29 Հունիս 2013, 12:30
1396 |

Անձրևի երազած Երևանը

Մեկ ընդհանուր կտավի վրա նկարիչները՝ յուրաքանչյուրը՝ մեկ գույնով աշխատելով, ստեղծեցին Երևանի պատկերը, իսկ անսպասելի տեղած հորդառատ անձրևի թեթև ձեռքով այն ստացավ էլ ավելի հետաքրքիր տեսք:

Անձրևը եկավ ու չգիտես՝ փչացրեց, թե յուրովի ձևավորեց հայ արվեստագետների ստեղծած նկարը։ Սկզբում խոշոր կաթիլների հետքերը դրոշմվեցին կտավին, քիչ ավելի ուշ բոլոր գույները խառնվեցին իրար: Երևանյան անձրևը հաստատեց իր ձեռագիրը կտավում՝ թողնելով միայն գունավոր անձրևաջուրն ու սպիտակ պատկերակալը։

Ամեն ինչ, սակայն, այլ կերպ էր սկսվել՝ ոչ ամպամած ու անձրևոտ։ Սկզբում արևը շողում էր 7 պատկերակալների վրա, ու 7 արվեստագետները՝ 7 գույնով, նախքան գործի անցնելը գունավորում էին իրենց շապիկները՝ ըստ այդմ դառնալով իրենց բաժին հասած գույնի պատասխանատուն՝ «Երազանքների Երևան» խորհրդանշական պատկերում։ Մայրաքաղաքի հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը, Ռուբեն Մալայանը, Մուշո Գրուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Վահան Բալասանյանը հաջող իմպրովիզացիաներ էին անում դատարկ կտավի վրա։

Ուրախ ու գունավոր տրամադրություն էր տիրում ԳաֆէսՃեան պուրակում, և անձրևի առաջին մի քանի կաթիլն անգամ ուրախացրեցին արվեստագետներին, քանի որ նկարն էլ ավելի աբստրակտ ու գունախառը դարձավ։ Սակայն չարաբաստիկ անձրևը որոշեց ոչ թե միջամտել, այլ նկարը դարձնել հեղինակային։ 15 րոպե հորդառատ անձրևից հետո բոլորը հասկացան, որ այլևս այդ նկարի վրա ոչ մի հեղինակային իրավունք չունեն։

Սակայն բնության դժկամությունը չխանգարեց տոնը շարունակել։ Միջոցառման մասնակիցները սկսեցին աբստրակտ պատկերներ ստանալ արդեն թրջված կտավի վրա։ Երբ անձրևը դադարեց, Կասկադի բարձունքում էին մի խումբ թրջված ու ներկված, բայց,  այնուամենայնիվ, երջանիկ մարդիկ՝ «Երազանքների Երևան» պատկերի համահեղինակները:

Այս թեմայով