Միշտ բողոքում ենք մաքրությամբ զբաղվողներից, երբ օդում քամուց մեղմ քշվող տոպրակներ կամ ծամոնի թղթեր ենք տեսնում: Շատ աղոտ պատկերացում ունենք «անտեսանելի մարտիկների» աշխատանքի մասին: Հավաքարարները, աղբ հավաքողներն ու ջրցանները մարդկանց մի առանձին խավ են՝ անարժան կերպով գտնվող հասարակության ստորին շերտերում: Քաղաքի փողոցները մաքրելը միշտ համարվել է աշխատանքի ֆիզիկապես ամենածանր ու չսիրված տեսակներից:
Պաշտոնական տվյալով Երևանում օրական 442 հոգուց բաղկացած 25 խումբ է հերթապահում: Ի տարբերություն շատ եվրոպական երկրների, որտեղ կողմնակի եկամտի համար ուսանողներն են հավաքարարություն անում, Հայաստանում այս աշխատանքով զբաղվում են հիմնականում նախաթոշակային տարիքի կանայք: Հերթապահության դուրս են գալիս կեսգիշերն անց՝ զինված «քաղաքի հիգիենան» ապահովելու համար նախատեսված ամենապարզ միջոցներով՝ ավել, գոգաթի ու փոցխ: Կանոնավոր շարքերով առաջ են շարժվում, մաքրում աղբով լի բակերը, խուլ նրբանցքները, պողոտաները և այլն: Յուրաքանչյուր հավաքարարի հատկացված է 4000-5000 քմ:
Վաղ առավոտյան մոտակայքում գտնվող բակերից մեկում հանդիպեցի համազգեստով հավաքարարների խմբի: Սկզբում չնկատեցին կողմնակի անձանց. ասում-խոսում էին ու իրենց կատակներն անում. մտքներով չէր անցնի, որ երբևիցե որևէ մեկը՝ այն էլ լրագրող, այդքան համեստ մարդկանցով կհետաքրքվի: Կանանցից մեկը, իմանալով, որ իրենից էլ ենք ուզում հարցազրույց վերցնել, կասկածանքով չափեց ինձ ոտքից գլուխ, հետո համաձայնեց: Թամարան (այդպես ներկայացավ) ասաց, որ երկար տարիներ է զբաղվում փողոցների մաքրությամբ: Շատ բան էր հասցրել տեսնել այս ընթացքում. մի անգամ նույնիսկ ոսկե մատանի էր գտել: Ափսոսանքով ավելացրեց, որ հիմա մարդիկ ավելի ուշադիր են ու թանկարժեք իրեր չեն կորցնում:
Շուտով զրուցակցիս աշխատակիցները գործը թողած եկան, միացան մեզ ու սկսեցին պատմել կյանքի մասին՝ ծանր, կեղտոտ աշխատանք, ցածր աշխատավարձ: Միակ առավելությունը համեմատաբար ազատ գրաֆիկն է, ինչի շնորհիվ հնարավոր է ցերեկն ուրիշ տեղ աշխատել: «Բայց հերթապահության ժամանակ հաճախ այնքան ես հոգնում, որ հետո հազիվ տան գործերն ես կարողանում անել», - խոստովանեց նրանցից մեկը:
Բոլորը համակարծիք էին, որ ամենազզվելին մարդկանց վերաբերմունքն է սեփական քաղաքի հանդեպ: Աղբն ամենուր են թափում: Ալարում են հասնել աղբամանին. ինչ պատահի՝ նետում են ուղիղ մայթին: «Տուգանել է պետք: Կամ էլ թող ավելները տան ձեռքերն ու ստիպեն մաքրել իրենց թափածը», - դժգոհեց մյուսը:
Հավաքարարների կարծիքով «կեղտոտողների» ցուցակի առաջին տեղում աղբամանների պարունակությունը տակնուվրա անող փողոցի աղքատներն ու անտուն շներն են: Հետո այդ աղբը քամին ցրում է քաղաքով մեկ՝ հաճախ ծառերի վրա աղբից դրասանգներ կազմելով: Երկրորդ տեղում են տնային կենդանիների՝ մանավանդ շների տերերը, ովքեր զլանում են մաքրել սիզամարգերն ու «տհաճ հետքեր» թողնում: Ցուցակում առանձին տեղ ունեն տնային տնտեսուհիները. փայլեցնում են իրենց տներն ու հետո հավաքված աղբն առանց խղճի խայթի փողոց նետում:
Տարիների փորձի շնորհիվ հավաքարարները ըստ աղբի կարողանում են որոշել դրա տիրոջ բնավորությունն ու նյութական վիճակը: «Էլիտար տան աղբն էլ է էլիտար: Ինչ ասես չկա՝ նարնջի կեղևներ, խեցգետնի մնացորդներ, թորշոմած ծաղիկներ ու նման բաներ», - ասում է Թամարան: «Բայց խոզը փողով մարդ չի դառնում: Դրա համար էլ պատուհից դուրս են նետում իրենց «թանկ» աղբը»:
Հ.Գ. Նույն օրն աշխատանքի գնալիս այսպիսի տեսարանի ականատես եղա. արտասահմանյան մակնիշի սև մեքենան կտրուկ կանգնեց աղբամանների մոտ, մգացված ապակին իջավ ու աղբամանի ուղղությամբ լիքը տոպրակ թռավ: Թռավ, բայց տեղ չհասավ ու, թրմփալով գետնին, պատռվեց: Ամբողջ պարունակությունը հայտնվեց փողոցում. Թամարան ճիշտ էր ասում: