Այս իրերը գրավում են շատ-շատերին, որովհետև դադարել են սովորական լինել: Հրաչի սեղանին հայտնված պատմության մասնիկ դարձած իրերը ոչ մի կերպ չեն ինտեգրվում թվային դարին:
Հրաչն իր կնոջ ու դստեր հետ ավելի քան քսան տարի վերնիսաժում վաճառում է բացառիկ իրեր: Նրա փոքր սեղանին են հայտնվում ամենազարմանալի իրերը: «Բերողները հայերն են, գնողները՝ հիմնականում այլազգիները: Ես լուսանկարչական ապարատներից այնքան էլ գլուխ չեմ հանում, բայց գիտեմ' որն է լավը, որը՝ ոչ»,- խոստովանում է Հրաչը:
Լուսանկարչության և կինոարվեստի սիրահարները անտարբեր չեն անցնի նրա սեղանի կողքով, այստեղ են լուսանկարչական արվեստի «էվոլյուցիայի հերոսները»: Բայց նրանք միշտ չէ, որ եղել են այս սեղանի «ընտրյալները»: Սկզբում Հրաչը վաճառում էր փայտից պատրաստված իրեր: Ժամանակի ընթացքում դրանց փոխարինեցին ժամացույցները՝ հատը՝ 350 դոլար: Սեղանին դրանցից մնացել է միայն մեկը' բարակ շերտով ոսկեջրած, փոքր և հին: Ժամանակին տանն էլ է շատ ժամացույցներ ունեցել, թեև տանել չի կարող դրանց տկտկոցը: Մինչև հիմա իր տանը պահում է ամենացածր ձայնով տկտկացողին' Ռոմեո և Ջուլիետը:
Իրերը գնում է տարբեր մարդկանցից: Առաջարկված ապրանքներից շատերը վերանորոգվում են: Ի դեպ, լուսանկարչական կամ կինո ապարատներ բերողները բոլորովին կապ չունեն այդ ասպարեզի հետ: «Գնորդին լավ գին կարող եմ առաջարկել, բայց շատերն անտարբեր են, քանի որ սրանք իրենց «կյանքն ապրել են» ու այլևս պիտանի չեն»: Թվային տեխնոլոգիաների դարաշրջանի «թվային» երիտասարդությունը չի հասկանա' ինչպես կարելի է տուփի նմանվող Аврора Super 8 կինոխցիկով նկարահանել մարդկանց: Իսկ այսպիսի հին կինոխցիկները շատ են նրա մոտ: Իհարկե, որոշ հատվածներ գունաթափ են, իսկ վերջին անգամ օգտագործված ժապավենները կրում են տարիների փոշին:
Սակայն կան մարդիկ, ովքեր գնում են հին ապարատները և օգտագործում իրենց լուսանկարչական ստուդիաներում կամ հեռուստատեսային հաղորդումների տաղավարներում' որպես գեղեցիկ դեկոր: Հրաչի գնորդներից մեկը Թամանյանի մասին ֆիլմ նկարելիս է ձեռք բերել այսպիսի կինոխցիկ:
Իրերի մեջ աչքս դիպավ փողոցների չափումների համար նախատեսված չափագրական սարքին' թեոդոլիտին: Այն դեռ կիրառելի է շենքերի միջև եղած հեռավորությունները չափելու համար: Թեոդոլիտի կողքին կարելի է տեսնել տարբեր չափի հեռադիտակներ, ամենահինը գրեթե հարյուր տարեկան է' 1915 թ.: Սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն խորհրդային տարիների վերապրուկ փայտե ճամպրուկները, որոնք նույնպես դարձել են ֆիլմի հերոսներ: Նրանց կողքին ծանր-ծանր նստել է մի դեղին կշեռք, որն արդեն չորս տարի է՝ չի գտնում իր գնորդին: «Ես նույնիսկ արդեն ամաչում եմ, որ նա դեռ իմ սեղանին է», - խոստովանում է Հրաչը:
«Կան հին իրերի մոլի սիրահարներ: Ես հանդիպել եմ այդպիսի մարդկանց: Մի անգամ ամերիկյան արտադրության կողպեք էին բերել ինձ մոտ: Փայլեցնելուց հետո, պարզվեց, որ եզրերը մաքուր ոսկուց էին: Հետագայում կողպեքների հավաքածու ունեցող մի ռուս կին գնեց այն: Նա աշխարհով մեկ հավաքում էր հետաքրքիր կողպեքներն ու իր հայրենիքում տեղադրում դրանք բետոնե պատի մեջ: Հայաստանից տարված կողպեքն էլ իր տեղը գտավ այդ պատում: Մի մարդ էլ հին մկրատների սիրահար էր, դարձյալ ինձ մոտ էր եկել»:
Հրաչի մոտ երբևէ եղած ամենահին իրերի շարքում է նավերի կամ օդանավերի համար նախատեսված հետաքրքիր բռնակով կողմնացույցը: Դատելով վրայի ռուսական գերբից՝ ցարական ժամանակների իր է: Տասնամյակների տարիք ունի նաև սկաուտների առաջնորդ Ռոբերտ Բադեն-Փովելլի ոսկեջրած մեդալյոնը: E.R. Exclusive Edition փորագրությունը հուշում է, որ այն եզակի է, բայց չի ասում՝ ինչպես է հայտնվել Հրաչի մոտ ու ինչու ցայսօր իր գնորդին չի գտել:
Հրաչի մասնագիտությունը հստակ չէ. «Հացի փռում եմ աշխատել, տեքստիլի և ժամացույցի գործարաններում էլ: Պատշար եմ, վերանորոգող. մի տուն եմ կառուցել: Փայտի գործից հետո արձանիկների ռետուշոր եմ աշխատել: Հայի բնավորություն է' կողքից նայելով և ուսումնասիրելով' ցանկացած բան կարող ես սովորել: Հիմա աշխատում եմ առավոտից երեկո: Եթե ես չվաճառեմ, չեմ կարող ապրել: Գիտեմ, որ առևտուրը խաբեություն է,գնում ես հինգ կոպեկով, վաճառում յոթ կամ տասը: Հենց տեսնում եմ՝ գնորդի սիրտը կպել է, բայց փող չունի, չեմ երկմտում, նվիրում եմ»:
Ժպտերես և զվարթ մարդու տրամադրությունը կտրուկ փոխվեց, երբ հարցրի՝ ով է վերնիսաժում անցկացրած քսան տարիների ընկերը: Ցույց տվեց իր հետևի կողմը: «Ժամանակին հին ճամպրուկներն այստեղ էի դնում, ահռելի թթի ծառ կար: Կտրեցին: Շատ եմ կարոտում նրա շվաքում նստելը»:
Խոսակցությունն այլ ուղղությամբ տարավ, նորից սկսեց պատմել իր մոտ հայտնված ամենայուրահատուկ իրերի մասին. «Չիգանկաներ էլ եմ ունեցել: Պրոեկտոր եք ասում, թե ինչ, դրա հին տեսակն էլ ունեմ: Սա էլ հենց տեղում լուսանկարը տպող ապարատ է: Իսկ էսպիսի բան ոչ ոք չունի. առաջ ֆիլմ նկարելիս այս փոքր էկրանով կարելի էր անմիջապես նայել, թե ինչ տեսարան է ստացվել»:
Այս իրերը գրավում են շատ-շատերին, որովհետև դադարել են սովորական լինել: Հրաչի սեղանին հայտնված պատմության մասնիկ դարձած իրերը ոչ մի կերպ չեն ինտեգրվում թվային դարին: Նրանք անցյալից հայտնված տարաշխարհիկներ են, ուրիշներ: