07 Հուլիս 2013, 21:49
4358 |

Չջրոցու թացն ու չորը

Համայն հայության տոն Վարդավառի առավոտը Սիրահարների այգում սկսվեց նրանից, որ ջրի մուտքն այգի կտրուկ արգելվեց: Հնարավոր բոլոր տարբերակներով՝ դույլերով, շթային հրացան-խաղալիքներով ջուրը ամեն գնով փորձում էր ներմուծվել այգի, սակայն դարպասները նրա համար փակ էին: Գլխավոր մուտքը ջրակիր առարկաների իսկական կայանատեղի էր դարձել:

Քանի դեռ ջուրը Սիրահարների դարպասների տակ տոմս չունեցող հանդիստեսի պես փորձում էր ճողոպրել դռնապանների պատնեշը, Երևանի փողոցներում իսկական ջրամարտ էր: Օրվա զոհերը, անշուշտ, աղջիկներն էին. այն խիզախները, ովքեր տնից դուրս գալով հաջողությամբ շրջանցել էին ջրցան զորքի թաղային ճակատը, բայց հանկարծակի պարտություն էին կրում արդեն պողոտաներում: Ի վերջ, թևաթափ պճնուհիներն իրենց թացը խառնեցին Սիրահարների չորի հետ. այգին քաղաքում միակ վայրն էր, որտեղ ջրոցին ժխտվեց ու դարձավ չջրոցի:

Վարդավառը լուսանկարիչ ընկերների հետ տոնելու ավանդույթն դիզայներ Արա Ասլանյանին արդեն ձանձրացրել էր: Տարեցտարի կրկնվող սցենարը հետևյալն էր՝ ջրել, ջրվել, չորանալ, նորից ջրվել. արդյունքը՝ բջջայինը վարսահարդարիչով չորացնել ու մի ամիս սոցցանցերում թրջված նկարները քննարկել: Ու որոշվեց 2013-ի ջրատոնը նշել առանց ջրի … կամ համարյա առանց: Հեթանոսությունից քրիստոնեություն գաղթած այս տոնը, 6 000 տարի պահպանելով իր ավանդույթները, Խորհրդային Հայաստանում դարձավ միմյանց ջրելու սովորույթ: Սիրահարների այգու չջրոցին նպատակաուղղված էր վերականգնել մոռացված ավանդույթները: Այցելուներին հրամցվել էր զվարճանքների մի ամբողջ շոու. խաղեր, ցորենագործություն, կերակուրների համտես և այլն: Սակայն կարևորագույն իրադարձությունը, այնուամենայնիվ, մնաց լուսանկարիչների ֆոտոսեսիաները: Լուսանկարչական հինգ կետերից յուրաքանչյուրը, բացի անհատական սցենարից, այցելուներին առաջարկում էր նաև չկրկնվող երաժշտություն: Բացօթյա ֆոտոստուդիաներին զուգահեռ Դիջեյների հայկական ասոցիացիայի հինգ անդամներ ապահովում էին նկարվողների բարձր տրամադրությունը: Իսկ երկրի լավագույն լուսանկարիչներից յուրաքանչյուրը գայթակղում էր այցելուներին՝ խոստանալով անկրկնելի լուսանկարներ: Դե իհարկե, առանց ջրի չջրոցին էլ տոն չէր լինի: Այդ պատճառով էլ լուսանկարների գլխավոր գործող «անձը» ջուրն էր: Յուրաքանչյուրը կարող էր ընտրել ջրի հետ լուսանկարվելու իր տարբերակը՝ սուզված, ջրվեժի տակ, կամ էլ ասենք ակվարիումում:

Ին՞չ ջրատոն առանց ջուր ծեծելու: Օրակարգում ընդգրկված, այսպես կոչված vardatalk-երի ընթացքում ազգագրագետները խոսում էին Վարդավառի ավանդույթների, տոնի առաջացման, զարգացման մասին: Կանաչ սիզամարգին խմբված երիտասարդ ունկնդիրները նման էին դասղեկի դասն ունկնդրող աշակերտների: Vardatalk-ից բոլորը շուտ ձանձրացան, թաց շորերով ստվերում նստելու անհարմարության զգացողությունն էլ մի քիչ իր գործն արեց, ու ունկնդիրները շուտով ցրվեցին այգում՝ տրվելով ոչ այդքան ավանդական զվարճանքներին:

Ամֆիթատրոնում «Միհր» թատերախումբը ներկայացրեց Վահագնի ու Աստղիկի սիրո մասին պատմող ներկայացումից մի հատված: Վարդավառի ակունքներում ընկած աստվածների սիրո պատմության բեմականացումն այդպես էլ կոչվում էր ՝ «Ակունք»: Այգու մանկական խաղահրապարակում չգիտես որտեղից հայտված ֆրանսիացի տուրիստների խումբը, միանալով երեխաներին, հանպատրաստի պարային շոու ցուցադրեց, որից հետո տաքացած ֆրանսիացիներն ու ֆրանսուհիները, ձերբազատվելով ավելորդ շապիկներից, թեժացած կրքերը զովացնելու ու լուսանկարվելու նպատակով գրոհեցին այգու ջրավազանները: Վերջում եվրոպացիներն իրենց զարդարեցին Վարդավառի ավանդական ցորենի հասկերով ու վարդերով, մի բոլ խնձոր կերան ու հեռացան նույնքան անսպասելի, որքան հայտվել էին: Ի դեպ, խնձորների մասին: Հնում նախքան Վարդավառը հայերը խնձորի պաս են պահել, ու միայն Վարդավառին են ճաշակել այդ միրգը:

Սիրահարների այգում խնձորի պակասություն չկար, բայց միայն խնձորով չես կշտանա: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ն քաղցած հյուրերին առաջարկում էր Վարդավառի տոնական սեղանից ուտեստներ՝ փռի մեջ եփած խնձոր, բաղարջ, գաթաների լայն տեսականի: 15-ամյա պատանի խոհարարը հյուրասիրելուց հետո չէր զլանում հատ-հատ բացատրել այս կամ այն ուտեստի խորհուրդը:

Ավանդույթի համաձայն օրվա գլխավոր հերոսը ցորենն էր: Այգու այցելուները ցորենի հասկերից թագեր ու խաչփունջեր էին պատրաստում ու նվիրում միմյանց: Ցորենի պաշտամունքին, թաց ֆոտոսեսիաներին զուգահեռ այգու այցելուները վավերագրվում էին նաև երգիծանկարիչ Վրեժ Քասունու էսքիզներում: Ջրից հեռու, ստվերոտ մի տեղ հանգրվանած Քասունին այնուամենայնիվ իր երգիծանկարներում էլ ջրի խորհուրդ էր ներառել. էսքիզներն արվում էին ջրաներկով:

Միջոցառումն ավելի աշխուժացավ, երբ լուսանկարիչներին փոխարինելու եկան հայտնի մարդիկ՝ Էմմին, Արամ MP3-ն, Եգոր Գլումովը, Դավիթ Սահակյանցն ու ուրիշներ: Եթե նախորդ տարիներին թվարկվածներից շատերը լուսանկարվողի դերում էին, ապա այս տարի ֆոտոխցիկը հայտնվել էր հենց նրանց ձեռքերում:

Այգու դարպասների մոտ հապճեպ ձևավորված դույլերի կայանատեղին աստիճանաբար դատարկվեց: Հայկական ավանդական Վարդավառի «չջրված» մասնակիցները ցրվեցին տներով՝ մարսելու ստացած տպավորություններն ու կերած խնձորները: Իսկ տակնուվրա եղած հինգամյա Սիրահարների այգին անցավ վերականգնողական աշխատանքներին: Վաղվանից այստեղ կրկին տաբու է դրվելու խոտը տրորելու ու ջրավազաններում զովանալու վրա:

Այս թեմայով