Ժամանակակից մարդուն կարող է թվալ, որ այլևս գրադարանների կարիք չկա. տեխնիկական զարգացման շնորհիվ կարելի է առանց տնից դուրս գալու համացանցում գտնել ու կարդալ ցանկացած գիրք: Այսպես, իհարկե, հարմար է, բայց միևնույնն է՝ ոչինչ չի համեմատվի գրապահոցների ահռելի սրահներում տիրող լռության հետ: Միանգամից ասենք հոռետեսներին, որ Երևանում գրադարանների պակաս չկա, ավելին՝ հայերը կարդացող ազգ են: Մայրաքաղաքի ամենամեծ գրադարաններում փորձեցինք գտնել յուրաքանչյուրի ինքնատիպությունը:
Ամերիկյան համալսարանի գրադարան
Գիշերվա երեքին «Ո՞րտեղ է գրադարանը» հարցը Երևանում շատ անհեթեթ չի հնչի: Այստեղ կեսգիշերից հետո էլ կարող եք նստել գրադարանում. Ամերիկյան համալսարանի գրադարանը փակվում է 2:00 ու աշխատում ամեն օր: Գրադարանում պահվում է շուրջ 45 000 իսկական ու 50 000 էլեկտրոնային գիրք: Ընտրանին մեծ է՝ ամբողջ աշխարհից հավաքված ակադեմիական, մասնագիտական գրականություն ու նոր գիտական հոդվածներ: Կարդացողների հարմարության համար գրադարանը տրամադրում է հատուկ րիդերներ, որոնց թիվը սեպտեմբերին կաճի՝ հասնելով մի քանի հազարի:
Գրադարանում առանձնանալ ցանկացողների համար կան պատուհանի մոտ գտնվող հատուկ «բներ»: Վերջերս էլ ԱՄՆ-ից ստացան Հայաստանում ամերիկյան գրականության միակ էլեկտրոնային հավաքածուն: 2012-ին գրադարան այցելել է 12 000 ընթերցող:
Եղիշե Չարենց գրականության թանգարանի Հայագիտական գրադարան
Եղիշե Չարենց գրականության թանգարանի Հայագիտական գրադարանը հասարակական չէ, սակայն շատ է սիրված ընթերցողների միջավայրում: Այստեղ պահվում է մոտ 80 000 տարալեզու գիրք, 1512-1800 թվականների միջև լույս տեսած տարբեր հազվագյուտ հրատարակություններ ու մամուլի հարուստ արխիվ: Գրադարանում կան հնամաշ կազմերով գրքեր, որոնք հատուկ խնամքով են պահում՝ չկորցնելու բնական տեսքը, չարժեզրկելու ժամանակակից կազմերով: Ստամբուլցի բանասեր Թորոս Ազատյանը գրադարանին նվիրեց «Ախթարք» հայերեն գրքի աշխարհում միակ օրինակը, որ տպվել է Վենետիկում 1513-ին՝ «Ուրբաթագրքից» մեկ շաբաթ հետո:
Այստեղ են պահվում Ռաֆայել Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի ու մյուս հայ ականավոր գրողների գրապահարանները: Մամուլի հարուստ պահոցում գտնվում են Ստամբուլում 1895-1918 թվականներին հրատարակված «Բյուզանդիոն» հայկական գիտական-գրականական ու քաղաքական հանդեսի բոլոր համարները. նույնիսկ Մատենադարանը չի կարող հպարտանալ նման հարստությամբ: Այս գրադարանի գրքերով հետաքրքրվում են առաջին հերթին ուսանողներն ու դասախոսները:
Խնկո Ապոր Հայաստանի ազգային մանկական գրադարան
Խնկո Ապոր գրադարանը իսկական մանկական մշակութային կենտրոն է, որտեղ փոքրիկները կարդալուց բացի զբաղվում են նաև արվեստով: Գրադարանն ունի կես միլիոնից ավելի մանկապատանեկան գիրք: Եզակի, հաստափոր հատորներ չկան, բայց գրադարանը դրանց կարիքը չունի: Խնկո Ապոր գլխավոր առավելությունը երեխաներին գրավելու և հետաքրքրելու արվեստն է: Գրադարանում գործում են թատերական ու գրական խմբակներ. սովորեցնում են անգլերեն ու նույնիսկ ճապոնական օրիգամի: Այստեղ կա նաև հեքիաթների սրահ, երաժշտական սենյակ: Ազատ ստեղծագործության սրահում երեխաներն արարում են արվեստի զանազան գործեր: Ծնողներն իրենց փոքրիկներին կարող են թողնել նաև միջոցառումների սենյակում, որտեղ նրանք կունենան ժամանցի բազմաթիվ հետաքրքիր և ուսանելի տարբերակներ: Խնկո Ապոր գրադարանում ամեն տարի 100-ից ավել միջոցառում է անցկացվում՝ մրցույթներ, ցուցադրումներ, փառատոներ, ներկայացումներ: Անցած տարի գրադարանն ունեցել է 16 000 այցելու:
Ավետիք Իսահակյան կենտրոնական գրադարան
Ավետիք Իսահակյան գրադարանը լավագույն վայրն է նրանց համար, ովքեր սիրում են գիրք կարդալ գեղեցիկ այգում՝ մաքուր օդին: Այգու կենտրոնը զարդարող թփերին տվել են Աբու Լալա Մահարիի քարավանի տեսքը:
Գրադարանում պահվում է 662 220 գիրք՝ հիմնականում գեղարվեստական գրականություն: Ընթերցողների շրջանում հիմա էլ մեծ տարածում ունեն Շեքսպիրի, Թումանյանի, Բայրոնի, Ռեմարկի, Շիրվանզադեի և այլոց գործերը: Ամենահին գրքերից է 1784-ին Վենետիկում լույս տեսած Միքայել Չամչյանի «Հայաստանի պատմությունը»: Այստեղ գործում է նաև գրող Լիպարիտ Սարգսյանի ղեկավարած մանկական գրականական ակումբը, որի անդամ երեխաների լավագույն գործերը տպագրվում են «Առաջին ծիլեր» ժողովածուի էջերում:
Հայաստանում Ամերիկայի դեսպանատան օժանդակությամբ գրադարանում բացեցին «ամերիկյան անկյունը», որտեղ ամերիկացի կամավորները դասավանդում են անգլերեն: Գրադարանի հարստություններից է նաև էլեկտրոնային գրքերի ահռելի պաշարը, որը ներառում է հայ գրողների՝ Թումանյանի, Շանթի, Տերյանի, Իսահակյանի գործերը: 2012-ին գրադարան այցելել է 290 943 ընթերցող:
Հայաստանի ազգային գրադարան
Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկն այստեղ չկարողանա գտնել ուզած գիրքը: Հայաստանի ազգային գրադարանը հայկական հրատարակչական արտադրանքի աշխարհի մեծագույն պահոցն է. ապշեցնում է գրադարանում գտնվող մամուլի ծավալն ու բազմազանությունը. յոթ միլիոն միավոր՝ 1512-ին Վենետիկում տպված «Ուրբաթագիրք» առաջին հայերեն գրքից, 1794-ին Մադրասում «Ազդարար» առաջին հայկական պարբերականից մինչև ժամանակակից թերթերի ու ամսագրերի վերջին համարները: Մամուլի ընդհանուր քանակը 415 000 օտարալեզու և 25 407 հայերեն համար է:
Այստեղ է պահվում աշխարհում հայկական հմայիլների՝ մեծությամբ չորորդ հավաքածուն՝ 13 տպագիր և 1 ձեռագիր գիրք, որոնք չար ուժերից պաշտպանելուն զուգահեռ ունեն նաև բուժիչ հատկություններ:
Յուրահատուկ է 1717-ին Ստամբուլում ստեղծված 703 սմ երկարություն ունեցող հմայիլը: Ազգային գրադարանում պահվում է 1666-ին Ամստերդամում հրատարակված առաջին տպագիր հայալեզու Աստվածաշունչն ու նույն վայրում 29 տարի հետո տպված առաջին հայկական քարտեզը: Հայաստանի ազգային գրադարանը գրքերի թվով գերազանցում է Ադրբեջանի, Վրաստանի, Բելոռուսիայի և Ղազախստանի ազգային գրադարանները: Այստեղ կա նաև էլեկտրոնային գրականության մեծ պաշար:
1919-ին ստեղծված Հայաստանի ազգային գրադարանի բաժանորդներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը. ցուցակը շատ երկար է: Դժվար է մտաբերել որևէ անվանի հայ, ով չի օգտվել Ազգային գրադարանի գանձերից: Այսօր «մեր չկարդացող հասարակությունում» օրական 1000 ընթերցող է այցելում գրադարան: