2008-ից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանում նախաձեռնել է Ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագիրը՝ ԱրմՌոբոտիքսը: Եվ արդեն 5 տարի շարունակ Ռոբոտաշինության Հայաստանի առաջնության շրջանակներում ԱրմՌոբոտիքսը կազմակերպում է ինքնակառավարվող կամ ավտոմատ կառավարմամբ սարքերի ցուցադրական մրցումներ:
Հունիսի 2-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայացավ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը: Ի տարբերություն նախորդ 5 տարիների, այս տարի թիմերի առջև բավականին բարդ խնդիր էր դրված:
Մասնակցության հայտ ներկայացրած 15 թիմերից եզրափակիչ էին անցել 5-ը: Մասնակիցներին հանձնարարված էր նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեին տարածքը, կգտնեին հատուկ նշանակետ թիրախը, և այնտեղ կգցեին մինչև 300 գ կշռող բեռ: Սարքերը պետք է կարողանային նաև առցանց ուղարկել թռիչքի ընթացքում կատարված պատկերները:
Ժյուրիի նախագահ Հրաչ Մակարյանի խոսքով' չնայած նմանատիպ մրցույթ մեր տարածաշրջանում առաջին անգամ է անցկացվում, այստեղ ներկայացված անօդաչու թռչող սարքերը փոքր-ինչ կատարելագործվելուց հետո, կարող են կիրառվել թե զինված ուժերում, և թե տնտեսության մեջ:
Բացի մասնակից թիմերի ելույթներից, հանդիսատեսին ներկայացվեցին նաև կրթական ծրագրերի ընթացքում կիրառվող, զանազան հնարքներ ու գործողություններ կատարող ռոբոտներ, 3D մոդելներ տպող և այլ սարքեր: Ելույթներն ընդմիջեցին Ավիամոդելային սպորտի ազգային ֆեդերացիայի անդամները, որոնք հանդիսատեսին ցուցադրական օդային մենամարտ ներկայացրեցին:
Մասնակից 5 թիմերի ելույթներից հետո հաղթող ժանաչված Eagle Eye, ինչպես նաև' 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին: Ձեռնունայն չմնացին նաև 4-րդ և 5-րդ տեղերը գրաված մասնակիցները: Նրանք նույնպես ստացան խրախուսական պարգևներ: