Սամվել Կարապետյանը վրացերեն լույս տեսած աշխատությունը համարում է մեր հարևանների հերթական հարձակումը հայկական հուշարձանների վրա։
Թուրքերը ոչ հեռավոր անցյալում Օսմանյան կայսրության քարտեզներում հայկական տարածքների վրա գրում էին' Էրմենիստան, հիմա ավելի զգուշավոր են դարձել. գրում են' Արևելյան Անատոլու։ Ադրբեջանցիները նույն հայատյաց մարմաջով ու հերքողականությամբ շարունակում են իրենց այսօրվա տարածքում եղած հայկական պատմամշակութային հուշարձանները վերագրել աղվաններին' իբր իրենց քրիստոնյա նախնիներին։ Այս դրկիցներից ոչնչով չեն տարբերվում մեր վրացի հարևանները։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ձեռքն է ընկել վրացերեն մի գիրք' «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները» խորագրով։ Հուշարձանագետն այն թարգմանել է հայերեն ու պարզել մեր վրացի եղբայրների հերթական կեղծարարությունը։ Վրացի հեղինակները Ներքին Քարթլի անվան տակ, որ նշանակում է Ներքին Վրաստան, ներկայացրել են հայոց Գուգարաց նահանգի 4 շրջանների մի քանի հարյուր հուշարձաններն' իբրև մաքուր վրացական մշակույթի նմուշներ։ Բանն այն է, որ նախկինում թե' վրացի հայագետները, թե' ոչ հայագետ վրացիներն այդ տարածքն անվանելիս են եղել' Սոմխիթ, այսինքն' Հայաստան։ Հիմա արդեն և' տեղանունն են վրացականացրել, և' այն բովանդակող հայկական պատմամշակութային կոթողները։ Սամվել Կարապետյանը գրքի' իրենց անուն-ազգանուններով ոչինչ չասող հեղինակներից, թերևս, սպասում էր հայկականությունը ժխտող նման մոտեցում, բայց նրան զարմացնում են հրատարակության խմբագիրների անունները'Դմիտրի Թումանիշվիլի և Զազա Ալեքսիձե։ Նրանք վրացի անվանի հայագետներ են, որոնք իրենց ուսումնասիրություններում տարբեր առիթներով բազմիցս հաստատել են հայկական հուշարձանների ազգային պատկանելությունը, վրաց մշակույթում հայերի մեծ ներդրումը։ Ուրեմն' ի՞նչ հակասություն է սա։
Ենթադրությունները տրամաբանական են, բայց' ենթադրություն։ Կամ հայտնի հայագետների անուններն ուղղակի օգտագործվել են' որպես այցեքարտ և իբր ի հաստատումն'«գիտական ուսումնասիության», կամ Թումանիշվիլին ու Ալեքսաձեն էլ են շուռ եկել վրացական կեղծիքի կողմը' ազգային ընդհանուր շահից ելնելով։ Հայոց Գուգարաց աշխարհի հուշարձաններն ունեն հայկական արձանագարություններ, որոնք հենց հայատառ էլ զետեղված են գրքում։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ պարադոքսը։ Գրքի հեղինակներն այսպես են տակից դուրս եկել. իբր հուշարձաններն ստեղծել են հայադավան վրացիները' միաբնակ' մոնոֆիզիտ եկեղեցու հետնորդները, որոնք զոհ են դարձել հայ միսիոներ քահանաների մկրտությանը։
Սամվել Կարապետյանը վրացերեն լույս տեսած աշխատությունը համարում է մեր հարևանների հերթական հարձակումը հայկական հուշարձանների վրա։ Ըստ էության' այն լավ զենք է'նույն վրացիներին կեղծարարության մեջ մեղադրելու, նախկինում եղած լուրջ ուսումնասիրություններին հակադրվելու, ոչ գիտական մեկնաբանության ու քարոզչության մեջ։ Բայց հուշարձանագետը «Տառապանքս փորձ ունի» նկատառումով' խիստ կասկածում է' արդյո՞ք ի պաշտոնե կօգտագործենք այդ զենքն' ի շահ մեզ ու ի պաշտպանություն հայոց բզկտվող, օտարվող ու յուրացվող հուշարձանների։