Եթե չհաշվենք ընդունելության քննությունները, ապա հայ մարդու կյանքում ամենասթրեսածին երևույթը, հավանաբար, արտասահման մեկնելու պատրաստություններն են: Հատկապես ճնշող են ԱՄՆ կամ Եվրոպա կատարվող այցերը, երբ պոտենցիալ ճանապարհորդն ի սկզբանե ունի «մեղավորի» կարգավիճակ և համապատասխան հյուպատոսներին ամեն կերպ պետք է ապացուցի, որ ոչ մի վնաս չի տա իրենց զարգացած երկրին. վիզայի համար պետք է վիզ դնել:
Մարինա
ԱՄՆ դեսպանատուն
Ախր ուզածս էլ մի մեծ բան չէր՝ տեսնել ամերիկյան Սուրբ ծնունդը: Տեսնել ու հետ վերադառնալ: 2010 թվականն էր: Ամբողջ տարի ժրաջան աշխատել էի, գումար էի հավաքել, որպեսզի կարողանամ հոգալ այդ թանկ հաճույքը: Աշխատավայրում մոտավորապես «հնգամյակը չորս տարում» էի արել, այսինքն՝ գործս, որը սպառնում էր տևել 2 ամիս, ավարտեցի 2 շաբաթում: Հավաքեցի համապատասխան փաստաթղթերս, վճարեցի դեսպանատուն մտնելու կլորիկ ու ամեն անգամ աճող գումարը, անգլիախոս ընկերներիս հետ լրացրեցի դեսպանատան կայքում անվերջ թվացող հարցաթերթիկը, անգամ գնեցի տոմսն ու պատրաստվեցի ինկվիզիցիայի դատաժողովին: Հարկ է նշել, որ այդ այցս ԱՄՆ երկրորդը պիտի լիներ իմ կյանքում, քանի որ մոտ 5 տարի առաջ, երբ դեռ ուսանող էի, անմոռանալի մեկ ամիս եմ անցկացրել այնտեղ: Մեկնել էի ընկերուհուս հարսանիքի արարողությանը մասնակցելու ու շատ պարտաճանաչ կերպով նշված ժամանակին վերադարձել էի: Թվում էր, եթե մեկ անգամ թողել են, այն էլ՝ ուսանողի, ով չուներ բանկային հաշիվ, չուներ ոչ մի սեփականություն, աշխատանք և այլ վիզաներ անձնագրի մեջ, ապա երկրորդ անգամ այս ամենի առկայության դեպքում դժվար թե մերժեն:
Եվ ահա նստած եմ սպասասրահում, արդեն հանձնել եմ փաստաթղթերս, սպասում եմ իմ հերթին: Կանչեցին: Սիրալիր ժպիտով մոտենում եմ, բարևում: Ամերիկացի կինն առանց դեմքիս նայելու հարցնում է, թե արդյոք խոսո՞ւմ եմ անգլերեն, թե՞ ոչ: Պատասխանում եմ, որ ոչ: Կիսաջարդված հայերենով մի երկու բնական ու սպասվող հարցեր է տալիս քթի տակ: Մեզ բաժանող ապակու պատճառով չեմ հասկանում դժվարամատչելի ու ցածր լսվող հայերենը: Խնդրում եմ, որ կրկնի: Նյարդայնացած համարյա գոռում է հարցերը ապակու վրա: Շփոթմունքից դողացող ձայնով պատասխանում եմ, քանի որ անցած անգամ դեսպանատան ներկայացուցիչը շատ սիրալիր ու ջերմ կին էր: Հետո վերցնում է աշխատավայրիցս ներկայացրած թուղթը ու հարցնում, թե որտեղ է գտնվում մեր գրասենյակը: Ասում եմ հասցեն: Նայում է թղթին ու հաղթողի դեմքով արհամարհական հայտնում, որ ախր թղթի վրա բոլորովին այլ հասցե է նշված ու դանդաղ տառ առ տառ փորձում է կարդալ հասցեն: Ես սկսում եմ բացատրել, որ նշված հասցեն իրավաբանականն է, իսկ ես հենց նոր ասացի մեր գրասենյակի ֆիզիկական հասցեն: Սկսեցի մտածել, թե ոնց կարելի է ավելի մատչելի բացատրել հայերեն չտիրապետող մարդուն իրավաբանական ու ֆիզիկական հասցեների տարբերությունը: Սակայն ապակուց այն կողմ արդեն որոշվեց իմ ճակատագիրը: Չհասցրեցի կողմնորոշվել, երբ ապակու տակի դարակից դեմքիս շպրտեցին անձնագիրս ու մերժման թերթիկը, որոնցից շատ կար այդ սեղանի վրա ինձնից հետո դիմող համաքաղաքացիներիս համար: Առանց դեմքիս նայելու շպրտեց հերիք չի, մի հատ էլ ձեռքով շարժում արեց, թե՝ գնա: Այդ շարժումն ինձ վերջնականապես ոչնչացրեց: Զարմանում եմ, թե ոնց կարողացա զսպել հուզմունքս ու ասել, որ ինձ մերժման դեպքում ստորագրություն է պետք, որպեսզի կարողանամ տոմսս հետ վերցնել: Նույն արհամարհական ու անգամ զզված դեմքով ստորագրեց ևս մի մերժման թուղթն ու նորից շպրտեց դեմքիս: Կանգնած մնացի անձնագրով ու երկու մերժման թղթիկով: Հուզմունքիս պատճառը այդքան մերժումը չէր, որքան այն վերաբերմունքը, որը ստացա դեսպանատան աշխատակցի կողմից: Ինձ նվաստացած ու ստորացած էի զգում: Աննկարագրելի տհաճ էր: Հարցազրույցս տևեց 3 րոպե:
Ռուզան
ԱՄՆ դեսպանատուն
2006 թվականին առաջին անգամ մերժում ստացա ԱՄՆ դեսպանատնից: Միջանցքում անվտանգության սարքերը ստուգեցին պայուսակս, աշխատողները հարցրեցին՝ հեղուկ, դեղորայք ունե՞մ: Հերթս եկավ ու կանչեցին հարցազրույցի պատուհանի մոտ: Ապակուց այն կողմ նստած դեսպանատան աշխատակիցը հարցրեց՝ ի՞նչ եմ ուզում, ինչի՞ համար եմ մեկնում ԱՄՆ, ո՞րն է նպատակս, ո՞ւմ մոտ եմ գնում, ո՞վ է գումար վճարում և այլ ստանդարտ հարցեր: Հարցրեցին աշխատանքիս, ընտանիքիս մասին: Պատմեցի, որ նախարարություններից մեկում գլխավոր մասնագետ եմ, ամուսինս՝ պետական խոշոր հաստատություններից մեկի փոխտնօրենն է: Ասացի, որ մեկնում եմ ԱՄՆ՝ զարմուհուս մոտ, ով Ամերիկայի քաղաքացի է, այնտեղ է կրթություն ստացել, ապրում է ամուսնու հետ միասին, ով նույնպես քաղաքացի է, երկու երեխա ունեն և աշխատում են առաջատար կազմակերպություններում՝ որպես գլխավոր մասնագետներ:
Զարմուհուցս ԱՄՆ այցելելու պաշտոնական հրավեր ունեի: Հարցազրույցը բավականին կարճ տևեց, մերժում ստացա: Պատճառաբանությունը հետևյալն էր՝ չեմ համապատասխանում ԱՄՆ օրենսդրությանը: Դեսպանատանը աշխատող ծանոթ ունեի, հետո նրանից տեղեկացա, որ ինձ հետ հարցազրույց վարող աշխատակիցը այդ օրը բոլորին մերժել էր մուտքի արտոնագիր տրամադրել: Բացի այդ, տեղեկացա նաև, որ ևս մեկ պատճառ կար. դեսպանատան աշխատակիցն ինձ սոցիալապես անապահով էր համարել:
2010 թվականին նորից ԱՄՆ դեսպանատուն մտա ու կրկին մերժվեցի: Ես 50-ն անց կին եմ ու ռիսկային խմբում եմ, երկու չափահաս որդի ունեմ ու իրենց կարծիքով կարող եմ ամենը թողնել ու աշխատանք գտնել ԱՄՆ-ում: Երկրորդ անգամ հարցազրույցը ավելի կարճ տևեց: Մերժում ստացա, ու ինձ շաբլոն թուղթ տվեցին, որի վրա գրված են մերժում ստանալու շաբլոն տարբերակները, մասնավորապես՝ «Հայաստանի հետ կապերը ամուր չեն»:
Մի ծանոթ ունեի, 1992 թվականին մերժում ստացավ դեսպանատնից: Ընդ որում՝ մինչ այդ մի քանի անգամ ԱՄՆ էր մեկնել, հարուստ, կայացած մարդ էր, մասնավոր ձեռնարկություն, նկարների պատկերասրահ ուներ: Նա բիզնես հրավեր էր ստացել ԱՄՆ-ում բնակվող գործընկերներից: Երևանում, բացի բազմատեսակ բիզնեսներից նաև կին, երեխաներ, թոռներ ուներ: Մերժման պատճառը կրկին նույնն էր՝ «Հայաստանի հետ կապերը ամուր չեն»:
Արեգ
Ֆրանսիայի դեսպանատուն
2010 թվականին մի շատ կարևոր գործուղման պետք է գնայի՝ լրագրող եմ, պատրաստվում էի լուսաբանել Ֆրանսիայում անցկացվող խոշոր փառատոներից մեկը, որին այդ տարի պետք է նաև մի շարք հայեր մասնակցեին: Սպասումները շատ էին, բայց մեր հայրենակցին փառատոնի գլխավոր մրցանակներից մեկը ստանալիս ես չտեսա, չնայած, որ ունեի փառատոնի՝ լրագրողական հավատարմագրում: Խնդիրները սկսվեցին դեռ ամենավաղ փուլում: Ֆրանսիայի դեսպանատան կայքն այն ժամանակ միայն ֆրանսերեն էր (հայերեն տարբերակը վերջերս են ավելացրել) և Շենգեն վիզայի ձևաթուղթը գտնելու համար պետք էր ահագին քրքրվել: Գտա, լրացրեցի, հավաքեցի բոլոր պահանջվող թղթերը, աշխատավայրից տեղեկանքի մեջ գրվեց, որ բոլոր ծախսերն իր վրա վերցնում է հիմնարկը, ու գնացի: Հարցազրույցի բոլոր եկածներին հավաքեցին մի փոքր սենյակում, առանց նորմալ հերթ կազմակերպելու: Երբ ինձ կանչեցին, առաջինը ներկայացրի փառատոնի պաշտոնական հրավերը: Հարցեր տվող աղջիկը շատ բարեհամբույր ուսումնասիրեց թղթերը, ասաց, որ ամեն ինչ կարծես թե նորմալ է, միայն թե հյուպատոսը պահանջեց քարտիս քաղվածքը, չնայած, որ հատուկ նշել էի՝ բոլոր ծախսերը հիմնարկի վրա են: Նշանակված օրը բերեցի նաև այդ թուղթը: Փառատոնը սկսվում էր ամսի 13-ին, ամսի 7-ին խոստացան տալ պատասխանը: Սակայն այդ օրը հանկարծ պարզվեց, որ հյուպատոսը տեղում չէ, հրավիրեցին 11-ին, գնալուցս երկու օր առաջ: Գնացի 11-ին, նույն աղջիկը հայտնեց, որ ինձ մերժել են: Զայրացա, հարցրեցի՝ արդյոք փառատոնի հրավերը նրանց համար ընդհանրապես ոչ մի բան չարժե՞ և պահանջեցի, որ ինձ ասեն մերժման պատճառը: Աղջիկը ոչ մի պատասխան չտվեց: Նույն օրը խմբագրությունից հյուպատոսին նամակ գրեցինք՝ ֆրանսերեն և խնդրեցինք մի կերպ հարցը լուծել: Հաջորդ օրը նա պատասխանեց, թե իբր խնդիրը նրանում էր, որ նշված չէր, թե կոնկրետ ինչի՞ վրա պետք է ծախսվեն հիմնարկից հատկացված միջոցները: Կրկին տարա այդ թուղթը, ևս մեկ օր անց վիզան վերջապես տվեցին, բայց այդ ամենն այնքան ձգձգվեց, որ ես կորցրեցի նախօրոք պատվիրված տոմսը, իսկ հաջորդ օրերին ազատ տոմս այլևս չկար: Այդպես, վիզան ի վերջո ստացա, բայց օգտագործել չկարողացա:
Խաչիկ
Մեծ Բրիտանիայի դեսպանատուն
Այս տարվա մայիսի սկզբին Լոնդոնում կայանալիք կոնֆերանսի մասնակցության հրավեր ունեի: Նեղ գիտահետազոտական գիտաժողով էր՝ նվիրված միջնադարյան իրանական եղբայրություններին ու ասպետական գաղափարախոսությանը: Աշխարհում այս թեմայով մոտ 20 մասնագետներ կան: Պետք է մեկնեի երկու օրով՝ ելույթ ունենայի ու վերադառնայի: Անգլիայի դեսպանատան օրենքի համաձայն՝ մուտքի արտոնագիր տրամադրելու համար պարտադիր է հրավերի օրիգինալը, պատճեն չի ընդունվում: Ի դեպ, Շենգեն գոտում գտնվող դեսպանատները ընդունում են նաև փաստաթղթերի սկան արած տարբերակը:
Ես խնդրեցի Անգլիայում կայանալիք գիտաժողովի պրոֆեսորին ուղարկել հրավերի օրիգինալ տարբերակը: Պրոֆեսորս, որը հրավիրող կողմն էր և վճարում էր ուղևորությանս գումարը, կրկին գումար ծախսեց, բայց ինչ-ինչ պատճառներով ուղարկեց սկան արած տարբերակը: Ես էլ ներկայացրեցի դեսպանատուն ու ստացա նամակ, որի համաձայն պահանջում էին ներկայացնել բանկային հաշիվս և պարտադիր կերպով հրավերի օրիգինալը: Գումարի խնդիր էր, և պրոֆեսորս ուղարկեց հրավերը սովորական փոստով: Արդյունքում, ես ստացա այն մեկ օր ուշացմամբ, երբ կոնֆերանսն արդեն մեկնարկել էր:
Կարծում եմ, որ գիտնականների համար վիզայի հատուկ պայմաններ պետք է գործեն բոլոր դեսպանատներում: Մեզ չի՛ հետաքրքրում երկիրը, ինձ համար տարբերություն չկա, թե որ երկրում է կազմակերպվում գիտաժողովը՝ Լոնդոնո՞ւմ, Մոզամբիկո՞ւմ, թե՞ Սոմալիում: Ի դեպ, 2008 թվականին ես արդեն մեկնել էի Անգլիա ու մասնակցել Քեմբրիջում անցկացված կոնֆերանսին: Աշխատել եմ Գերմանիայում, Իրանում, բազմաթիվ անգամ այցելել եմ Շենգեն գոտում գտնվող երկրներ:
Վարդան
Իտալիայի դեսպանատուն
Մի երկու տարի առաջ որոշեցի գնալ Իսպանիա հանգստանալու: Քանի որ դրանից առաջ էնքան Շենգեն վիզա ունեի, որ նույնիսկ ստիպված էի եղել անձնագիրս ժամանակից շուտ փոխել, ընդհանրապես չէի անհանգստանում Իտալիայի դեսպանատուն մտնելիս: Բնականաբար, ամեն ինչ նորմալ էր նաև հյուրանոցի ու աշխատանքային տվյալներիս հետ: Բայց ուղղակի ասացին՝ չէ: Բնականաբար, առանց որևէ բացատրության: Հետո տարբեր ասեկոսեներ լսեցի այն մասին, թե այդ օրերին դեսպանատունը ինչ-որ տուրիստական կազմակերպությունների հաճախորդներին էր տվել իր, այսպես ասած, «մրցանակային ֆոնդը», և մյուսներին արդեն մերժել էին, պլանը չգերակատարելու համար: Միգուցե և այդպես չէր, բայց որևէ այլ խելքին մոտ բացատրություն, թե ինչու ինձ թույլ չտվեցին մեկնել Իսպանիա՝ չկա: Առավել ևս, որ մի քանի շաբաթ անց ծանոթներիցս մեկը գրեթե մեկին մեկ իմ թղթերով դիմեց և հանգիստ գնաց հանգստանալու:
Էդգար
Գերմանիայի դեսպանատուն
2007 թվականին պետք է Հայաստանի լավագույն կիբերսպորտսմենների հետ՝ որպես թմի ղեկավար, մեկնեի Հաննովեր, մասնակցելու CeBIT միջազգային կոնֆերանսի շրջանակներում անցկացվող կիբերսպորտի Եվրոպայի առաջնությանը: Հրավեր կար, ամեն ինչ պատրաստ էր: Գնացինք, հարցազրույցը կարծես թե նորմալ անցավ, վերջում էլ ասացին, որ կզանգեն ու կհայտնեն, թե երբ գանք անձնագրերի հետևից: Անցան օրեր, մեզ ոչ ոք չբարեհաճեց զանգահարել: Ենթադրեցի, որ մերժել են, սակայն սկզբունքորեն ինքս չզանգահարեցի: Առանց Հայաստանի անցած առաջնության ավարտից մեկ ամիս անց վերջապես զանգ եկավ՝ «եկեք ձեր անձնագրի հետևից»: Գնացի ու պահանջեցի, որպեսզի բացատրեն մերժման պատճառները: Տվեցին տպած ինչ-որ ստանդարտ տեքստ, իսկ բանավոր հայտնեցին, որ ամբողջ խմբին մերժել էին այն պատճառով, որ, պարզվում է, Ինտերպոլի հանցագործների ցուցակում կա ոմն Էդգար Սահակյան ու պարզ չէր՝ դա ե՞ս եմ, թե՞ ոչ: Այսինքն՝ գրողի տարած քսանմեկերորդ դարում մարդու ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ է մի ամբողջ ամիս: Բարեբախտաբար, մեր երկու գեյմերներից մեկն այդուհանդերձ գնացել էր մրցաշարին: Գիտե՞ք ինչպես: Երբ գնաց դեսպանատուն ու պարզեց, որ մերժում է ստացել, վերցրեց քաղաքացիական անձնագիրն ու նույն պահին ներկայացրեց դիվանագիտականը՝ հայրը դիվանագետ էր:
Երբ հաջորդ տարի կրկին պետք է մեկնեինք Հաննովեր, նախօրոք էլեկտրոնային նամակ գրեցի, որտեղ խնդրեցի հնարավորինս շուտ պարզել իմ ինքնության պահերը, որպեսզի հերթական անգամ չզրկեն Հայաստանը միջազգային մրցույթի մասնակցությունից:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2012