Երևանի կենտրոնում Լոնդոն անունով բարի բացումն առաջին հերթին ասոցացվեց Գրիգորի Լեպսի համանուն երգի հետ: Ու մտքումս երգելով՝ я уеду жить в Лондон, քայլերս ուղղեցի դեպի նախկին Աստրալ ակումբ:
Մուտքի մոտ ինձ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները՝ ցավոք, ոչ բրիտանացի, բայց միայն վերջիններիս բնորոշ քաղաքավարությամբ առաջարկեցին իրենց օգնությունը: Զգուշորեն իջա աստիճաններով, ու քայլերս ավելի զգուշավոր դարձան, երբ տեսա՝ աշխատակիցներից մեկը փայլեցնում էր թաց հատակը: Տարօրինակ դատարկությունը բնորոշ չէր այն իրավիճակին, որը լինում է որևէ նոր վայրի բացման ժամանակ:
Պարզվեց՝ Լոնդոն բարի բացմանը դեռ նախապատրաստվոմ էին, ընդ որում, դրսում իրականացնում էին նաև զոդման աշխատանքներ, չնայած, որ արդեն երեկոյան ժամը ինն էր: Ներսում հնչում էր բարձր երաժշտություն ու տիրում կիսախավար: Պատերին նկատելի էր Բրիտանիայի դրոշը, որի սպիտակի հետ հրաշալիորեն համադրված էր սպիտակ բազմոցներն ու բազկաթոռները: Սրահի կենտրոնում բարն էր, որտեղ ի ցույց էր դրված խմիքչի առատ տեսականին: Բարի կենտրոնում համեմատաբար աշխույժ էր: Ակամայից ուղղվեցի այնտեղ՝ ծանոթանալու բարմենի հետ: Իրակլին խոսում էր ռուսերեն ու եկել էր Թբիլիսիից, թեև նրա զուտ հայկական քիթն այլ բան էր հուշում: Մասնագիտությամբ դերասան էր, բայց իր տաղանդը բարի սեղանիկի հետևում բացահայտվեց: Նրա կարծիքով՝ Հայաստանում երիտասարդները բավականին ակտիվ են, եթե այդպես չլիներ, նա չէր գա այստեղ աշխատելու:
Զուգահեռաբար բարձրանալով բարի սեղանին ու փորձելով կատարել Ջեքսոնի հայտնի լուսնային քայլվածքը՝ Իրակլին ասաց. «Առաջիկայում պլանավորում ենք նաև ակրոբատիկ համարներ բեմադրել»:
Ի վերջո, ազդարարվեց Լոնդոն բարի բացումը, ու մարդիկ մտան ներս: Հիմնականում ակումբային դեմքեր էին, որոնց մի մասը կոնկրետ նախապատրաստվել էր այս իրադարձությանը՝ կոկտեյլային զգեստներով աղջիկներ ու հայկական տարբեր ակումբներում պարբերաբար փայլող երիտասարդներ: Ակումբային զանգվածի ներկայացուցիչների աչքերն անթաքույց փայլում էին՝ նոր վայրում նոր արկածներ որոնելու ցանկությամբ: Որոշ ժամանակ անց երեկոն թեժացավ, հավաքվածներն ընտելացան նոր միջավայրին ու սկսեցին պարել: Մոտեցա սպիտակ բազմոցին նստած երկու շիկահերների: Նման վայրերի սիրահար Էլլան նշեց, որ իրեն ամենից շատ դուր է գալիս ինտերիերը, կահավորանքը: «Միանգամից նկատեցի Բրիտանիայի դրոշները, որոնք հետաքրքիր տրամադրություն են հաղորդում այս վայրին»: Նրա կողքին նստած Լիլիթը գնահատեց բարի դիրքը.«Լավ են մտածել այն տեղակայել կենտրոնում, շատ հարմար է, եթե մասսան ու երաժշտությունը ընթացքում չփոխվի, վայրը միանշանակ կսիրվի»:
Փորձեցի ամբոխում նշմարել գոնե մեկ բրիտանացու, ով ամենից անկեղծը կպատասխաներ, թե որքանով է այս վայրը համապատասխանում բրիտանական մթնոլորտին, բայց, ցավոք, չհաջողվեց: Բարձրացա երկրորդ հարկ՝ հետաքրքիր դեմքեր որոնելու և ոտքիս տակ զգացի չափազանց փափուկ կարմրավուն գորգը, այն աստիճան փափուկ, որ ափսոսացի կոշիկներով քայլել: Մտածեցի՝ ակամայից հայտնվել եմ VIP-ում, այդ առիթով որոշեցի զրուցել բարի «Աստծո» հետ. օրվա դիջեյը Խչոն էր: Մի կերպ ճեղքելով օդում թևածող էլեկտրոնային երաժշտության ալիքները՝ մոտեցա, ականջակալներն իջեցրեց, ժպտաց ու, ինչպես լինում է նման դեպքերում՝ գոռալով պատասխանեց հարցիս: «Փորձում ենք այնպես անել, որ ռիթմերն ունենան բրիտանական հնչողություն ու այսօր հնչելու է միմիայն underground»,-ասաց DJ Խչոն:
Երաժշտության տեսակը պարզեցինք, մարդկանց՝ նույնպես, բայց անգլիական դրոշից զատ այլ բան չնկատեցինք: Միգուցե մեղավորը մեր ասոցիացիաներն են, չէ որ երբ լսում ես Լոնդոն անունը, միանգամից մտածում ես անգլիական թեյի ու Բիթլզի մասին, սակայն այս Լոնդոնում ոչ մեկը կար, ոչ մյուսը: Բայց գուցե ամեն ինչ դեռ առջևում է, պարզապես, հարկավոր է մի քիչ բրիտանական համբերատարություն ցուցաբերել: