Ամայի ափին «Դրախտ» կենսուրախ ցուցանակն անցնելուն պես տեսնում ենք հաջորդը՝ «սպորտանավերի ակումբ»: Երեխաները ջուր իջեցնելուց առաջ վերջին պատրաստություններն են տեսնում իրենց սպորտանավերի վրա: Նրանց հսկում է նավապետը՝ մարզիչ Սմբատ Հակոբյանը: Սա է նրա և իր աշակերտների դրախտը:
Ընդունել բնության մարտահրավերը
Նավապետ Սմբատ Հակոբյանը խիստ տեսք ունի. ասում է՝ այդպես է պետք, որ երեխաները չթուլանան ու գործին լուրջ վերաբերվեն: «Մեկ-մեկ, երբ արդեն բոլորը ցրված են լինում, ինձ կողքից հուշում են, որ արդեն կարելի է ժպտալ»: Սմբատը 1976-ից ջրի վրա է: «14 տարեկան էի, երբ առագաստն առա ձեռքս: Այդ օրից բաց չեմ թողնում»:
Հպարտությամբ է հիշում խորհրդային ժամանակները, երբ ծով չունեցող Հայաստանը ծանր քաշ ուներ առագաստային սպորտում. Սմբատի վարժեցրած երիտասարդներից շատերը դարձան Միության հավաքականի անդամներ: Լուրջ սպորտ էր, լուրջ մոտեցում պահանջող: Միակ հույսը Սևանը չէր. մարզումների համար հանգիստ կարելի էր գնալ միութենական մյուս հանրապետություններ: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո առագաստային սպորտը ոչ մեկին պետք չեկավ: Բազան փակեցին: Սմբատի ջանքերով այն վերականգնվեց մի քանի տարի առաջ. օգնեցին հին ընկերները, որոնց հետ երիտասարդ տարիներին քամի էին սանձում: Այս հարցում որոշիչ դեր ունեցավ առագաստային սպորտի ֆեդերացիայի ներկա նախագահը՝ Բագրատ Սողոմոնյանը: «Նա այնքան է այս գործին նվիրված, որ մեզ չմոռացավ նույնիսկ Մոսկվայում մեծ հաջողություններից հետո ու սեփական միջոցներով գնեց 12 փոքր սպորտանավ երեխաների համար», - պատմում է Սմբատը: Մյուսներն էլ օգնեցին՝ ով ինչով կարող էր: Հովանավորներից մեկը՝ Արմեն Տեր-Գրիգորյանը, ակումբին տրամադրեց ափին իրեն պատկանող տարածքը, տնակ ու մոտորանավակ: Ֆեդերացիան կառավարությունից քիչ գումար է ստանում. բավարարում է ամենամյա մրցաշարն անցկացնելու համար: Մնացածը՝ ալիքներն ու քամին, տալիս է բնությունը: «Մրցումների ժամանակ հակառակորդ համարվում են մյուս սպորտանավերը, - ասում է Սմբատը, - սակայն իրական հակառակորդը բնությունն է: Առագաստային սպորտի ամբողջ իմաստը նենց դա է. ընդունել բնության մարտահրավերն ու ապացուցել ինքդ քեզ, որ կարող ես նրան դիմակայել: Ու դա անելու համար պետք է ուղղակի ճիշտ օգտագործել այն, ինչ քեզ տալիս է նույն այդ բնությունը. քամին բոլորի համար միանման է փչում:
Ճանապարհ դեպի ծովեր
Ափին կա մոտ տասը երեխա: Հիմնականում տեղացիներ են: Անվճար են հաճախում ակումբ: «Մենք սա գումարի համար չենք անում», - բացատրում է Սմբատը: Երեխաները ձմեռն էլ անգործ չեն մնում. մարզիչը դպրոցների դահլիճներում անցկացնում է ֆիզպատրաստության ինտենսիվ դասեր, որպեսզի ամռանը բոլորը լինեն լավ վիճակում:
Այստեղ հավաքվում են հունիսի վերջից. պարապմունքների լավագույն ժամանակն է, քանի որ հիմա երեխաներից շատերը պատրաստվում են դպրոցի քննություններին, հուլիսի եղանակն էլ ամենահարմարն է: Օգոստոսին ծով դուրս են գալիս միայն ամենափորձառուները. քամիներն այնքան ուժեղ են, որ նույնիսկ նրանք են հաճախ դժվարանում: Պայմաններն այստեղ ընդհանրապես շատ բարդ են: Դրա համար էլ Սևանը համարում են արտակարգ վայր առագաստային սպորտի պարապմունքների համար: Սմբատը նշում է երկու կարևորագույն կետ: Առաջին. Սևանի ջուրը քաղցրահամ է, ինչի շնորհիվ նավակն ավելի խորն է սուզվում, քան աղի ջրում: Երկրորդ՝ ալիքներ: Ծովում դրանք ավելի սահուն են ու ավելի հեշտ են հաղթահարվում: Իսկ Սևանում «ծեծված» են ու ցածր և շատ ավելի դժվար են ենթարկվում: Ուստի Սևանը հաղթելուց հետո կարող ես քեզ վստահ զգալ ծովերում:
Արագություն ու ազատություն
«Երիտասարդ տարիներին նավարկությունը սկսում էին լճի սառույցի հալելուն պես՝ ապրիլին: Այնքան ցո՛ւրտ էր: Բայց մեզ ոչինչ չէր խոչընդոտում», - հիշում է Սմբատը: Շուրջս եմ նայում: Զգում եմ, որ ճանապարհ ընկնող երեխաները ոչ մի գնով չեն հրաժարվի Սևանի ալիքները ճեղքելու հնարավորությունից: Բոլորը ոգևորված են: Ոմանց համար սա լճում առաջին փորձն է: Երիտասարդ խմբում ամենափորձառուն տասներկուամյա Աշոտն է, ով արդեն երկու տարի է՝ ակումբի անդամ է: Չգիտես ինչու՝ դեմքն այսօր ներկված է. նման է ահեղ վագրի: «Երևանում մի աղջիկ նկարեց», - բացատրեց մարզիչին երիտասարդ նավարկողը: Ինձ էլ ասաց, որ առագաստային սպորտում ամեն ինչ է հետաքրքիր, բայց ամենազիլը նավակի կառուցվածքը սովորելն է: «Այդքան էլ հեշտ չէ այն հավաքել մեկնման համար. հենց այդ պատճառով էլ ավելի հետաքրքիր է»:
Բոլորը միաձայն ասում են՝ գլխավորը չվախենալն է: Տասնամյա Լևոնը միայն մեկ անգամ է լիճ դուրս եկել: Երկու անգամ ընկել է ջուրը, «բայց վախենալու ոչինչ չկա. բաճկոնը լավն է»: Տասնմեկ տարեկան Ագապին կրտսեր յախտսմենների խմբի երկու աղջիկներից մեկն է: Այսօր նա նույնպես երկրորդ անգամ կլինի լճում: Մարտական է տրամադրված: Աշխատասիրությամբ չի զիջում տղաներին: Միակ տարբերությունը ջրային համազգեստն է, որ տաք է պահում նույնիսկ սառը ջրում: Իսկ տղաները ցրտից վախեցողը չեն: Ի դեպ, Ագապիի հայրը ակումբի հին մարզիկներից է:
Սմբատի երկու դստրերն էլ են ժամանակին անցել այս դպրոցը: Այստեղ շատերն են ծնողների օրինակին հետևում ու կարծում են, որ սերունդների շարունակությունը հաջողության գրավականներից է: Սմբատի բացակայության ժամանակ նրան փոխարինում են Հովիկը, Արտակն ու նավապետի որդին՝ Ռազմիկը: Սպասում են՝ կրտսերները ափ վերադառնան, որ իրենք սլանան քամու հետևից՝ հեծնելով երեք մեծ «Լուչերը». այս նավակները փոքր «Օպտիմիստներից» շատ ավելի արագ են: Ռազմիկի կարծիքով՝ այս մարզաձևում ամենատպավորիչն արագությունն ու ազատությունն են: Հավանաբար, ակումբում հենց սա է փնտրում տասը տարեկան տարօրինակ անունով տղան՝ Ֆրիդը, ով այս սպորտի համար շատ համապատասխան է:
Առագաստի տակ նավարկել
Սպորտանավերի ակումբը կյանքի դպրոց է: Ամեն ինչից զատ՝ այստեղ սովորում են սիրել բնությունն ու հարգել մյուսներին: «Վստահ եղեք, որ եթե մրցումների ժամանակ երեխաներից մեկն օգնության կարիք ունենա, բոլորը կշտապեն ձեռք մեկնել: Ոչ մեկի մտքով չի անցնի օգտվել իրավիճակից ու մյուսներից շուտ անցնել հեռավորությունը», - հավաստիացնում է Սմբատը: Այս խմբային ոգին արտահայտվում է ոչ միայն ջրի վրա, այլև զամաքում. միասին են նավակները պատրաստում մեկնելու:
Մի քանի «Օպտիմիստ» ու «Լուչ» իջնում են ջրի վրա: Շատ ժամանակ չկա. առավոտվանից լճի վրա ամպեր են հավաքվում: Բայց կես ժամն էլ բավական է, որ արբենաս բնության հետ միաձուլման, տարերքի ու ազատության զգացումից: Նայում եմ, թե ինչպես են հորդ անձրևի տակ երեխաները երջանիկ դեմքերով նավակները ափ հանում ու հստակ հասկանում, որ նրանց ամենամեծ ցանկությունը առագաստի տակ նավարկելն է: Նշանակում է, որ Հայաստանում այս մարզաձևը մեծ ապագա ունի: Նավապետ Սմբատն էլ, անշուշտ, նույնն է մտածում: Իզուր չէր, որ բացառության կարգով դեմքին ժպիտ շողաց:
«Ереван» ամսագիր, N7-8, 2013