Յուրա, պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսեցիր զբաղվել ԱՄՆ-ում, որտեղ ֆուտբոլն այդքան էլ տարածված չէ…
- Այո, բայց վերջին տարիներին այնտեղ սոքերի մասայականացմանն ուղղված քայլեր են ձեռնարկում, օրինակ՝ հրավիրում են Դեյվիդ Բեքհեմի պես աշխարհահռչակ ֆուտբոլիստներ: Այդ պատճառով էլ մի զարմացեք, որ որոշեցի կյանքս կապել ֆուտբոլի հետ: Մյուս սպորտաձևերն ինձ երբեք չեն հետաքրքրել՝ չնայած մի ժամանակ, տեսնելով արագությունս ու ֆիզիկական պատրաստվածությունս, ինձ համոզում էին անցնել ամերիկյան ֆուտբոլի:
Բարեբախտաբար, հավատարիմ մնացիր «իսկական» ֆուտբոլին:
- Ուրիշ տարբերակ չէր էլ կարող լինել: Ես գիտակցում էի կատարածս ընտրությունն ու առանց հետ նայելու գնում այդ ճանապարհով:
Ամերիկյան MLS լիգայի առաջին երեք մրցաշրջանում խփեցիր 20 գոլ ու գրավեցիր բոլորի ուշադրությունը:
- Սկզբում շատ դժվար էր. փորձ չունեի ու հնարավորություն ստանալու համար ստիպված էի մեծ ջանքեր գործադրել: Այն տարիներին շատ բան սովորեցի, իսկ MLS-ի գավաթի եզրափակչում Դեյվիդ Բեքհեմի «Լոս Անջելես Գելաքսի» թիմի հանդեպ տարած հաղթանակը համարում եմ ամենամեծ ձեռբերումներիցս մեկը: Այն ժամանակ՝ խաղերի եզրափակիչ փուլում, մեկը մյուսի հետևից էի գոլեր խփում, շատերը՝ հանդիպումների վերջին րոպեներին: Ուստի «Ռիըլ Սոլթ Լեյքից» հեռացա որպես չեմպիոն. կարծում եմ՝ ինձ MLS-ում երկար էին հիշում:
Մի քանի տարի առաջ եկար Հայաստանի հավաքական՝ չնայած Ամերիկայի հավաքականում տեղ գրավելու լավ հնարավորություններ ունեիր ՝ հանդես գալով աշխարհի առաջնությունում ու հայտնվելով մեծ ակումբների ուշադրության կենտրոնում: Ինչո՞ւ որոշեցիր խաղալ Հայաստանի համար:
- Ինձ համար, իրոք, Ամերիկայի հավաքականում շատ ավելի հեշտ կլիներ բարձունքների հասնել, բայց ես հեշտ ուղիներ չեմ փնտրում: Ես սիրում եմ մարտահրավերներ ընդունել, դժվարություններ հաղթահարել, որպեսզի արդյունքը ավելի զգալի լինի: Եվ կայանալով որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ որոշեցի օգնել հայրենիքիս: Ժամանակն է, որ հայ երկրպագուները նորից հպարտանան իրենց երկրի հավաքականով: Բարեբախտաբար, հավաքվեց տաղանդավոր ֆուտբոլիստների արտակարգ թիմ, և մենք աստիճանաբար սկսեցինք ցույց տալ մեր ունակությունները: Մեր խաղը շատերի համար հաճելի անակնկալ էր. ես համոզվեցի, որ կայացրել էի ճիշտ որոշում:
Ինձ թվում է՝ երկրպագուներն էլ են ուրախ, որ այդպես որոշեցիր: Հիշո՞ւմ ես՝ ինչ էիր զգում, երբ առաջին անգամ դաշտ դուրս եկար հավաքականի շապիկով:
- Ճիշտն ասած՝ այդքան էլ հաճելի հիշողություններ չեն. Երևանի «Հրազդան» մարզադաշտում ընկերական խաղ էր Իրանի հավաքականի հետ: Չգիտեմ' ինչից էի խաղից առաջ թունավորվել: Տասը րոպե խաղացի և վերջ՝ մնացածը չեմ հիշում: Բայց սրանք մանրուքներ են. աննկարագրելի զգացողություն է, երբ անունդ գրված է ազգային հավաքականի շապիկի վրա, ու ամբողջ աշխարհում միլիոնավոր հայեր քեզ են նայում:
Հիշում եմ՝ ինչպես էր ամբողջ երկիրը ցնծում, երբ հավաքականի կազմում առաջին գոլդ խփեցիր Մակեդոնիային: Դու ինքդ ի՞նչ էիր զգում:
- Դա նույնքան դժվար է նկարագրել, որքան առաջին համբույրի ժամանակ ապրած զգացմունքները: Միայն կասեմ, որ երբեք չեմ մոռանա այդ պահը:
Հավաքականը փայլուն հանդես եկավ Եվրո 2012-ի ընտրական փուլում, սակայն որոշ անհաջողությունների պատճառով չկարողացավ անցել եզրափակիչ: Պարտությունից հետո ինչպե՞ս ես սովորաբար վերականգնվում:
- Միշտ կարելի է պատճառ բերել անարդար դատավորին, անհաջող եղանակը և այլն. առաջին հերթին պետք է ինքդ առավելագույն ջանք գործադրես: Ինձ համար հավաքականի ամենածանր պարտությունը Ռուսաստանի հետ խաղն էր, որտեղ բաց թողեցինք, երբ կարող էինք բաց չթողնել, և չխփեցինք, երբ կարող էինք խփել: Մեզնից բացի ոչ մեկին չենք կարող մեղադրել: Ինչպես ասում են՝ դաշտը հարթ է, գնդակը՝ կլոր, մեր տասնմեկ հոգու դեմ խաղում է նրանց տասնմեկ հոգանոց թիմը. մնում է մենք էլ խաղանք: Նույնիսկ եթե ձյուն ու անձրև գա, միևնույն է՝ հակառակորդը նույն պայմաններում է խաղում:
Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական հարձակվողը:
- Թիմը պետք է վստահ լինի, որ առջևում կա մեկը, ում կարելի է վստահել: Հարձակվողը ոչ միայն պետք է գոլեր խփի, այլև գնդակն իր մոտ պահի, որ թիմակիցները կարողանան շունչ քաշել կամ հակառակորդի կիսադաշտում պաշտպանողական գործողություններ կատարել: Ըստ իս՝ հարձակվողից է կախված թիմի մարտական ոգին:
Բոլոր տղաներն ունեն ֆուտբոլային կուռքեր: Դո՞ւ ում էիր ուզում նմանվել:
- Մանկությանս առաջին կուռքը հարավսլավցի հարձակվող Պրեդրագ Միյատովիչն էր, հետո Ռոնալդոն ու Թիերի Անրին: Աշխատում էի ամեն կերպ Անրիին նմանվել, երբ նոր էի սկսում պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալ: Քիչ թե շատ ստացվում էր, սակայն միշտ գալիս է պահը, երբ կրնկօրինակումից պետք է անցնել սեփական ոճի կերտմանը: Ոճի առումով, կարծում եմ, բավականին լավ արդյունք ունեցա:
Շատ հայ երեխաների կուռքն ես: Պատասխանատվությունը չի՞ ճնշում:
- Միայն ուրախանում եմ այդպիսի պատասխանատվությունից: Շատ լավ է, որ մեր երկրում երեխաները երկրապագում են իրենց հայրենակիցներին՝ ոչ թե Իբրահիմովիչին կամ Մեսիին: Շատ կարևոր է, որ մենք հեռուստատեսային կերպարներ չենք. նրանց նման ենք, խոսում ենք նույն լեզվով, անցել ենք նույն դժվարությունների միջով և մեր օրինակով ենք ցույց տալիս' կյանքում անհնարին ոչինչ չկա: Ուղղակի պետք է համառորեն առաջ գնալ դեպի նպատակն ու մոռանալ «անհնար է» արտահայտությունը:
Գիտե՞ք՝ քանի մարդուց եմ կարծիք լսել, որ ֆուտբոլում անելիք չունեմ, որ ոչ մի բանի չեմ հասնի: Ամեն այդպիսի խոսակցությունից հետո է՛լ ավելի համառորեն էի աշխատում, որ ապացուցեմ հակառակը: Կամքի ուժ ունենալու դեպքում ամեն ինչի կարող եք հասնել՝ անկախ նրանից, թե ֆուտբոլ եք խաղում, մարմնամարզությամբ զբաղվում, թե' բժշկի կամ իրավաբանի կրթություն ստանում:
Ի՞նչ նպատակներ կան հիմա՝ հաշվի առնելով, որ արդեն շատ ձեռքբերումներ ունես:
- Դեռ շատ բան պետք է ապացուցեմ՝ առաջին հերթին ինքս ինձ: Բոլոր ֆուտբոլիստների պես ես էլ կուզենայի ուժերս փորձել եվրոպական գերակումբներից մեկում, օրինակ՝ Լոնդոնի «Արսենալում» կամ Մադրիդի «Ռեալում»: Ի դեպ, ինձ մոտ, իրոք, հնարավորություն կար համալրել «կանոնիրների» շարքերը: Տասնհինգ տարեկան էի, երբ «Արսենալում» հետաքրքրվեցին ինձնով: Բայց թղթարարական խնդիրներ ունեցա ու այդպես էլ չկարողացա ստուգման գնալ Անգլիա: Չեմ թաքցնում՝ նման ձախողումը շատ ծանր էր, մանավանդ փառքի մասին երազող դեռահասի համար: Բայց տխրությունն անցավ, ու ես շարունակեցի մարզվել ու ինքս ինձ վրա աշխատել:
Դու ունե՞ս սկզբունքային հակառակորդներ:
- Ամեն անգամ դաշտ դուրս գալիս գոլ խփելու մասին եմ մտածում. ընդհանրապես էական չէ՝ ով է դիմացս՝ «Լոկոմոտիվը», «Սպարտակը», Մալթայի հավաքականը, իտալացիները, թե բակի ընկերներիս թիմը:
Հայաստանում խաղերի ժամանակ հարազատ դաշտն օգնո՞ւմ է:
- Կարող է շատ պարզ թվալ, բայց դա իրոք օգնում է տրամադրվել ամենաբարձր արդյունքի հասնելուն: Մարզադաշտի մթնոլորտը՝ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց աջակցությունն ասես մարմնով ես զգում, քաղաքի փողոցներում երկրպագուների դեմքերը… այս ամենն ինքնին մեծ պարգև է: Ուստի խոսք եմ տալիս՝ «Հրազդանում» իտալացիներին դժվար խաղ է սպասվում: Հենց այդպես էլ փոխանցեք Բուֆոնին:
Յուրա Մովսիսյան
Ծնվել է 1987-ի օգոստոսի 2-ին: 12 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ: 2006-ին սկսել է խաղալ «Քանզաս Սիթի Ուիզարդս» ակումբում, որի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գոլ: Մեկ տարի հետո պայմանագիր է ստորագրել «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Ակումբի կազմում անցկացնելով երկու սեզոն ու 60 խաղում խփելով 16 գոլ՝ դարձել է MLS-ի չեմպիոն: 2009-2010թթ. խաղացել է դանիական «Ռանդերսում». 35 խաղում խփել է 17 գոլ, որոնցից 5-ը Եվրոպայի Լիգայի որակավորման փուլերի 5 խաղում: 2011-ին 2 միլիոն եվրոյով անցել է «Կրասնոդար», որի կազմում դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողներից: Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2010-ից: Խփել է 5 գոլ, որից 4-ը Եվրո 2012-ի ընտրական խաղերի ժամանակ՝ ապահովելով Հայաստանի համար ռեկորդային 3 տեղ Ռուսաստանից և Իռլանդիայից հետո:
Հատվածներ «Ереван» ամսագրում լույս տեսած հարցազրույցից, N9(78), 2012