Եթե հնարավորություն ունենայիք, ո՞րը կընտրեիք՝ անտեսանելի դառնալո՞ւ, թռչելո՞ւ, թե կենդանիների հետ խոսելու ունակությունը:
Վաչե. Փոքր տարիքում, երևի, կուզեի անտեսանելի դառնալ: Հիշում եմ, որ տարված էի Հերբերթ Ուելսի «Անտեսանելի մարդը» գրքով: Բայց հիմա ամենաշատը կուզեի շփվել կենդանիների հետ. միայն տարիների ընթացքում հասկացա, թե ինչքան սքանչելի է կենդանական աշխարհը:
Գարիկ. ճիշտն ասած, ցավոտ կողմիս կպաք… Ամբողջ կյանքում մտածում եմ այս մասին ու չեմ կարողանում պատասխան գտնել: Ամեն դեպքում, եթե հինգ ամիս շարունակ ինձ ոչ մի տեղ չտեսնեք, ուրեմն իմացեք, որ առաջինն եմ ընտրել:
Արմուշ. կընտրեի թռչելու ունակությունը, քանի որ միշտ երազել եմ արծիվ լինել:
Ո՞վ էր ապրում ձեր անկողինների տակ, երբ փոքր էիք:
Գարիկ. ոտք բռնողն էր, հաստա՛տ:
Վաչե. երբ դեռահաս էի, անկողնուս տակ մերկ կանանց նկարներով ամսագրեր էին:
Արմուշ. իմ անկողնու տակ էլ վախենալու թզուկներ էին:
Ինչո՞ւ է ջուրը թաց:
Արմուշ. երբ շատ մեծ լինեմ, կգնամ Աստված պապիի մոտ ու կհարցնեմ: Երևի միայն նա գիտի ճիշտ պատասխանը:
Վաչե. ջուրը երևի շատ խորամանկ է. դիտավորյալ թրջվել է, որ անձրևի ժամանակ էլ չթրջվի:
Գարիկ. ամեն ինչ շատ պարզ է. ջուրը պարզապես քրտնում է, մինչև լեռներից հոսում, մեզ է հասնում:
Ե՞րբ են երեխաները մեծահասակ դառնում:
Արմուշ. երբ սկսում են լիարժեք խոսել ու շատ հարցեր տալ:
Գարիկ. հենց համացանց են մտնում, ինքնաբերաբար մեծանում են:
Վաչե. ո՛չ, այդպես չէ: Երեխաները մեծահասակ դառնում են 7-րդ դասարանում: Տարիքը կարևոր չէ. գլխավորը 7-րդ դասարանին հասնելն է:
Ինչո՞ւ է հնարավոր օտար լեզվով խոսել, բայց անհնար՝ շների ու կատուների լեզուն սովորել:
Գարիկ. ո՞վ ասաց, որ անհնար է: Լսել եմ նույնիսկ, որ շուտով առաջին հայերեն-շներեն բառարանն է հրատարակվելու: Հայերեն-կատվերեն չի լինի, քանի որ կատուների մլավոցն այդքան էլ հասկանալի չէ:
Վաչե. շներեն խոսելն իմ երազանքն է: Մի ժամանակ զբաղվում էի այդ լեզվով ու լուրջ հաջողություններ ունեի: Բայց մի անգամ Ռուսաստան գնացի, որտեղ շներն ընդհանրապես անհասկանալի բարբառով էին խոսում: Դրանից հետո հիասթափվեցի ու թողեցի այդ գործը:
Արմուշ. համաձայն եմ, հնարավոր է: Պետք է ուղղակի պարտաճանաչ կերպով հաճախել Հաֆ-Հաֆ քեռու ու Փիս-Փիս մորաքրոջ դասերին: