար նախատեսված 100 դրամը, բայց չի կարող իր հեռախոսից հաղորդագրություն և փոխանցում ուղարկել տվյալ հաշվեհամարին, որովհետև ուղղակի չի տիրապետում հեռախոսի ստեղնաշարից օգտվելու կարգին կամ հեռախոսը լիցքավորված չէ։ Ո՞վ է վճարելու՝ տաքսու վարո՞րդը, թե՞ ուղևորը, եթե վերջինս հրահանգել է տաքսու վարորդին կանգնել խանութի մոտ՝ որոշ գնումներ անելու։ Վազգեն Հարությունյանը հաստատեց՝ տաքսի ծառայությունը։ Ու այստեղ կառաջանա հակամարտություն տաքսու վարորդի և ուղևորի միջև։ Հարցերն ու խնդիրները շատ են ու պահանջում են հիմնավոր վերլուծություն։ Փաստն այն է, որ մեր համաքաղաքացիները չեն համակերպվում նոր օրենքի հետ։ «Փարինգ սիթի սերվիսի» երիտասարդ տնօրենը քաղաքացիական անհանդուրժողականությունն ու անհամաձայնությունները վերագրում է ապատեղեկատվությանը։ Հակառակի պես, ինչպես տեսնում ենք, բողոքի ակցիաների հեղինակները բավականաչափ գիտակ, ուսյալ ու կրթյալ մարդիկ են։