«Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչները մրցանակներ ու հուշամեդալներ են շնորհում հյուրերին, պատվում նրանց բոլոր հնարավոր ու հայտնի ձևերով: Իսկ ռեժիսորները դեռևս շարունակում են ներկայացնել իրենց ֆիլմերը` հաղթանակի ու ջերմ ընդունելության ակնկալիքով:
Եվրիդիկեն 14 տարեկան է: Նա փնտրում է իրեն իր ծնողներից դուրս, ինքնադրսևորման ուղիներ որոնում համացանցում, չաթային սենյակներում ու բջջային հեռախոսների աշխարհում: Անսպասելի վերադառնում է մոր նախկին սիրեկանը՝ տեղիք տալով չնախատեսված հետևանքների ու զուգահեռների: Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմն ինչ-որ առումով ինքնակենսագրական է. «Բոլոր սերունդներին բոլոր ժամանակներում այս հարցը հուզել է: Ինչպե՞ս մեր երեխաներին տանք այն, ինչ ժամանակին մեզ չեն տվել կամ թերի են տվել մեր ծնողները»: Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված Միրա Ֆորնեյի «Իմ մարդասպան շունը» ֆիլմն էլ է դեռահասների ու ծնողների փոխհարաբերությունների խնդիրներ արծարծում, բայց այս դեպքում կիզակետում մարդկային, ավելի կոնկրետ՝ դեռահասների դաժանությունն է: Ֆիլմը ցույց է տալիս սափրագլուխ երիտասարդներին այլ տեսանկյունից՝ ներսից: 18-ամյա Մարեկն ապրում է Սլովակիայի ու Մորավիայի սահմանագծին' հոր և խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, նրա լավագույն ընկերը շունն է: Մարեկի կյանքը տակնուվրա է լինում, երբ բացահայտում է իր կորած մոր' Մարիկայի գաղտնիքը:
Եվս մեկ պատմություն պատանեկության ու այդ տարիներից մնացած հուշերի մասին' «Բարի գալուստ և… ցավակցում ենք»: 1991-ին ԽՍՀՄ-ից զանգվածային գաղթի ալիք է սկիզբ առել դեպի Իսրայել, ապագա ռեժիսորի' 12-ամյա Լեոն Պրուդովսկիի ընտանիքն էլ է բռնել այդ ճամփան: Գաղթի ցավագին փորձությունները հասնում են աբսուրդի աստիճանի, երբ տատիկը մահանում է հենց ինքնաթիռի մեջ'օդում: Ֆիլմը ներկայացնում է մեկ գիշեր ընտանիքի պատմությունից' զուգորդված աբսուրդային ու ծիծաղելի իրադարձություններով: Ռեժիսորը փոքրիկ գաղտնիք բացեց. ֆիլմը թեև գեղարվեստական է, բոլոր դեպքերն ու բյուրոկրատական քաշքշուքներն իրական են, և տատիկն էլ իրոք մահացել է, բայց ոչ թե նույն գիշերը, այլ գաղթելուց մի քանի տարի անց միայն: Բայց դե' ի՞նչ չես անի ավելի դրամատիկ սյուժե ստանալու համար: Որոշ ռեժիսորներ անգամ պատրաստ են տատիկին մի քանի տարի շուտ «սպանել»:
Լորանս Պերիգոն ֆիլմ նկարահանելու համար երկար ճանապարհ է անցել: Նա իր ֆիլմի հերոս Քրիստի հետ մեկնել է Շվեյցարիայից Թայլանդ, հետո էլ հակառակը, բայց արդեն Քրիստայի հետ: «Երկու հոգու միջև» վավերագրականը պատմում է 60-ամյա մենեջմենթի դասախոս Քրիստի մասին, որը որոշում է փոխել սեռն ու դառնալ Քրիստա. «Քրիստի համար կարևոր էր, որ ներկայացվի մարդ էակը, որն այս աշխարհում կարողանում է ինքն իրեն գտնել: Իսկ Քրիստան շատ դրական ու ծիծաղելի կին է: Երբ նա այս ամբողջ ճանապարհն անցնելուց հետո դիտեց ֆիլմը, ասաց' տպավորությունն այնպիսին է, կարծես կրկին դեռահաս է ու առաջին անգամ հայտնվել է կնոջ կողքին», - պատմում է ռեժիսորը:
Եվս մեկ ճամփորդություն' այս անգամ Անրի Վերնոյի կյանքի էջերով: «Վ... այսինքն' Վերնոյ» ֆիլմը ներկայացնում է բացառիկ արխիվային կադրեր Հայաստանի անկախացման տարիներից' բացահայտելով Անրի Վերնոյին' որպես հասարակական ու քաղաքական գործիչ: Ռեժիսոր-վավերագրող Արտո Փեհլիվանյանի համար սա հնարավորություն էր աշխարհին ցույց տալ նոր Վերնոյին' այնպիսին, ինչպիսին նրան չեն ճանաչել ու չեն տեսել: Փեհլիվանյանի Վերնոյը պայքարում է հանուն Հայաստանի ու Ղարաբաղի, հանուն հայ ժողովրդի, խոսում Ադրբեջանի, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի դեմ: Նա չի վախենում գաղտնի գործակալներից ու համարձակ ելույթ է ունենում ցույցի ժամանակ. «Հայ ժողովուրդն ու ֆրանսահայ գաղութն Վերնոյին այդպիսին երբեք չեն տեսել: Կյանքի վերջին տարիներին նա քաջալերել է հայերին ու նրանց պայքարը' հանուն արդարության»: