09 Հունիս 2013, 11:34
2456 |

Հողմային էլեկտրակայաններ Դոն Կիխոտի համար

Հայաստանում չկա լեռներից ընդհանրապես զուրկ որևէ վայր: Այդ պատճառով էլ ձյունապատ գագաթներին սովոր մարդկանց այստեղ կարող է թվալ, որ հայացքը ոչ մի բանի դեմ չի առնում: Սա սխալ տպավորություն է. Վանաձորից հյուսիս ընկած Ստեփանավանի շրջանում վեր են խոյանում Փամբակի ու Բազումի լեռնաշղթաները: Միևնույն ժամանակ պետք է գետնին ուշադիր նայես, որ չգահավիժես ձորը:

Տեսողական խաբկանք

«Այսպես ամրոցին չեք հասնի՝ փոսը չեք կարող իջնել: Պետք է շրջանցեք. ահա՝ տեսնում ե՞ք. ինչ-որ մեկն այնտեղ փոշի է բարձրացնում:» Այս խոսքերով էին մեզ մայրուղուց Լորիբերդի ճանապարհը ցույց տալիս: Շարունակեցինք ուղին: Ամրոցի մոտ կանգնելիս մեքենան պետք է ծածկի տակ թողնել, որ չշիկանա բաց դաշտն այրող կաս-կարմիր արևի տակ: Երեք տաքսու վարորդ տեսանք. մեքենաների մոտ կանգնած ձանձրանում էին: Զգացվում էր, որ առաջին անգամ չէին այստեղ հաճախորդներ բերում, այլապես իրենք էլ կզբոսներին ամրոցում կամ կիջնեին «փոսը». այսպիսի արհամարհական անուն է ստացել մայրուղու մյուս կողմում գտնվող խորը ձորն իր գրեթե ուղղաձիգ ժայռերով ու խելառ գետակով: Ամրոցի ավերակները շատ տպավորիչ են ու մի տեսակ տարօրինակ: Թվում է՝ ամրոցը կառուցել են ոչ թե դաշտավայրում, այլ, չգիտես ինչու, ցածրավայրում: Այս որոշումն էլ ավելի տարօրինակ է թվում, երբ Լորիբերդի հետևում (Դավթի ամրոց էլ են ասում՝ ի պատիվ կառուցող իշխանի) տեսնում ես համարյա սարի չափ բարձր բլուր: Տրամաբանական կլիներ, եթե բերդը կառուցած լինեին այնտեղ: Գաղտնիքը հասկացանք միայն շատ մոտիկ գալուց հետո. ամրոցը երեք կողմից շրջապատած ձորը միայն մեկ ճանապարհ է մատչելի թողել:

Լորիբերդից առանձին մասեր են մնացել: Կանգուն են մուտքի դարպասներն ու եկեղեցին: Պահպանվել է նաև ամրոցի պատի մի մեծ կտոր իր աշտարակներով: Ընդարձակ դաշտում ցաքուցրիվ քարեր են ընկած՝ ամրոցի մյուս շինությունների վերջին մնացորդները: Ուշադիր նայելով՝ կարելի է բաղնիքի հետքեր գտնել: Երևում են նույնիսկ կավե ջրատար խողովակների բեկորներ: Եկեղեցին մինչև այսօր ունի այցելուներ. ներսում մի քանի սրբապատկեր տեսանք, որոնց տակ հալած մոմերի մնացորդներ էին: Բայց ամենահետաքրքիրը պատկերակալին դրված երեխաների գործերն էին, որոնք հիմնականում Քրիստոսի կյանքից դրվագներ էին ներկայացնում:

Բերդապատնեշի մյուս կողմից մի հովիվ էր ծիկրակում: Կամ մեզնով էր հետաքրքրված, կամ էլ, երևի, հետևում էր, որ պատերից քարեր չտանենք որպես հիշատակ: Ոչխարներն էլ ցրվել էին հին ամրոցի տարածքով մեկ ու ոչ մեզ էին ուշադրություն դարձնում, ոչ էլ իրենց չոբանին:

Կարծրատիպերի վնասի մասին

Եկավ Ձորագետի կիրճն իջնելու պահը: Համարձակորեն վազեցի դեպի այն հատվածը, որի կողքով անցնում էր պարիսպը, և որտեղից իջնելն ամենահեշտն էր: Նայեցի ու ահ ընկավ սիրտս: Հասկացա, որ այս անգամ ամենայն հավանականությամբ կմնամ վերևում: Ես էի մեղավոր. Ստեփանավանի շրջակայքի մասին մտածելիս, միշտ անծայր ու հեռավոր դաշտեր ու լեռներ էի պատկերացրել: Այդ պատճառով էլ սովորական սպորտային կոշիկ էի հագել՝ վազորդների պես: Բայց ի՞նչ արած. չէի կարող պատճառներ հորինել: Այս փուլում պատրվակներն արդեն անիմաստ էին: Ստիպված հետևեցի Մայակովսկիի խորհրդին, ով ասում էր՝ ինչ անել, ճշտելու համար, որ գետինը զառիվայր է: Ուղղակի արշավական ջինսս պետք է տուժեր իր տարբեր հարմար գրպաններով ու այլ մանրուքներով: Մայակովսկիին հեշտ էր խորհուրդներ տալ. իր ժամանակ ջինսե շալվարներ չկային… Անընդհատ սայթաքելով, քարերի բախվելով ու կապտուկներով ծածկվելով՝ ես ու ինձ պահել փորձող ընկերներս մի կերպ իջանք դեպի գետը: Ներքևում շունչ քաշեցինք ու հասկացանք, որ ձորն արժեր այս դժվարություններին. Ձորագետը մեզ պարգևատրեց այսպիսի տեղերին բնորոշ տեսարանների մի ամբողջ բույլով:

Գեղատեսիլ ջրվեժ, գետի վրայով անցնող կամուրջ, քարանձավներ… Գետի հոսանքի ուղղությամբ ամրոցից վերև գտնվող Ձորագետի մի փոքր հատված ունի տարօրինակ անուն ՝ Մայորի ձոր: Այս ձորի շուրջը դասավորված քարանձավներում ոստիկանությունից թաքնվող բոլշևիկներն էին ժողովներ անում: Տեղացիներն ասում են՝ նույնիսկ Շահումյանն է այստեղ եղել: Բայց նրանց պատմածից մայորի մասին ոչինչ այդպես էլ չկարողացանք իմանալ: Քիչ թե շատ հավաստի տեղեկություններ մեզ տրամադրեց մի ծերունի, որը նստեց մեր մեքենան ու առանց վարանելու պահանջեց, որ իրեն հասցնենք մայրուղի: Պատմեց, որ կես դար առաջ այստեղ ինչ-որ մայորի են գնդակահարել: Արդեն ոչ ոք չի հիշում՝ զինվորակա՞ն էր, թե՞ ոստիկան: Այդպես էլ այս մի քանի տասնյակ մետրը կապվել է նրա հետ: Ծերունին հինգ րոպե էլ չմնաց մեքենայում. իջավ, հասավ մայրուղուն՝ մեքենայի մեջ թողնելով դաշտի բույսերի ու ծաղիկների ու ախոռի թունդ հոտ: Ամեն մարդ չէ, որ նման համադրումը կհավանի. մեզ ամեն դեպքում տհաճ չէր…

Նրբագեղ քարե կամուրջը, որի ուրվագծերը մի քիչ հայկական եկեղեցու գմբեթի են նման, հեշտությամբ կապում է Ձորագետի ափերը: Հիանում էինք նրա պարզությամբ ու թեթևությամբ: Ընդմիջման ժամանակ էլ եկանք եզրակացության, որ հայկական միջնադարյան կամուրջների մեկ բացվածք ունենալու պատճառը ոչ միայն շինանյութ տնտեսելու հնարավորությունն էր նեղ լեռնային գետերի շնորհիվ, այլև այս գետերի ջրի սառնությունը: Հազիվ թե այն ժամանակների շինարարներն ուզենային մի քանի բացվածք անել՝ մինչև ծնկները կանգնած լինելով սառցե ջրի մեջ:

Ձորում ու կամրջի մոտ այնքան հաճելի է, որ այցելուներն այս տեղը դադարի վայր են դարձրել: Տիրում է կատարյալ մաքրություն. նույնիսկ չկան տարբեր մարդկանց անուններով գրությունները: Միայն քարերից մեկի վրա (ֆուտբոլասերները, երևի, չէին դիմացել) կարմիր, արդեն հնացած ներկով գրված էր «Արարատ» — «Դինամո» 2:0»: Անհայտ էր, թե միութենական ֆուտբոլային առաջնությունում հանդես եկող երեք «Դինամոներից» որ մեկն էր դարձել Արարատի զոհը:

Հիմա պետք է նույն չարաբաստիկ կոշիկներով հետ բարձրանայի: Պարզվեց՝ իջնելն ավելի հեշտ էր: Բայց ընկերներս կարողացան ինձ մի կերպ՝ կատակելով ու ծիծաղելով, հասցնել վերև՝ Լորիբերդի դարպասի մոտ:

Հնագիտություն

Ստեփանավանից եկող մայրուղին անցնում է երկու առանձնապես աչքի չընկնող գյուղերի միջով՝ Լեջանի ու Ագարակի: Երկրորդում, սակայն, անսպասելի ու հետաքրքիր հայտնագործություն արեցինք. հայկական եկեղեցիների ավանդական կրող սյուներն այստեղ ոչ թե քարից էին, այլ փայտից: Այդքան տարիների ընթացքում ահռելի գերանները պահպանել էին իրենց ամրությունը: Հավանաբար, դեռ երկար կծառայեն: Ագարակից դուրս գալով՝ բաց դաշտում մի քանի երիտասարդ տեսանք. ջանասիրաբար փորում էին մայրուղուց մոտ հարյուր մետր հեռու: Մտածեցինք՝ հնագետներ են, բայց պարզվեց, որ հնագետ միայն նրբակազմ աղջիկն էր, ով հազիվ էր կարողանում փոքր արևանոցի տակ պաշտպանվել այրող արևի ճառագայթներից, որոնցից արդեն շքեղ արևայրուկ էր ստացել: Ռուզանն ասաց, որ մենք կանգնած էինք աքեմենյան դարաշրջանի գերեզմանոցում: Իրոք, շուրջբոլորը տարբեր չափի դոլմեններ էին. մի մասը համարյա լրիվ թաղվել էր հողի մեջ, մյուսները հպարտ վեր էին խոյանում դաշտի վրա: «Այստեղ հաստատ հարուստ մարդ է թաղված եղել», - մեկնաբանեց Ռուզաննան, - տեսե՛ք գերեզմանն ինչ մեծ է և ուշադրություն դարձրեք ներսի քարերի որակին: Երկուսուկես հազար տարի եղել են անձրևի ու քամու տակ ու այսպես թարմ տեսք ունեն»: Գերեզմանները, իհարկե, թալանվել են՝ հավանաբար մեր թվարկությունից առաջ, բայց այստեղ այնուամենայնիվ գտնվում են գիտական արժեք ունեցող նյութեր, որոնց շնորհիվ պարզվում են քիչ ուսումնասիրված այդ դարաշրջանին վերաբերող շատ հարցեր:

Կոպիտ պեղումներով զբաղվում են մոտակա գյուղերի տղաները, սակայն երբ որևէ գտածո գալիս է լույս աշխարհ, գործը ստանձնում են Ռուզաննան ու իր ընկերուհին: Բահերը հանգստանում են. աշխատում են վրձիններն ու գոգաթիերը:

Տղաներից մեկը խնդրեց իրեն հասցնել մոտակա աղբյուրը: Պլաստամասե շշերն առած՝ շտապեցինք սառը ջուր բերել արևի տակ տապակվող հնագետներին:

«Ի՞նչ եք տանում» ՝ «Գրիբոյեդովին»

Այս տխուր հանդիպումն, իրոք, կայացել է հենց այստեղ 1829-ի հունիսին այն ժամանակ Բզովդալյան կոչվող լեռնանցքում: Վրաստանից Էրզրում գնացող Պուշկինը լեռան գլխին հանդիպեց Թեհրանում սպանված Գրիբոյեդովի դիակին: Լեռնանցքին հետո Պուշկինի անունը տվեցին: Ավելի ուշ՝ 1937-ին, երբ լրացավ նրա մահվան 100 տարին, լեռան գագաթին՝ հանդիպման վայրում, ուզեցին կառուցել աղբյուր-հուշարձան, բայց բարդ տեղանքի պատճառով որոշվեց այն տեղադրել մեկ կիլոմետր ներքև: Վերջերս էլ, երբ լեռան միջով թունել բացեցին, ստիպված եղան հուշարձանը տեղափոխել ու բերել Գարգառ գյուղի մոտ:

Պուշկինի լեռնանցքի 2037 մետր բարձրությունից ամբողջ Հայաստանը աչքերիդ առաջ է: Կարծես թե Վրաստանից էլ է մի կտոր երևում: Մեքենայով այստեղ հասնելը դժվար չէ, բայց քայլելու դեպքում պետք է լինել դիմացկուն ու համբերատար: Լեռնանցքի գագաթին ամբողջ ժամանակ համաչափ գվվոց կլսեք. հողմային էլեկտրակայանի անդադար աշխատող պտուտակներն են՝ 2005-ից գործող: Կայանը հիմա տարեկան 5 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրում: Շրջանի համար սա զգալի օգնություն է, որ նաև էժան է շնորհիվ լեռնանցքում գրեթե չդադարող քամիների, որոնք տարվա ցուրտ եղանակին է՛լ ավելի են ուժեղանում: Ձյան պես սպիտակ չորս հողմային կայանները երևակայական տեսք են հաղորդում ինքնին արտասովոր տեղանքին ու շատ լավ համադրվում դրան:
Ներքևում սև ձի նստած մեկը բլրով բարձրանում էր դեպի կայանները: Ձեռքին նիզակ էլ որ լիներ, կկարծեինք՝ Դոն Կիխոտն է, որ եկել էր՝ վերջնական հարված հասցնելու հայկական այլընտրանքային էներգետիկային:

Խոտհունձի ժամանակն է. էլեկտրակայաններից մի քիչ ներքև մոտակա գյուղերի ամբողջ աշխատունակ բնակչությունը՝ մեծ ու փոքր, մանգաղներն առած գործ է անում: Խոտի պաշարներն այստեղ ձեռքով են հավաքում: Միակ տեխնիկան բեռնատարներն են, որ հնձած խոտով ծանրաբեռնված, ծանր-ծանր տնքալով անցնում են անճանապարհ տեղանքով ու թեթևացած շունչ քաշում, երբ հասնում են գյուղական ճանապարհին: Նույն բեռնատարով գալիս են հերթափոխ հնձվորները՝ բերելով ուտելիք հոգնած աշխատողների համար: Միայն այծենակաճն ուսերին գցած հովիվն էր, որ հանգիստ նայում է այս գյուղական մրջնանոցին: Ինքն էլ իր հին տեսքով ասես նկարից իջած լիներ: Չէինք զարմանա, եթե հանկարծ պատմեր Պուշկինի հետ իր հանդիպման մասին: Չոբանն իշխում է կովերի ու ոչխարի ահռելի հոտը: Կենդանիներն այնքան շատ են, որ նույնիսկ մոտավոր թիվ չի լինում պատկերացնել: Հովիվն օգնականներ էլ ունի. Արտաքինից՝ սարսռազդու, բայց իրականում շատ մարդամոտ երկու շուն: Զգացինք, որ մեր լուսանկարչական տեխնիկան գրավել է նրա ուշադրությունը, ու որոշեցինք նման ինքնատիպ մարդու հետ խոսալու առիթը բաց չթողնել: Ճիշտն ասած՝ նրանից ինչ-որ հին ու մոռացված բարբառով խոսք էի ակնկալում: Փոխարենը հասկանալի ու գրական լեզվով հարցրեց, թե որ ալիքից ենք: Երբ ասեցինք, որ ամսագրում ենք աշխատում, խնդրեց իրեն տալ մեկ օրինակ: Թարսի պես այս անգամ հետներս ոչ մի համար չէինք վերցրել: Հովիվը հեշտ լուծում գտավ. առաջարկեց իրեն էլեկտրոնային տարբերակն ուղարկել: Այս բառերից ապշած՝ կանգնել էինք, մինչ նա հանգիստ այծենակաճի խորքերից դուրս քաշեց վերջին մոդելի սմարթֆոնն ու sms-ով մեզ ուղարկեց իր էլեկտրոնային հասցեն: Վերադարձանք մեր թվարկության 21-րդ դար…

«Ереван» ամսագիր, N11(70), 2011

Այս թեմայով