Հոմերոսը դեռևս Քրիստոսի ծննդից տարիներ առաջ հարց բարձրացրեց. որ դարաշրջանն է սա` արևածագի՞, թե՞ մայրամուտի: Հարցի արդիականությունը հուլիսի 12-ին Թումո կենտրոնում ևս մեկ անգամ վերհիշեց աշխարհահռչակ վավերագիր, կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն:
Կաթոլիկ եկեղեցու նախկին վանականն դասախոսությունը կարդաց ասես քարոզ՝ խոսելով գեղեցիկի, աշխարհընկալման, համարձակության ու երկմտանքի մասին: Բանախոսն ասես այլ իրականությունից լիներ, նրա քարոզածը գիտակցության ու ենթագիտակցականի ուղիղ արանքում ընկած վախն էր: Իրականությունն ընկալելու ու իրականությանը դեմ գնալու համարձակության վախը:
Եթե վավերագրական կինոն իրականությունն ապաստանող գմբեթ է, ապա Գոդֆրի Ռեջիոն այդ գմբեթը պահող հիմնասյուներից է: 13 տարեկանում լքելով հայրական տունը, Գոդֆրին ընդգրկվեց կաթոլիկ վանականների շարքերում: Աղոթքների ու լռության մեջ պատանին հասկացավ, որ մարդկությունը կորցնում է հոգևոր արժեքները: Իր հետագա ստեղծագործական ուղու ընթացքում եկավ եզրահանգման, որ հոգևորի կորստի հիմնական մեղավորը տեխնոլոգիական առաջընթացն է: Ու հետայդու Ռեջիոն անխնա քննադատության է ենթարկում ցանկացած տեխնածին երևույթ: Հոգևոր-տեխնոլոգիական պատերազմի հետևանքով էլ ստեղծվեց յուրօրինակ ու անկրկնելի ֆիլմաշարերից մեկը' «Քաթցի» եռապատումը: Ի սկզբանե, որպես վավերագրական նկարահանված «Նաքոյքաթցին», «Պավաքաթցին» և «Կոյանիսքաթցին» հնչյունապատկերային էսսեների շարք են, որտեղ վավերագրությունն ու գեղարվեստականը բախվում են միմիանց:
Հատկանշական է, որ կինոն ինքնին տեխնոլոգիական արվեստ է: Ու ռեժիսորը նշում է, որ ինքն այս տեխնածին ու հոգեկորույս իրականության մեջ, տեխնոլոգիաների դեմ պայքարում է առաջադեմ տեխնոլոգիաներով: Նա վստահ է, որ ունակ է վերադարձնել հոգևորից գոնե մի կտոր: Նրա ինքնավստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ վարակիչ են: «Եթե ես կինոյում կայծեր եմ բաց թողնում իմ նպատակին հասնելու համար, ապա իմ մեծանուն ուսուցիչը' Արտավազդ Փելեշյանը, գնդաձև կայծակներ է արձակում: Ականջալուր եղեք: Իրականում կույրը լոկ նա չէ, ով չի տեսնում, խուլը լոկ նա չէ, ով չի լսում, մենք բոլորս էլ կույր ենք ու խուլ: Փելեշյանի նման մարդիկ գալիս են լուսավորելու ու լսելի դարձնելու այն իրականությունը, որում մենք ապրում ենք»:
Հանդիսատեսի ապշած հայացքների ներքո զարմանալի ու տարօրինակ կինեմատոգրաֆիկ ուրվական Ռեջիոն իր քարոզն ավարտեց նույն եռանդով ու տոնայնությամբ, ինչպես և սկսել էր: Վերջին խոսքն ասելիս ակնհայտորեն ձգձգում էր բաժանումը: «Խոսեք ինձ հետ, խոսեք, քանզի ինձ ուժ եք տալիս, ես էներգիա եմ ստանում ձեզնից»:
Կինոյի կիսաստվածը վավերագրական Օլիմպից տեղափոխվեց Թումոյի երեխաների գիրկը, որոնք շրջապատել ու բաց չէին ուզում թողնել նրան: «Հաջորդ ֆիլմս լինելու է երեխաների համար»,- որոշեց ռեժիսորը: Ու բոլորիս մոտ տպավորություն էր, ասես երկար տարիների փնտրտուքից հետո հանճարեղ Ռեջիոն գտավ հոգևոր ու տեխնոլոգիական պատերազմի զինադադարի բանաձևը: