Տաթևի վանքը կառուցող վարպետը լիարժեք ճախրելու համար Բարձրյալից միայն մեկ թև խնդրեց, որովհետև երկրորդն արդեն ուներ՝ իր արարչագործ միտքն ու զույգ ձեռքերը։ Ամեն մի տաթևացի իր նախահորից ժառանգել է նրա շնորհքն ու վարպետությունը, միայն թե չգիտի՝ ինչպես է պետք մատուցել տաղանդի արգասիք ճարտարապետությունը, կերպարվեստը, ազգային խոհանոցը։
Զբոսաշրջիկներին կացարան տրամադրելու առաջարկները Տաթևում ավելի շատ են, քան դրանց պահանջարկը։ Օտարազգի զբոսաշրջիկը նախ Երևան է գալիս, հետո 300 կմ կտրում՝ Տաթև հասնելու համար։ Ճանապարհից հոգնած լիցքաթափվում և վայելում է ճոպանուղու պարգևած երանելի րոպեները, զմայլվում է Տաթևի վանքով։ Ու վերջ: Այստեղ այլևս անելու ոչինչ չկա: Զբոսաշրջիկն ինչո՞վ լցնի մնացած ժամանակը։ Հնարամիտ, շահութաբեր ելքեր են պետք, որոնք տաթևացիները դեռ չեն գտնում: Մի խոսքով՝ զբոսաշրջության նվազագույն պայմաններից (աշխատող զուգարաններից) մինչև առավելագույն վայելքներ բազմակողմանի աշխատանքի, կազմակերպչական ճիշտ մոտեցման կարիք են զգում։ Տաթևում ցույց տալու շատ բան կա, բայց ինչպե՞ս ցույց տալ։ «Տաթևի արհեստավորաց թև» մշակութային հասարական կազմակերպության հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանը հենց այդ խնդրով դիմել է միջազգային մասնագետի օգնությանը։
Հոլանդացի Հանս Սիջսը 40 տարի զբաղվել է մշակույթի մատուցման հարցերով։ Ճիշտ է, Հայաստանի մասին նա չէր էլ լսել, բայց ընդունել է տաթևացիների հրավերը, եկել մեր երկիր։ Եվրոպացին առայժմ չգիտի անելիքը, չի էլ պատկերացնում՝ համագործակցության ինչ հեռանկարներ կարող են ստեղծվել, բայց սիրալիր ժպիտով արձագանքել է Տաթևը մոտիկից տեսնելու հրավերին։ Իսկ տաթևացիները լիահույս ապավինում են հոլանդացու մասնագիտական կարողություններին՝ ակնկալելով, որ նա, իր երկիր վերադառնալով, կպատմի Տաթևի, ճոպանուղու ու էլի շատ ու շատ բաների մասին, իհարկե, միայն դրականը։
Ինչպե՞ս է նա կազմակերպելու հայ կավագործի, քարտաշի, գորգագործի, նկարչի, պատշարի, լավաշ թխողի, խաշլամա եփողի PR-ը. ոչ ինքն է պատասխանում, ոչ Դերենիկ Եփրեմյանը: Հանսը կտեսնի, մի բան կանի՝ հուսով են։ Դերենիկ Եփրեմյանը մի մտահղացում ունի՝ ամեն շաբաթ-կիրակի Տաթևում փառատոն կազմակերպել։ Հրավիրում է բոլոր երգիչ-երգչուհիներին, ժողովրդական վարպետներին՝ ներկայացնելու իրենց տաղանդը։ Ընդունվում են միայն ազգային մշակույթի մատուցման հայտեր։ Ռաբիս երգ-երաժշտություն Տաթևի սարերում չպետք է հնչի, ներկայացված աշխատանքներն էլ միմիայն ձեռքի գործ պետք է լինեն։ Գոնե այս հնարքով Տաթևում մի քիչ աշխուժություն առաջանա, մինչև հոլանդացու միջազգային PR-ի ազդեցությունները տեղ հասնեն։