Կապոեյրան բրազիլական պարի ռիթմերով մարտարվեստ է: Հայաստանում տարածված սպորտաձևերից չէ. ընդամենը 15 հոգի է զբաղվում: Մարզիչ Սերգեյ Հակոբյանը որոշեց իր խմբի համար պարապմունքներ կազմակերպել աշխարհի լավագույն մասնագետներից մեկի՝ բրազիլացի mestre Chiquinho-ի (Francisco Nascimento De Lima) հետ:
Սեմինարի առաջին օրը վարպետը պարապմունքից բացի պատմեց կապոեյրայի մասին և պատասխանեց մասնակիցների հարցերին: Շատ բրազիլացիների պես ինքն էլ էր ֆուտբոլի սիրահար եղել և երբեք մարտական պարերի մասին չէր մտածել: Եղբայրն էր համոզել կապոեյրայի դասի այցելել: Այդ ժամանակից ի վեր Չեքինյոն ապրում է բրազիլական մարտարվեստով:
«Կապոեյրան լավ հասկանալու տարբերակներից մեկը բրազիլացի լինելն է, - ասում է Չեքինյոն, - մենք չենք սիրում կանոններին ենթարկվել, ուղղամիտ ենք ու անկեղծ, չենք կարողանում զսպել մեր զգացմունքները: Բրազիլացիները շատ ուրախ ազգ են՝ առանց սահմանափակումների ու կաղապարների: Մենք ճշտապահ չենք. ժամը 11-ին պայմանավորված վայրում լինելու փոխարեն կպարզվի՝ ցնցուղ ենք ընդունում»: Կապոեյրայում այս ամենը կա: Այստեղ պետք է հանպատրաստից գործել, անսպասելի իրավիճակներում արագ կողմնորոշվել ու դեպքերի ընթացքը փոխել: Սա կարելի է անվանել «կազմակերպված անկազմակերպվածություն»: Ազատություն ամեն ինչում, քանի որ կապոեյրան առաջացել է ազատության համար ստրուկների մղած պայքարում: «Եվրոպացիները չունեն նման հատկանիշներ. նրանք հստակ հետևում են կազմած ծրագրին: Ի դեպ, դուք՝ հայերդ, ձեր ակտիվությամբ, ջերմությամբ և ուրախությամբ բրազիլացիների հետ շատ ընդհանրություններ ունեք»:
Բրազիլական մարտարվեստում չկա տղամարդ-կին բաժանում, կա մեկ գաղափար՝ կապոեյրիստ: Ավելին՝ մարզասրահներում կանանց թիվն այսօր ավելի մեծ է: «Առաջ այսպես չէր. կանանց արգելված էր կապոեյրա սովորել: Բայց երբ ազատություն ձեռք բերեցինք, նրանց արդեն ոչ ոք չէր կարող զրկել «մարտական պարերից»: Ճիշտն ասած, ինքս էլ չգիտեմ՝ ինչու են հիմա տղամարդկանցից շատ: Օրինակ՝ Բուդապեշտում սեմինարներիս հաճախում էր 12 կին և 3 տղամարդ, որոնցից մեկն ինքս էի»:
Դժվար է միանշանակ ասել, թե ինչ է տալիս կապոեյրան. ոմանք մկաններն են զարգացնում, մյուսները երաժշտություն սիրում, այլոց համար կապոեյրան ներդաշնակության խորհրդանիշ է: Մարտն առաջին հերթին արվեստ է, հետո՝ կռիվ:
«Սա խաղ է, երկխոսություն պարային մարտում, - ասում է կապոեյրայով 2 տարի զբաղվող Մարիամը, - կախվածություն ձեռք բերելու համար բավական է մեկ անգամ գալ դասի: Հիշում եմ առաջին պարապմունքս. ոչինչ չէր ստացվում, շատ դժվար էր: Իսկ հիմա պարզապես վայելում եմ: Նույնիսկ քայլվածքս է փոխվել, մեջքս էլ՝ ուղղվել»:
Սեմինարի երկրորդ օրն անցավ Գ. Սունդուկյան թատրոնում և նվիրված էր ցուցադրական ելույթներին: Մասնակիցները շրջան կազմեցին՝ ծափահարությունների ներքո և հատուկ երաժշտական գործիքների ձայնակցությամբ վարպետի հետ բրազիլական երգեր երգելով: Հատուկ շարժումներով Չեքինյոն ռոդա (պորտուգալերեն՝ շրջան) էր հանում մարտիկների զույգերին, որոնք ցուցադրում էին սահուն, բարդ և աննկարագրելի գեղեցիկ շարժումներ: Հայկական կապոեյրիստների ելույթից հետո հանդես եկավ բրազիլացին՝ արժանանալով ներկաների հախուռն ծափահարություններին: Չեքինյոն ուզում է հաջորդ անգամ Հայաստանում տասնօրյա սեմինար անցկացնել. երեք օրը քիչ է նույնիսկ հայերի պես ընդունակ աշակերտների համար: