28 Մայիս 2013, 20:25
3217 |

Անկախության դրամը

1918-ի մայիսի 28-ին փլուզվեց Անդրկովկասյան հանրապետությունը և Հայաստանը հռչակեց իր անկախությունը։ Շուտով հայտնվեցին և նորաստեղծ հանրապետության խորհրդանիշները՝ զինանշանը, դրոշն ու հիմնը։ Իսկ 1919-ի օգոստոսին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետության տարադրամը՝ հայկական ռուբլին։ Այս արժույթը փոխարինեց անդրկովկասյան ռուբլուն, որը թողարկվում էր Անդրկովկասյան կոմիսարիատի կողմից և շրջանառվում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքում։

Անդրկովկասյան սեյմի կազմալուծումից հետո պետական տարադրամի հարցը դարձավ առաջնային, հատկապես որ Վրաստանն ու Ադրբեջանը արդեն սկսել էին իրենց փողի թողարկումը, ինչը կարող էր Հայաստանին ծանր տնտեսական խնդրի առջև կանգնեցնել։ Այդ պատճառով իշխող Դաշնակցություն կուսակցությունը շտապ իր ներկայացուցչին ուղևորեց Լոնդոն, որպեսզի վերջինս Եվրոպայի լավագույն՝ Waterlow and Sons տպագրատանը պատվիրի 50, 100 և 250 հայկական ռուբլի արժույթով թղթադրամներ։

Դիզայնի մշակումը վստահվեց գեղանկարիչ Արշակ Ֆետվաջյանին, որը հայտնի էր ջրաներկով նկարած Անիի պատմական հուշարձանների շարքով։ Ֆետվաջյանի սերը դասական հայկական ճարտարապետության հանդեպ այստեղ էլ էր երևում՝ հարուստ զարդանկարները, վիշապների և ֆանտաստիկ գրիֆոնների «քարե» պատկերները, իրոք, հին տաճարների պատեր են հիշեցնում։ Սակայն այստեղ կան և շատ այլ բնորոշ մանրուքներ՝ միջնադարյան մանրանկարներից վերցրած նախշերը, վիշապին թրով սպանած հրեշտակը, Արարատի տեսարանը և արծիվը՝ զինանշանի կարևոր սիմվոլը։ Այս արխայիկ ուժի կուլմինացիան ճախարակի մոտ ծնկաչոք մի կնոջ նկար է՝ առանց թրերի և հաղթական դիրքերի։ Թղթադրամների վրա անվանական արժեքը նշված էր արաբական թվերով և գրված հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն։ Ի դեպ, Արշակ Ֆետվաջյանը ոչ միայն փողի, այլև նամականիշերի դիզայնի հեղինակն էր։

Պատվիրված «լոնդոնյան» փողի ընդհանուր արժեքը կազմում էր 300 մլն ռուբլի։ Սակայն երկրում դրամի սուր պակասը ստիպեց իշխանությանը արագ թողարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության կտրոնները» 5, 10, 25, 50, 100, 250, 500, 1000, 5000 և 10 000 ռուբլի արժողությամբ։ Այս թղթադրամներն ունեին պարզունակ ձևավորում, ինչի պատճառով բնակչության վստահությանը չարժանացան։  Թողարկման ժամանակ նրանց փոխարժեքը անդրկովկասյան փողի փոխարժեքից 15%-ով ցածր էր։

1920-ի սկզբին Հայաստան հասավ «լոնդոնյան» փողի առաջին մասը՝ 189 մլն ռուբլի։ Այս գումարը բավական չէր ստեղծված իրավիճակը շտկելու համար, և կառավարությունը որոշում կայացրեց փոխանակել տեղական թողարկման կտրոնները անգլիականի հետ՝ 100-ը 1-ին հարաբերությամբ։ Այսպիսով, թղթադրամի անվանական և փաստացի արժեքը ուղիղ 100 անգամ տարբերվում էր՝ 50 ռուբլին 5000 արժեր։ Այսպիսի տնտեսական հնարքը թույլ տվեց շրջանառության մեջ գտնվող փողի գումարը հասցնել 18,9 մլրդ ռուբլու։

«Լոնդոնյան» ռուբլիները մանրադրամ չունեին՝ միայն «թուղթ» փող, որը շրջանառվեց շատ կարճ ժամանակ։ Սովետական իշխանության հաստատումից հետո դրան փոխարինեց երկրորդ անդրկովկասյան ռուբլին։

250 ռուբլի թղթադրամի դարձերես․ Լոնդոնյան թողարկում
250 ռուբլի թղթադրամի դարձերես․ Լոնդոնյան թողարկում
Հայկական 50 ռուբլի թղթադրամի երես․ Լոնդոնյան թողարկում
Հայկական 50 ռուբլի թղթադրամի երես․ Լոնդոնյան թողարկում
Հայկական 50 ռուբլի թղթադրամի դարձերես․ Լոնդոնյան թողարկում
Հայկական 50 ռուբլի թղթադրամի դարձերես․ Լոնդոնյան թողարկում
100 ռուբլի թղթադրամի երես․ Լոնդոնյան թողարկում
100 ռուբլի թղթադրամի երես․ Լոնդոնյան թողարկում
100 ռուբլի թղթադրամի դարձերես․ Լոնդոնյան թողարկում
100 ռուբլի թղթադրամի դարձերես․ Լոնդոնյան թողարկում
Առաջին հանրապետության չեկ՝ 250 ռուբլի նոմինալ արժեքով՝  թողարկված Հայաստանում
Առաջին հանրապետության չեկ՝ 250 ռուբլի նոմինալ արժեքով՝ թողարկված Հայաստանում
 
Այս թեմայով