Քալանթարյանի բնութագրմամբ՝ մեկնաբանի դերն է վերլուծել խաղը, չխոսել միայն այն մասին, ինչը հեռուստադիտողն այսպես թե այնպես տեսնում է: Ֆուտբոլ դիտողը ցանկանում է նայած խաղն ավելի լավ հասկանալ ու պատկերացնել, իսկ մարզական մեկնաբանի դերն է օգնել նրան այդ հարցում: Դե իսկ լավ օգնականն էլ արդյունքում դառնում է լավ ու սիրելի մեկնաբան ֆուտբոլասերների համար: Այս հետևությունները Քալանթարյանը տարիների փորձից ելնելով է արել: 2003-ին, երբ նոր է վերադարձել բանակից, պատկերացում անգամ չի ունեցել մարզական մեկնաբանի աշխատանքի նրբությունների ու առանձնահատկությունների մասին, չնայած որ սպորտով դեռ մանկուց է տարված եղել: Նախ սպորտային թեմաներով նյութեր է պատրաստել, իսկ 2004-ի Օլիմպիական խաղերի ջահը կրակ է վառել նաև նրա մարզական մեկնաբանի կարիերայում: Հենց այս Օլիմպիական խաղերի ժամանակ՝ ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում է նա առաջին անգամ եթերից ֆուտբոլ մեկնաբանել: Առհասարակ, տարբեր սպորտաձևեր է մեկնաբանում, մանավանդ՝ Օլիմպիական խաղերի ժամանակ, բայց հիմնականում կենտրոնացել է ֆուտբոլի վրա, քանի որ ամենամեծ ծավալով հենց ֆուտբոլն է լուսաբանվում:
Խոստովանեք, որ նկատել եք, թե ինչպես է հանդիպման ընթացքում մեկնաբանը երբեմն ակամայից որևէ թիմի մասին ուրիշ հույզերով ու սպասելիքներով խոսում, ինչից պարզ է դառնում՝ նա որ թիմին է երկրպագում: Օրինակ՝ Եվրոպայի առաջնության եզրափակչում Էդուարդ Քալանթարյանի ձայնի երանգները մի տեսակ ինձ հուշում էին, որ նա էլ Իսպանիայի երկրպագու է: Ինչպես ավելի ուշ պարզեցի, չեմ սխալվել, նա սիրում է իսպանական ֆուտբոլ, երկրպագում է «Բարսելոնային»: «Շատ դժվար է զսպել անձնական հույզերը: Սկզբում ավելի դժվար էր, քանի որ անփորձ էի ու չգիտեի՝ ինչպես զսպեմ հույզերս: 2-3 տարվա ընթացքում ինձ հաջողվեց գտնել ճիշտ ձևը, որպեսզի մյուս թիմի երկրապագուները չզգան իմ նախապատվությունը: Սովորեցի եթերում չեզոք լինել, եթե առաջ չէի կարող բացականչել «գոլ», երբ գնդակ էր խփում իմ չսիրած թիմը, ապա այժմ ես դա կարողանում եմ անել մեծ ոգևորությամբ»:
Լավ մեկնաբան լինելու համար Էդուարդ Քալանթարյանը երկու նախապայման է առանձնացնում. նախ պետք է լավատեղյակ լինել մարզաձևից, որը մեկնաբանում ես և պետք է շատ լավ տիրապետես հայերենին: Այս երկուսից ցանկացածի բացակայության պարագայում ոչինչ չի օգնի լավ մեկնաբան լինել. էմոցիա, հետաքրքիր արտահայտություններ՝ այս ամենը պարզապես լրացնում ու հարստացնում են մեկնաբանումը: Իհարկե, լավ մեկնաբանման համար վայրն էլ է էական: Օրինակ՝ ահռելի տարբերություն կա ստադիոնից ու տաղավարից մեկնաբանելու միջև. «Էկրանից ու ստադիոնի տրիբունայից տարբեր ֆուտբոլներ ես տեսնում», — ասում է Էդուարդը: Հայաստանի հավաքականի տեղում ու արտագնա անցկացվող բոլոր հանդիպումները մեկնաբանվում են ստադիոնից ու տարբերությունն ակնհայտ է, — վստահ է նա: Իսկ միջազգային մրցաշարերի ժամանակ, մեր մարզական մեկնաբանները տեսնում են այն, ինչ տեսնում է հեռուստացույցի առջև նստած ցանկացած ֆուտբոլասեր: «Այդպես շատ դժվար է դառնում ասել մի բան, որը դիտողն ինքը չի նկատել: Իսկ ստադիոնից մեկնաբանելիս դու միանշանակ ավելի շատ բան ես տեսնում, ավելի հետաքրքիր է դառնում քո մեկնաբանությունը, ավելի շատ բան ունես ասելու: Շատերն ինձ հարցնում են՝ սովորական հեռուստացույցով ենք դիտու՞մ, ինչպես իրենք: Ասում եմ՝ այո: Ասում են՝ բա ո՞նց եք տարբերում ֆուտբոլիստներին: Դե դա էլ արդեն մեր մասնագիտության նրբություններն են, որ արդեն անգիր գիտենք ֆուտբոլիստին՝ նրա խաղաոճը, տեխնիկան»:
Ցանկացած ֆուտբոլասեր ունի իր սիրելի ու ոչ այդքան սիրելի մարզական մեկնաբանը: Երբ սովորում ես մեկնաբանի ոճին, ձայնին, դժվար է վարժվել մեկ ուրիշին: «Օրինակ՝ ռուսական մեկնաբաններին նախընտրելը սերնդի հարց է: Ասենք՝ միջինից բարձր տարիքի մարդիկ մեծացել են ֆուտբոլի ռուսերեն մեկնաբանություն լսելով, բնականաբար, հայերեն սպորտային լեզուն նրանց ականջին խորթ է: Իսկ ավելի երիտասարդները հայերեն խոսող մեկնաբաններին են սիրում, քանի որ դրան են վարժվել: Քանի դեռ այս գործով չէի զբաղվում, ես էլ էի նախընտրում ռուսական մեկնաբաններին, բայց հետո հասկացա, որ էական տարբերություն չկա, պարզապես սովորելու վրա է: Հիմա միայն հայկական մեկնաբանումով ֆուտբոլ եմ դիտում: Նախ ինձ համար լավ փորձ է, բացի այդ ավելի հաճելի է ականջիս»: Ի դեպ, լեզվի մասին. լեզուն էլ պիտի սիրի ու հարմարվի ոլորտին, որտեղ այն կիրառում ես: Քալանթարյանի կարծիքով՝ հայերենը սպորտային մեկնաբանման համար ավելի սահմանափակ լեզու է, քան, ասենք, ռուսերենը: Այն, ինչ կարող ես ընթացքում ասել ռուսերեն, գուցե չկարողանաս ձևակերպել հայերեն:
«Մյուս կողմից էլ սիրելի ու հետաքրքիր մեկնաբան մնալու համար մեկնաբանները պետք է անընդհատ աշխատեն իրենց վրա՝ գնան ժամանակին համընթաց, հետևեն բոլոր զարգացումներին ու նորություններին, քանի որ ֆուտբոլասերները աստիճանաբար ավելի պահանջկոտ ու գիտակ են դառնում, իսկ նրանց գոհացնելն ավելի է բարդանում», — նկատում է Էդուարդը: Իսկ մարզական մեկնաբան դառնալ երազողներին, ուղղակի զգուշացնեմ, որ նման մասնագետներ պատրաստող հաստատություն Հայաստանում չկա, այնպես որ մեկնաբանողներն ինքնուրույն են սկսում, կատարելագործվում ու ձգտում ավելի որակյալ արդյունքների:
Երբևէ կմտածեի՞ք, որ ֆուտբոլային մեկնաբանը կարող է մեծ ցանկություն կամ երազանք ունենալ՝ նստել տանն ու ֆուտբոլ դիտել: «Կարոտում ես այդպես ֆուտբոլ նայելուն: Իհարկե, միշտ չէ, որ դու ես վարում, երբեմն նստում ես, տանն ես նայում: Բայց ամեն դեպքում, երբ տանից ես նայում, ուշք ու միտքդ ստուդիայում է և հակառակը: Մեկնաբանելով ֆուտբոլ դիտելը միանշանակ իր հաճույքն ունի», — ասում է Քալանթարյանը:
Իհարկե, գործընկերների միջև «բախումները» անխուսափելի չեն անգամ այս մասնագիտության մեջ: Ի վերջո, եթե խաղը երկուսով են մեկնաբանում և երկուսն էլ հակառակորդ թիմերի են երկրպագում, ակամայից մրցակցություն է առաջանում: «Այսպիսի իրավիճակ միշտ Արմեն Մելիքբեկյանի հետ է առաջանում: Կարևոր չէ, թե ինչ մրցաշար է ու ինչ կարևորության խաղ. օրինակ՝ եթե խաղը վարելիս ես համակրում եմ «Միլանին», ինքը միանշանակ «Ինտերին» պիտի երկրպագի»:
Էդուարդ Քալանթարյանն հիմա արդեն համարձակ ու ծիծաղելով է իրեն թույլ տալիս հիշել, թե ինչպես է մի անգամ շատ պատահական աչքը կպել խաղը վարելու ընթացքում. «Դեռ իմ կարիերայի սկզբում էր, երբ երիտասարդ ու անփորձ էի: «ՀայTV» հեռուստաընկերությամբ վարում էի Ֆրանսիայի առաջնության հանդիպումներից մեկը, որը շատ ուշ ժամի էր: Շատ հոգնած էի, ու ինքս էլ չէի զգացել ինչպես աչքս կպել էր: Արթնացա այն պահին, երբ գոլ էր գրանցվել, բայց լավ ստացվեց, անմիջապես սկսեցի մեկնաբանել: Կրկնապատկերն էլ միանգամից ցույց տվեցին, և ես այնպես մեկնաբանեցի, կարծես թե գոլը տեսել էի, պարզապես ուշ արձագանքեցի: Իհարկե, նման միջադեպեր պատահում են, բայց, որպես կանոն, այս աշխատանքը լուրջ մոտեցում է պահանջում: Ես աշխատում եմ խաղից առաջ հանգստանալ, կնունք, ծնունդ, հարսանիք չգնալ, որ խաղը սթափ վարեմ»:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2012