23 Մայիս 2013, 11:22
179 |

Անկուկուռուզ քաղաքը

Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը, նույն ինքը Գոռ Գրիգորյանը, իրեն իսկական երևանցի է համարում և վստահեցնում՝ մեկ օր անգամ չի կարողանում ապրել առանց սիրելի մայրաքաղաքի: Նա նկատում է քաղաքի թերությունները, բայց փորձում է դրանք լրացնել առավելությունների հաստ շերտով:

Երրորդ մասի լեգենդար ծննդատանն եմ ծնվել: Ընտանիքիս առաջնեկն եմ, հորս ծնողների առաջին թոռն եմ: Ծնողներս բժշկական համալսարանի ուսանողներ էին, ու կուրսում էլ առաջին երեխան եմ եղել: Երբ հայրս իմացել է, որ տղա է ունեցել, ուրախությունից խմել է ընկերների հետ ու մոռացել հիվանդանոց գալ:

Օլեգ Կոշևոյ 5, այժմ Մանթաշով 5 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկի երեք սենյականոց բնակարանում եմ մեծացել: Մեր ընտանեկան բույնն էր. բազմամարդ ընտանիք էինք՝ 11 հոգով էինք ապրում: Մինչև 4 տարեկան այնտեղ եմ բնակվել: 10 տարի Ռուսաստանում ապրելուց հետո վերադարձանք ու մինչև ինստիտուտի տարիները այնտեղ ապրեցինք: Այժմ բնակվում եմ Դավթաշենում: Հիմա ավարտում ենք Օշակա նում գտնվող մեր տան կառուցման աշխատանքները, բայց Երևանը միշտ սրտումս է:

Համար 5 և 3 շենքերի միջև ֆուտբոլի դաշտն էր: Առավոտից երեկո գնդակ էինք գլորում: Հիմնական խաղերը չեզոք դաշտերում էին տեղի ունենում: Թաղամասի առաջնության խաղերը հարևան բակում էին կայանում: Իսկ չեմպիոնական խաղը անցկացվում էր սպորտ դպրոցի բակում:

Երեք տարեկան էի, երբ հայրս մարզադաշտ տարավ ինձ՝ «Արարատը» «Շախտյորի» հետ էր խաղում: Մերոնք հաղթեցին: Հիմա ես եմ հորս ֆուտբոլի խաղեր դիտելու հրավիրում: Ի դեպ, փոքր տղաս էլ է ֆուտբոլ սիրում:

Բակում ավտոտնակներ կային, որտեղ իրականանում էին մեր բոլոր մանկական չարաճճիությունները՝ առաջին ծխախոտը, էրոտիկ բնույթ կրող լուսանկարների ուսումնասիրությունը, նաև սիրո խոստովանությունները: Մեր բակում կար տաղավար՝ բեսեդկա, ցայտաղբյուր, որի առատ ջրով ջրում էինք բոլորին: Խաղողի վազեր էին աճում, մենք էլ դրանց վրայով բարձրանում ու մեր բնակարան էինք մտնում:

Երբ գալիս էին Երրորդ մասի հայտնի աղբատար մեքենաները, մենք իջեցնում էինք աղբը՝ օգտվելով առիթից պայմանավորվում էինք, թե ի՞նչ ենք խաղալու երեկոյան, որտե՞ղ ենք հանդիպելու և ու՞մ հետ ենք կռվելու: Հետո Անիկ տատիկի հացի խանութում էինք հավաքվում: Նրա թոռնիկը՝ Արթուրը, մեր մտերիմ ընկերն է: Անիկ տատիկը հիմա չկա, իսկ Արթուրը հրուշակեղենի բիզնես ունի:

Մեր տան պատշգամբում իմ ռոք-լաբորատորիան էր: Դռան ապակու փոխարեն Օզի Օզբորնի պաստառն էր: Պատերին էլ էին պլակատներ փակցված: Դինամիկները դեպի դուրս էի դրել՝ ամբողջ բակում ռոք էր հնչում՝ Deep Purple, Led Zeppelin, Kiss: Հարևաններից շատերը բողոքում էին:

Բելինսկու անվան ռուսական դպրոցն եմ ավարտել: 1989 թվականն էր՝ Ղարաբաղյան պատերազմ, հանրահավաքներ: Դպրոցում մենք նույնպես «ապստամբում էինք»՝ պահանջում, որ կրենք այն, ինչ ուզում ենք: Հասանք մեր ուզածին, բայց երջանկությունը երկու օր տևեց, որովհետև մետալիստների հագուստով դպրոց եկանք: Երբ արդեն Եգոր Գլումով դարձա, դասատուները սկսեցին սիրել ինձ, նույնիսկ հրավիրել միջոցառումների, իսկ մինչ այդ ինձ հիշում էին որպես չարաճճի, ապստամբ աշակերտ: Միակ մարդը, ով միշտ սիրում էր ինձ, մեր տնօրենն էր՝ Գեորգի Լազարիչը:

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվեցի՝ տեխնիկական կիբեռնետիկայի բաժին: Հինգերորդ կորպուսում դեռևս կա այն տեղը, որտեղ հաճախ նստում էի, պահպանվել են նաև պատերին ու նստարաններին արված գրությունները: Կուրսի ավագն էի ու հինգ տարի շարունակ թոշակ էի ստանում:

Մի անգամ կնոջս ընկերուհուն՝ Մարիշա Շաբանովային, ով «Ռադիո Վանում» էր աշխատում, ասացի, որ չեմ հավանում իրենց ռադիոկայանը: Նա նեղացավ, կինս էլ չէր խոսում ինձ հետ: Հետո Մարիշան ասաց, որ եթե այդքան խիզախ եմ, ուրեմն պետք է գնամ ու ասեմ կարծիքս Շուշանիկ Ռոբերտովնային: Նրա մոտ գնացի, ասացի որ հայոց բանակի կապիտան եմ ու ոչինչ չեմ առաջարկի: Բայց նա պնդեց, որ նախագիծ ներկայացնեմ: Բանակում այլևս հետաքրքիր չէր ինձ, նախագծեր մտածեցի ու ներկայացրեցի Շուշանիկ Ռոբերտովնային: Փորձեցինք, ու ես սկսեցի աշխատել ռադիոյում՝ որպես ծրագրերի բաժնի տնօրեն:

Հեռուստատեսային կյանքս սկսվեց Կիևյան փողոցում գտնվող «Շանթ» հեռուստաընկերությունից, որտեղ «Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում ժյուրիի անդամ էի: Հետո աշխատեցի «Նոր ալիքում»՝ որպես «Մերկ ճշմարտություն» ծրագրի հաղորդավար, հետո հեռուստատեսային կյանքս շարունակվեց ATV-ում:

Առաջին մասիվում՝ Հայկի արձանի դիմացի շենքերից մեկում, ծանոթներիցս մեկի ծնունդն էր, երբ առաջին անգամ հանդիպեցի կնոջս: Երրորդ կուրսում էի, նա էլ՝ ութերորդ դասարանում: Միստիկ պատմություն է: Տարիներ անց, բանակում մի երազ տեսա, որ սահմանում լարված վիճակ է ու ազդանշանորդը ասում է, որ ինձ մի աղջիկ է կանչում: Դուրս եմ գալիս ու տեսնում եմ, որ հենց այդ նույն աղջիկն է, ում անունը անգամ չգիտեմ: Լուրջ վիրավորվել էի, Երևանում գտնվող հոսպիտալ տեղափոխեցին: Տղաներին խառնեցի իրար ու մեծ դժվարությամբ գտանք նրա կոնտակտները՝ նրա քույրը ընկերներիցս մեկի դասարանից էր:

Պոպլավոկում էր առաջին հանդիպումը Մարիամի հետ: Հուլիսն էր: Հետո նա մեկնեց Ղարաբաղ: Ես նրան նամակներ էի գրում, բայց չէի ուղարկում: Երբ վերադարձավ, տվեցի նրան այդ նամակները: Պարզվեց, որ զոքանչս կարդացել էր դրանք ու ասել՝ այս տղան կա՛մ աննորմալ է, կա՛մ քեզ շատ է սիրում:

Բրյուսովի անվան համալսարանի կողքը McDuk անունով մի սրճարան կար: Այնտեղ Մարիամն ասաց, որ մայրիկը բողոքում է ու պետք է սկսենք շաբաթը երկու անգամ հանդիպել՝ համաձայնեցի: Գնացի տուն ու ասացի, որ շաբաթ օրը գնում ենք աղջիկ ուզելու: Նոյեմբերն էր: Դեկտեմբերին զագս գնացինք՝ Կուկուռուզնիկում: Մենք ջինսերով էինք: Ի դեպ, Կուկուռուզնիկը ափսոս էր: Երևանն առանց այդ շենքի նույնն է, ինչ ամառվա կեսին դահուկներով գործի գնալը:

Դու հասկանում ես, թե ով ես ու որտեղ ես ապրում միայն այն ժամանակ, երբ թեկուզ մեկ օրով լքում ես հայրենիքդ: Հասկանում ես, որ հենց հայրենիքդ է ամենից լավ վայրը աշխարհում՝ քո տունը, բակը, ընտանիքը, գործընկերները, հարևանները, ավտոմեքենան, փողոցները, քաղաքը, ջուրը, հացը: Չնայած բոլոր թերություններին, երբ համեմատում եմ քաղաքս այլ վայրերի հետ, հասկանում եմ՝ նա ամենալավն է:

Հենց ինքնաթիռ եմ նստում, միանգամից սկսում եմ կարոտել Երևանը: Հավանաբար դա կապված է նրա հետ, որ երբ ծնվել եմ, մորս կաթն եմ խմել, որի բաղադրության 90 տոկոսը երևանյան ջուրն է:

Որտեղ էլ որ հանգստանում եմ, անպայման վերադառնում եմ Երևան՝ նորից հանգստանալու:

Օդանավակայանից վերադառնալուց Երևանը ինձ համար Կոնյակի գործարա նից է սկսվում: Այդ հատվածում միշտ հոգոց եմ հանում ու հասկանում՝ իմն է: Երևանում ամեն հատվածը հարազատ է ինձ՝ Խանջյան փողոցը, որտեղ աշխատում եմ, կրկեսը, որտեղ ձյուդո եմ պարապել, Կոմայգին, որտեղ դպրոցական տարիներին ֆիզկուլտուրայի դասերն էինք անցկացնում, երրորդ մասը՝ տունս ու դպրոցը…

Ինձ զարմացնում է Հյուսիսային պողոտան՝ իր մեռած ֆասադներով և պարբերաբար այնտեղ զբոսնող ու ոչնչով չզբաղվող երիտասարդներով: Մեր ժամանակ Շենգավիթ կանգառում մետրո էինք նստում ու հասնում Լենինի հրապարակ: Այնտեղից ոտքով բարձրանում էինք Երիտասարդական ու զբոսնում Աբովյան փողոցով: Աբովյանը նույնիսկ չի կարելի համեմատել Հյուսիսայինի հետ:

Երևանը զարգանում է: Կարծում եմ՝ մեր երեխաները հետագայում կսիրեն նորակառույց շենքերը: Բայց ինքս կարոտում եմ մեր Երևանը՝ հին տները Մաշտոցի պուրակում, Կուկուռուզնիկը:

Ես երազում եմ Երևանում գրախանութ ունենալ: Այն կգտնվեր փոքր կենտրոնում, մարդիկ այդտեղ սուրճ, թեյ, ինչու՞ չէ, նաև գարեջուր կըմպեին ու գրքեր կկարդային:

Երևանում մարդիկ երբեք չեն սովորի ճիշտ երթևեկել: Չի փոխվի սրճարանային մշակույթը, մանավանդ՝ ամռանը: Անփոփոխ կմնա ջրի համը: Ինձ համար միշտ անփոփոխ կլինի նաև անվտանգության զգացումը:

Առաջիններից էի Երևանում պատռած ջինսե տաբատ կրում ու ունեի երկար մազեր: Եթե այն թվերին ազատ էի, այսօր ինձ առավել ևս ոչինչ չի սահմանափակում:

Չեմ սիրում, երբ փողոցում զբոսնելու կամ երեխաներիս հետ հանգիստը վայելելու ընթացքում ինձ լուսանկարում են կամ ուզում են լուսանկարվել ինձ հետ: Ես, եթե նույնիսկ Շարլ Ազնավուրին հանդիպեմ փողոցում, կժպտամ, բայց երբեք չեմ մոտենա ու անհանգստացնի:

Երևանը փշատով է բուրում, ոչ մի այլ տեղ այդ հոտը չեմ զգացել:

Բոլորը ասում են, որ Երևանը վարդագույն է: Ինձ համար Երևանը սև տուֆը, մոխրագույն բազալտն ու կապույտ երկինքն է: Այն բազմերանգ է՝ մուգ, ջերմ գույների մեջ:

Պարզապես սիրում եմ Երևանը: Երևանը ոչ թե իմ քաղաքն է, այլ հարազատս է: Այստեղ ինձ մեծատառով մարդ եմ զգում:

Արարատին եմ նայում ամեն օր: Մանկուց գիտեի՝ մի օր դիպչելու եմ Արարատին: Այդպես էլ եղավ: Այժմ ամեն օր, երբ տեսնում եմ գագաթը, զրուցում ենք միմյանց հետ, զգում եմ տրամադրությունը: Երբ նյարդայնացած եմ, հերիք է նայեմ Արարատին ու միանգամից հանգստանում եմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է անպայման մի օր դիպչի Արարատին: Երազում եմ որդուս հետ Արարատի գագաթը բարձրանալ:

Երևանը ինձ համար շնչավոր էակ է: Մեքենա վարելիս կռվում եմ Երևանի հետ, նաև աղբի, մարդկանց հետ, որ էլի Երևանն են: Ի դեպ, երբ արագ եմ վարում մեքենաս, Երևանը նախատում է ինձ:

Կյանքիս բոլոր ճշմարտությունները Երևանում են ծնվել՝ ընկերությունը, սերը, դավաճանությունը, հիասթափությունը, խփած գոլը, հորս հետ առաջին տղամարդկային խոսակցությունը:

Երևանում ընկերությունը այլ մակարդակի վրա է: Այստեղ նորմալ է, որ քեզ կարող են զանգել գիշերվա ժամը 2-ին օդանավակայանից, ու 30 րոպե անց դու արդեն այնտեղ ես՝ դիմավորելու ընկերոջդ: Մենք սովորում ենք այդ լավին, իսկ հետո մեկնում ենք այլ երկրներ ու բացահայտում սառը ու դաժան հարաբերությունների իրականությունը:

Չնայած, որ Երևանը մեծահասակ է, դու-ով եմ դիմում նրան, չէ՞ որ ծնողներիս, նույնիսկ զոքանչիս հետ եմ դու-ով խոսում:

Երևանի հետ երբեք մենակ չեմ մնացել: Միշտ մեզ հետ են, օրինակ՝ կոշկակարը կամ աղբատար մեքենաների վարորդները:

 «ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2012

 

Այս թեմայով