31 Հուլիս 2013, 12:57
8512 |

Ո՜ղջ լինեք

«Բարո՜վ տեսանք… ո՜ղջ լինենք... մեր զույգ ծաղիկները իրար գլխից անպակաս…» ու այպես շարունակ ողջ երեկույթի ընթացքում կենացները քաղցրանում են: Իսկ դրանք քաղցրացնողը թամադան է՝ սեղանապետը կամ հանդիսավարը: Այս ծառայությունն այսօր վճարովի է ու անպակաս գրեթե բոլոր խնջույքներից: Բայց ծառայությունը մատուցողի կարծիքով թամադա լինելը ամեն մեկի խելքի ու հմտությունների բանը չէ:

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Եփրեմ Մարգարյանի համար հարսանիքի հրավերը նախևառաջ աշխատանք է, քան լիցքաթափվելու ու ուրախանալու առիթ: Մասնագիտությամբ զինվորականը երբեք չի պատկերացրել, որ մի օր թամադայի աշխատանքը դառնալու է նրա հիմնական զբաղմունքը: «Զորքում զորավար, ընտանիքում ղեկավար, սեղանի շուրջ սեղանավար՝ թամադա: Ոմանք ասում են հայ առաջին թամադան եղել է Հայկ նահապետը, ինչից կարելի է դատել, որ սա լուրջ գործ է ու ամեն մեկի բանը չէ», — ասում է Եփրեմը: Նրա բնութագրով՝ թամադան պետք է լինի արտիստիկ, ծանոթ լինի մեր ժողովրդական տառին ու բառին:

Արդեն փորձառու թամադան կամ ինչպես ինքն է իրեն սիրում կոչել՝ սեղանավարը, մշտապես խուսափել է ուշադրության կենտրոնում լինելուց ու կենաց ասելուց: Մի անգամ ծանոթներից մեկի հարսանիքի թամադան ուշացել է, ու սեղանավարի պաշտոնը վստահել են Եփրեմին: ՙԵրեկույթի վերջում ինձնից այցեքարտ էին ուզում: Հետո սկսեցին խորհուրդ տալ, որ փորձեմ, որ այս գործը մոտս լավ կստացվի: Մոտ մեկ տարի գրել-ջնջել եմ, պատրաստվել եմ»: Այսօր արդեն հարսանիքը նրա համար բեմ է, որտեղ դուրս է գալիս աշխատանքի ու եթե կարյերայի սկզբում անսովոր էր բոլորի հայացքների ներքո աշխատել, հիմա արդեն Եփրեմը չի սկսում խոսել, քանի դեռ բոլորը իրեն չեն նայում:

Թամադա վրացերեն է ու նշանակում է սեղանապետ: Ըստ հին ավանդույթի՝ թամադա էին նշանակում ազգի մեծին, ով բանիմաց էր: «Իսկական թամադան քայլող հանրագիտարան էր այն ժամանակ. գիտեր ամեն ինչ ու բոլորի մասին: Թամադան պետք է ամեն ինչից տեղյակ լինի, որ արարողությունը խելքի ու մտքի տոնի վերածի», — ասում է Եփրեմն ու պատմում, որ նախկինում յուրաքանչյուր հարսանիք բացի խոսքի թամադայից, ով կենացներ էր ասում, ուներ նաև պարի թամադա, ով հոգում էր, որ հյուրերը ակտիվ պարեին ու մասնակցեին ուրախությանը: Ինչպես բազմաթիվ այլ ավանդույթներ, այս ինստիտուտն էլ բազում փոփոխությունների է ենթարկվել: Այսօր սա բիզնես է, այն էլ մեծ մրցակցություն ունեցող բիզնես: «Այս գործի մեջ չպետք է կրկնվես: Անընդհատ թարմ ու նոր գաղափարներով պետք է հանդես գաս: Եթե մի քիչ թերացար, ծուլացար ու կրկնվեցիր, քեզ այլևս լուրջ չեն վերաբերի: Այսինքն՝ անընդհատ պետք է ստեղծագործես՝ թուղթ ու գրչին մոտ լինես: Պետք է տարբերվես ուրիշներից, որովհետև պատվիրատուները միշտ յուրահատուկ, առանձնահատուկ մի բան են սպասում իրենց հարսանիքին», — մասնագիտական հմտությունների մասին կիսվում է հանդիսավարն ու ավելացնում, որ թամադան պետք է ստեղծագործական մեծ պաշար ունենա, թե չէ միայն՝ ողջ լինենք, բարով տեսանք կենացներով գործը չի ստացվի. այդպես կարող է ցանկացածը ասել: Միևնույն ժամանակ չափից անցնել էլ չի կարելի, քանի որ ստեղծագործական մտքի թռիչքները ոչ բոլորը կարող են ընդունել ու հավանել, այսինքն՝ ստանդարտ բառերով ու ծրագրով հանդես գալը տարբեր միջոցառումների արդարացված չէ, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ մի քիչ հումորով կենացը նույն կերպ կընդունվի բոլորի կողմից:

«Ամենակարևորը այս գործում ուշադիր լինելն է բոլորի հանդեպ, որ ոչ ոքի աչքաթող չանես: Պիտի այնպես անես, որ բոլորի համ ու հոտով կարողանաս գնալ: Պրոֆեսինալիզմի առաձնահատկությունը հենց սրանում է: Իսկ ամենահաճելին մեր աշխատանքում ինձ համար այն է, երբ վերջում մոտենում ու շնոհակալություն են հայտնում, երբ զգում ես, որ դու գնահատված ես: Այդ պահին ես զգում եմ, որ իզուր չեմ այդքան գլուխ կոտրել: Շատ եմ սիրում առաջին պաշտոնական կենացը՝ հարս ու փեսայի կենացը խմելը, երբ իմ գրած կենացից զույգերը ժպտում են, ես ոգևորվում ու ներշնչվում եմ», — ասում է Եփրեմը: Կենաց խմելը թամադայի պարագայում փոխաբերական երևույթ է. «Գործի մեջ խմել չկա, քանի որ ոչ մեկի հաճելի չէ գինովցած հանդիսավարի հետ գործ ունենալ»:

Մասնագիտության առանձնահատկություններից է այն, որ թամադա չեն դառնում՝ դա մարդու միջից պետք է լինի, ո՜չ դպրոցը, ո՜չ պարապելը չեն օգնի», — վստահ է սեղանապետը: Մասնագիտությունը ոսկե կանոնների ցանկ ունի՝ չստել, ներկաներից ոչ մեկի հետ չվիճել, չլինել անուշադիր և անփույթ, լինել կիրթ, չլինել անհամ, չձանձրացնել հյուրերին: Իհարկե երբեմն ծիծաղելի ու անկանխատեսելի դեպքեր լինում են. «Մի անգամ, երբ առաջարկեցի խմել սիրո կենացը, հարսի տատիկը ինձ հրավիրեց տանգոյի: Նա 60-ն անց կին էր: Պարեցինք ու վերջում նա ուզեց իմ համարը և խոստում վերցրեց, որ ոչ ոք պետք է չիմանա այդ մասին», — մասնագիտական էքստրեմալ պահերի մասին ծիծաղելով պատմում է Եփրեմը:

Աշխատանքի բերումով Եփրեմը զգում է երևանցիների ուրախության զարկերակը: Նա, տարիների փորձից ելնելով, նկատում է, որ քաղաքացիների ուրախության մեջ անկում կա: «Մարդիկ շատ են սկսել տեղ տալ ձևին, քան լիաթոք ուրախանալուն: Ես օրինակ հիշում եմ, որ առաջ շատ բան չկար, բայց մարդկանց մեջ կար ուրախություն, իսկ հիմա ամեն ինչ կա, ու գուցե դա է պատճառը, որ հարսանիքը սովորական է դարձել»: Երեկույթի ուրախ կամ ոչ այնքան անցնելուց զատ հանդիսավարի պաշտոնն այսօր պահանջարկ ունեցող մասնագիտությունների թվին կարելի է դասել: Ծառայությունն իհարկե վճարովի է, իսկ գնային սանդղակը տատանվում է 50-ից մինչև մոտ 500 հազար դրամի սահմաններում: Կնունքներն ու ծնունդներ վարելն իհարկե ավելի մատչելի է, բայց գները ճկուն են ու կարող են տարբեր լինել տարբեր հաճախորդների համար:

Թամադա լինելը ավանդույթից սահուն վերածվել է մասնագիտության, որը, սակայն դեռ որևէ բուհում կամ դպրոցում չի ուսուցանվում, բայց այդպիսով այն մահացող մասնագիտություն մեր քաղաքում չի կարելի համարել, քանի դեռ քեֆ անողների քեֆը չի պակասել, խնջույք վարողների պահանջարկն էլ չի պակասում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2012

Այս թեմայով